Grig

Երկու սիլուետ

Առավոտյան թերթերի առաջին էջերին ոստիկանության շտապ հայտարարություն-նախազգուշացումն էր, որն ապշեցրել էր բնակիչներին.

«Կոլեկցիոներներին և հին իրերի սիրահարներին. եթե ձեզ հանդիպի նկար, որի վրա երկու սիլուետ է պատկերված, իսկ ետևում «Վատ մարդկանցից ոչինչ մի՛ վերցրու» գրառումն է, խնդրում ենք շտապ հայտնել ոստիկանության մոտակա բաժանմունք: Ոչ մի դեպքում նկարը չպահեք ձեզ մոտ, այն վտանգավոր է կյանքի համար...»:

Շուտով ի հայտ եկան նոր մանրամասներ: Տարօրինակ նկարը, պարզվում է, դրամատիկ պատմություն ուներ. բոլոր քսան մարդիկ, ովքեր ձեռք էին բերել այն, կարճ ժամանակ անց մահացել էին՝ նետվելով պատուհանից: Քննիչները չէին կարողանում բացատրություն տալ, սակայն հետաքննությանը մասնակցող հին իրերի մասնագետները համոզված էին՝ նկարը սովորական չէ, այն կարող է խելագարության հասցնել...

Երբ նկարը գտնվեց, քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանությունը կալանք կիրառեց իրի նկատմամբ: Մասնագետները արդարադատությանը ներկայացրին իրենց միակ եզրակացությունը, թե նկարը հավանաբար ականատես է եղել դաժան սպանության, գուցե դրա առաջին սեփականատերերից մեկին կամ անհայտ նկարչին, ում վրձնին է պատկանում չարաբաստիկ նկարը, սպանել են նկարի առջև, և այն կլանել է բացասական էներգիան, մահվան սարսափը կուտակել ներսում ու այդ ժամանակից ի վեր իր մեջ թաքցրած մարդկային տանջանքներն ամեն անգամ փոխանցում է նոր սեփականատիրոջը:

...Հետաքննության ավարտից հետո թերթերից մեկում քսան զոհերի անունների հետ առաջին անգամ հրապարակվեց նաև տղամարդու անունը, ում հաջողվել էր ողջ մնալ, և ում շնորհիվ ոստիկանությունը հայտնաբերեց նկարը: Տղամարդը Գուրգենն էր:

Ամեն ինչ սկսվեց հեռախոսազանգից: Բազմոցին նստած՝ նա սովորության համաձայն «Անտիկվարիատ» ամսագիրն էր թերթում, որի հավատարիմ բաժանորդն էր արդեն քանի տարի և որը ստանում էր փոստով, երբ հեռախոսը զնգաց։

– Դա,– լսափողը մոտեցնելով ականջին՝ անկիրք ասաց:

– Ալո, ալո,– լսվում էր լսափողի հակառակ կողմից, տղամարդու ձայնն անընդհատ կրկնում էր «ալո»-ն, կապը վատն էր,– ալո, ինձ լսո՞ւմ եք, Տիգրանին եմ խնդրում:

– Էստեղ Տիգրան չկա, սխալվել եք:

Գուրգենը կախեց լսափողն ու դժգոհ փնթփնթալով՝ տեղավորվեց բազկաթոռին, բայց ամսագիրը չվերցրած՝ հեռախոսը կրկին զնգաց:

– Ալո, ալո, Գուրգենին եմ խնդրում,– նույն ձայնն էր:

– Գուրգենը ես եմ, ո՞ւմ հետ եմ խոսում,– անակնկալի գալով, որ անծանոթն այս անգամ իր անունը տվեց, շփոթված հարցրեց:

– Ես Ռուբենն եմ... Լսել եմ՝ հին իրերի սիրահար եք...

Տղամարդը ցրված էր խոսում, խոսքի մեջ ակնհայտ շտապողականություն կար: Ասում էր, թե մեդալներ, մետաղադրամներ ու բազում հին իրեր ունի, որ շտապ վաճառում է:

– Էսօր ամբողջը պիտի ծախեմ, վերջացնեմ, վաղը ինքնաթիռս թռչում է... Ճիշտն ասած՝ ես էդքան էլ գլուխ չեմ հանում՝ որ թվի են, ինչ են, հասցես ամեն դեպքում ասեմ, էսօր որ անցնեք, հոյակապ կլինի...

