Hovhannes Tumanyan

Դժոխքի հանդեպ

Հո՜ւշ. հասավ օրը՝ վերջի՜ն, ահավո՜ր։
Սըրով ու հըրով բացվում էն էսօր
Հայոց դըժոխքի դըռներն ամրափակ.
Սարսափի պիտի աշխարհքը համակ,

Եվ մարդն ամաչի գիլից ու շանից,
Որ մարդ է ծընվել՝ մարդու նըմանից։
Ո՜ւհ, ինչքա՜ն մութն է գարշահոտ ու պաղ...
Ինչքան ոսկորնե՜ր, կըմախքնե՜ր անթաղ...
Էլ ի՞նչ կա հեռվում... հեռվի խավարում...

Ով է իմանում... ում աչքն է զորում...
Մեջտեղը մենակ, ժեռուտ բարձունքին,
Կանգնած է մայրը հողմերի տակին.
Որդու արյունը իր ձեռքն են տըվել.
Խըմիր սուլթանի կենացը դու էլ...

Եվ նա, որ մարդ էր ու մայր էր երեկ,
Այժըմ, էն ժայռին կանգնած կիսամերկ,
Անուժ ու ապուշ խելագար է մի,
Բաժակը ձեռքին, որ պիտի խըմի...
Կանգնած է մենակ, և լոկ մոլեգին

Հողմերն են ոռնում, ու նըրանք չորս դին...
Բայց՝ հո՜ւշ. լռությո՜ւն... մըթին, ահավոր
Երկինք են նայում կըմախքները չոր,
Ու իրենց կարկամ շըրթունքները բաց՝
Խո՜սք են ասելու աշխարհքի դիմաց,

Խոսք, որ չի լըսված դեռևս լուսնի տակ...
Սարսափի պիտի աշխարհ բովանդակ
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից
Որ մարդ է ծընվել մարդու նըմանից։

1916

Be the first who will comment on this
Yatuk Music
Recalling
David Balasanyan

Recalling

An ancient land, a native land
An ancient land, a native land
Play Online