Կախելով լսափողը՝ Գուրգենը երկմտանքով նայեց թղթին, որի վրա հասցեն էր գրանցել: Առաջին անգամ չէր, որ անծանոթ մեկը զանգում, առաջարկում է հին իրեր գնել. քաղաքում հազիվ թե ճարվեր հնավաճառ, որից բան գնած կամ հարց ու փորձ արած չլիներ, բոլորն էլ ճանաչում էին իրեն ու գիտեին իր նախասիրության մասին, ուստի առավոտյան զանգն այնքան էլ անակնկալ չէր: Շատ էր պատահել, որ հենց այդպիսի զանգերից հետո տուն էր վերադարձել «հաջողված ավարով»:

Ասում էին՝ ամեն ինչ սկսվել է կնոջ մահից հետո, երբ կինը հանկարծամահ է եղել, պարզապես՝ մի առավոտ չի արթնացել։ Այդ ժամանակից ի վեր սկսել է հին իրեր հավաքել, ոչ ոք ստույգ չէր կարող ասել՝ իրականում ինչ կապ կա դրանց միջև, իսկ նրա սակավախոս ու մենակյաց բնավորությունն ավելի էր բորբոքում մարդկանց երևակայությունը: Պատմություններ էին պտտվում՝ իբր մի օր խոստովանել է, թե կնոջ մահից հետո ամեն անգամ երբ տուն է մտել, պակասության, կիսատության զգացողությունը ճնշել է: Չցանկանալով համակերպվել այդ վիճակին՝ դատարկությունը լցնելու համար սկսել է հին իրեր հավաքել... Շատ բաներ էին խոսում մարդիկ, հատկապես հայտնի նկարի հետ կապված պատմությունից հետո, սակայն մի բան հաստատ էր. նրա տունը լցված էր պատմական տարբեր ժամանակների ու տարբեր ազգերի մանր-մունր իրերով, որոնք չնայած մեծ արժեք չէին ներկայացնում, սակայն մանկան պես ուրախանում ու հպարտանում էր դրանցով: Ամեն անգամ ճաշից հետո, երբ տրամադրությունը տեղն էր լինում, խնամքով մաքրում էր սեղանը, սրբում խոնավ շորով ու կողք կողքի շարելով իրերը՝ ժամերով ուսումնասիրում էր, համեմատում միմյանց հետ: Հատկապես մեծ հաճույք էր ստանում ֆաշիստական Գերմանիայի շքանշանների իր հավաքածուից, որովհետև ամենադժվարը դրանք էին տրվել, և հետո քաղաքում ոչ բոլորը կարող էին հպարտանալ այդպիսի հավաքածուով:

Հասցեով թուղթը մատների մեջ խաղացնելով՝ հյուրասենյակի մեջտեղում կանգնած դեռ մտորում էր՝ այցելի՞ արդյոք անծանոթին, երբ Ադադան, սահելով պատշգամբի բազրիքի վրայով, հայտնվեց հատակին։

– Եկա՞ր, արդեն պատրաստվում էի առանց քեզ սկսել, դե արի՛, արի՛, տեսնենք ինչ ենք անում,– նկատելով կատվին՝ ժպտաց ու թուղթը սեղանին դնելով՝ գնաց խոհանոց: Ադադան շտապեց ետ չմնալ տիրոջից:

Արդեն քանի տարի շարունակվում էր Գուրգենի ու կատվի բարեկամությունը, և ամեն օր կատուն ընկերակցում էր նրան ճաշասեղանի մոտ: Նա, մեղմ ասած, երբեք չէր սիրել կատուներ, ամեն անգամ, երբ պատշգամբին կատու էր տեսնում, զայրացած շտապում էր վռնդել. կինն էլ առանձնապես չէր համակրում, որովհետև միշտ աղտոտում էին լվացքը, կեղտոտ թաթերով քսվում, չանչում: Բակի բոլոր կատուները գիտեին՝ ինչ է իրենց սպասվում երրորդ հարկի՝ խաղողի որթերով քողարկված պատշգամբում, և աշխատում էին հեռու մնալ: Անկասկած, Ադադան էլ նույն վերաբերմունքին կարժանանար, թե չլիներ անսովոր դիպվածը: Ամառային սովորական օր էր (հինգերորդ ամառն առանց կնոջ), երբ Գուրգենը տուն մտնելուց քիչ անց մլավոց լսեց, որը պարբերաբար կրկնվում էր: Կարծելով, որ իր բացակայության ժամանակ կատու է ներս մտել, նա սենյակից սենյակ էր անցնում, խուզարկում բոլոր ծակուծուկերը: Որքան էլ փորձեց հասկանալ՝ որտեղից է գալիս մլավոցը, չստացվեց, այն ասես ծաղրում էր իրեն, կարծես զգում էր, որ իրեն են փնտրում, ու դիտավորյալ տան մի անկյունից մյուսն էր փախչում: Մեծ էր զարմանքը, երբ գլխի ընկավ, որ ձայնը խոհանոցի պատի միջից է գալիս: Պարզվում է՝ այդ օրը հարևաններից մեկը գործ անելիս է եղել տանիքում, մոռացել է փակել օդատար խողովակի ծածկը, և կատվի նորածին ձագերից մեկն ընկել է անցքի մեջ՝ կանգնելով ուղիղ երրորդ հարկում: Սկզբում վճռեց ոչինչ չանել (հո պատը չէ՞ր քանդելու կատվի ձագի համար): Պետք է պարզապես երկու օր համբերել, մինչև ուժասպառ կլինի ու կսատկի: Բայց կատուն ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ օրը չհանձնվեց. ուժերը սպառվում էին, օգնություն աղերսող մլավոցները նվաղեցին, դարձան դռան ճռռոց, հետո աղմուկ, որ գալիս է ծորակներից, երբ ջրերը կտրում են, իսկ վերջում վերածվեցին «ադադա» հնչողությամբ ռնգային տարօրինակ ձայնի, որն արդեն հեռավոր նմանություն անգամ չուներ մլավոցի հետ: Այլևս անհնար էր դիմանալը, տան մեջ չկար անկյուն, ուր չհասներ ձայնը: Որոշեց կատվին հանել. այլ ելք չկար: Միակ ձևը, որ այդ պահին եկավ միտքը, թանզիֆե պարան սարքելն ու այն խոհանոցի օդատարից իջեցնելն էր: Կարծում էր՝ կենդանին հեշտությամբ ճանկերով կկառչի, ու ինքը կբարձրացնի: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէր: Բազում անհաջող փորձերից ու մի քանի ժամ տանջվելուց հետո պարզ դարձավ, որ ապարդյուն է, կատվի ուժերը քամված էին, կառչում էր պարանից, բայց հենց այն սկսում էր բարձրանալ, չէր կարողանում պահել, ընկնում էր: Երևի մեկ այլ պարագայում մի քանի անհաջող փորձից հետո կհամարեր, որ ինքն ուժերի ներածին չափ արել է հնարավորը և կհրաժարվեր կենդանուն դուրս հանելու մտքից, սակայն այդ անիծյալ «ադադան»-ն ստիպում էր համառորեն շարունակել, կարծես մեխվել էր ականջներում, անգամ երբ տանը չէր, հանկարծ ասես թիկունքից լսում էր և ստիպում մեղավոր զգալ իրեն, խղճալ կատվին... Եվս մի քանի օրվա անհաջող փորձերից հետո ի վերջո գործը հաջողությամբ պսակվեց: Այդ օրերին Գուրգենը հետևողաբար նրբերշիկի կտորներ էր ամրացնում պարանին և իջեցնում՝ մտածելով, որ այդպիսով կենդանին ուժերը կվերականգնի ու կկարողանա պահել իրեն, սակայն հոգու խորքում այնքան էլ չէր հավատում հաջողությանը, և անկեղծորեն ու մանկաբար էր ուրախությունը, երբ օդանցքից դուրս պրծավ կատվի՝ փոշու մեջ կորած սև գլուխը, հետո ողջ մարմինը: Նա նայում ու չէր կարողանում զսպել ժպիտը՝ ամբողջությամբ սև կատուն կուչ էր եկել անկյունում ու կանաչ աչքերը տագնապով լցրած՝ նայում էր իրեն, ասես այն դատապարտվածը չէր, որ քիչ առաջ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս. կեցվածքը զգուշացնում էր, որ պատրաստ է պաշտպանվել ցանկացածից, ով կփորձի մոտենալ, միայն մլավոցի փոխարեն շարունակ «ադադա» էր կանչում: Իհարկե, դա էլ կարգավորվեց՝ ծարավն ագահորեն հագեցնելուց հետո հանկարծ սկսեց փռշտալ, հետո ործկալ. ըստ երևույթին՝ փոշի ու մուր էր լցվել կոկորդը, և որոշ ժամանակ անց նորից սկսեց մլավել: Գուրգենը որոշեց, որ անհապաղ պետք է կատվին դուրս տանել բնակարանից, քանի չի կեղտոտել, սակայն վերջին պահին խղճաց, որոշեց, որ գիշերով չարժի դուրս անել, որ մեկ օր կպահի, հետո բաց կթողնի: Մեկ օրը դարձավ երկու, երեք, հետո շաբաթ, և ինքն էլ չիմացավ՝ ինչպես ընտելացավ կենդանուն, ասես պատասխանատու էր նրա համար: Կատվի անունն էլ Ադադա կնքեց՝ ի նշան տարօրինակ ձայնի, որի շնորհիվ փրկվել էր:

Մինչ Ադադան ուտելիքի մնացորդներն էր կրծոտում, Գուրգենը, ճաշն ավարտելով, թիկնեց բազկաթոռին ու շարունակեց մտորել: Մտքից դուրս չէր գալիս զանգը: Ակնհայտ էր՝ զանգահարողը ոչինչ չէր հասկանում իրերից, և հնարավոր է՝ արժեքավոր նմուշներ լինեին, մյուս կողմից էլ չէր բացառվում, որ մետաղի կտորներ են, ինչպես հաճախ պատահում էր: Այդուհանդերձ, երկար վարանելուց հետո որոշեց այցելել ու սեփական աչքերով տեսնել: Հագավ պիջակը, դրեց լայնեզր գլխարկն ու հյուրասենյակի սեղանից վերցնելով հասցե կրող թուղթը՝ քայլերն ուղղեց դեպի դուռը: Մեկ ժամից նշված վայրում էր: Ծանոթության առաջին իսկ վայրկյանից զվարճալի մարդու տպավորություն թողեց Ռուբենը. ցածրահասակ ու գիրուկ այդ մարդը ոչ միայն հեռախոսով, այլև իրականում արագ էր խոսում, անընդհատ կրկնում էր, թե իր ինքնաթիռը վաղը թռչում է, և այնպես էր շտապում, որ ինքը հազիվ էր կարողանում ետ չմնալ: Երբ Գուրգենը մտավ նրա ավտոտնակը, խոնավության հոտն իսկույն ճնշեց կոկորդը. պատերին մեծ խալեր հիշեցնող բորբոս էր: Մինչ ինքը հպանցիկ հայացքով զննում էր տարածքը, Ռուբենը ոտքի տակ ընկած արկղերի կտորները մի կողմ հրելով՝ մոտեցավ անկյունում տոպրակների մեջ առանձնացված իրերին և դրանցից մեկը վերցրած՝ վերադարձավ: Տոպրակի մեջ շքանշաններ ու մետաղադրամներ էին, որոնք, ինչպես և սպասում էր, հետաքրքրություն չառաջացրին: Նույնիսկ մի պահ նեղսրտեց, որ եկել է, սակայն մի քանի արժեքավոր նմուշներ այնուամենայնիվ գտնվեցին ու վճարելով դրանց համար՝ պատրաստվում էր հեռանալ, երբ տղամարդը անկյունի իրերի միջից մի կտավ հանեց: Ինչքան էլ ինքը համառեց, թե չի հետաքրքրվում նկարներով, Ռուբենը խնդրում էր վերցնել, ասում էր՝ նվիրում է՝ դարձյալ պատճառաբանելով, թե իր ինքնաթիռը վաղը թռչում է, որ ավտոտնակը պիտի ազատի, որ նկարը վերցնելով՝ մեծ լավություն արած կլինի իրեն: Այնպես որ, ստիպված էր ընդունել նվերը:

Երեկո էր, երբ Գուրգենը տուն հասավ: Փոխեց հագուստն ու սառը ջրով թարմանալով՝ մանկան ոգևորությամբ հյուրասենյակ տարավ բերած տոպրակները՝ նոր իրերը մանրակրկիտ ուսումնասիրելու: Շքանշաններից ու մետաղադրամներից հետո նա տոպրակից հանեց նկարը: Կտավին երկու սիլուետ էր պատկերված՝ կողք կողքի քայլում էին տերևաթափ ծառերով շրջապատված փողոցով, իսկ հեռվում կուրացուցիչ լույս էր: Նկարում գերակշռում էին սառը գույները՝ մուգ կապույտն ու մոխրագույնը, սակայն ընդհանուր առմամբ այն դուրեկան էր: Նկարչի ստորագրությունը գտնելու հույսով շուռումուռ տվեց և տեսնելով միայն «Վատ մարդկանցից ոչինչ մի՛ վերցրու» անհասկանալի գրառումը, նշանակություն չտալով՝ որոշեց իր նոր ձեռքբերումը կախել հյուրասենյակում: Կտավն անսովոր էր աչքին, հյուրասենյակ մտնելիս իսկույն գրավում էր ուշադրությունը, սակայն շուտով սովորական դարձավ, ասես ձուլվեց սենյակին ու մյուս իրերին: Ավելին՝ ժամանակի ընթացքում նկատեց, որ անբացատրելի հարազատությամբ է լցվում նկարի հանդեպ, ինչ-որ ձգող բան կար, երկար նայում էր և ամեն անգամ գոհունակությամբ լցվում, որ վերցրել է:

Կյանքը շարունակում էր իր սովորական հունով ընթանալ, ամեն ինչ նույնն էր, միայն թե Գուրգենը սկսել էր զարմանալի գունեղ երազներ տեսնել: Նա երբեք այդպիսի երազներ չէր տեսել, առհասարակ մինչ այդ հազվադեպ էր երազներ տեսնում: Սկզբում դրվագներ էին, որ հավերժ մոռացված էին թվում մանկության խորքերում. տեսնում էր իրենց հին տունը, ծիրանի ծառը, հիվանդանոցի պատը... Ու արթնանալով՝ ամեն անգամ սիրտը ճմլվում էր, ասես աշխարհի արևն իր մանկության ճանապարհներին էր թողել: Այսպես՝ գիշերը նրա համար դարձավ օրվա ամենացանկալի հատվածը, մեկը մյուսին էին հաջորդում անցած տարիների պատկերները, դրանք այնքան իրական էին, շոշափելի, որ հաճախ արցունքն աչքերին էր արթնանում: Մոտ մեկ ամիս ամեն գիշեր երազներ էր տեսնում, սակայն շուտով երազներից մեկը սկսեց կրկնվել. հաճախակի դարձող երազը, ասես ճնշելով մյուսներին, կարճ ժամանակում միակը մնաց: Գուրգենը չէր կարողանում բացատրել, արդեն ամեն անգամ աչքը կպցնելիս նույն երազն էր, կրկնվում էր կատարյալ ճշտությամբ, առանց վրիպումի կամ շեղումի, և եթե մյուս երազները հիշողություն էին՝ սա այլ էր. ինքը հայտնվում էր այգի հիշեցնող վայրում, ուր իրական կյանքում չէր եղել, իսկ երբ քայլերն ուղղում էր ճանապարհով, երազն ընդհատվում էր, ու ինքը քրտնքի մեջ կորած՝ վեր էր թռչում քնից: Ամեն անգամ արթնանում էր մի տեսակ հոգնած ու այն զգացումով, ասես ջերմում է: Համոզված էր՝ անկանոն սնվելու ու չնչին բաներից նյարդայնանալու հետևանք է, որ որոշ ժամանակ հետո կկարգավորվի, և չէր շտապում այցելել բժշկի, սակայն երազն օր օրի ավելի ուշ էր ընդհատվում, ասես թույլ էր տալիս իրեն երկար մնալ այգում, օր օրի ավելի դժվար էր դառնում արթնանալը: Հերթական անգամ, երբ Գուրգենի կոպերը ծանրացան, երազն ամբողջությամբ կլանեց նրան:

Նա քայլում էր, և ծառերի ստվերները սահում էին ուսերի վրայով, թվում էր՝ ուր որ է ճանապարհը կթեքվի, կերևա ելքը, բայց այգին չէր վերջանում: Հանկարծ աղմուկ լսեց, կարծես դհոլի ձայն լիներ, քայլերն ուղղելով ձայնի կողմը՝ համոզվեց: Մի քանի տասնյակի հասնող մարդկանց խումբը, շրջան կազմած, հետևում էր պատանի լարախաղացին, որը բարձր ձողերի վրա ձգված պարանին էր, իսկ արևահարված դեմքով տղամարդը քիչ հեռվում դհոլ էր զարկում: Ոտքից գլուխ կարմիր հանդերձանքով պատանին ցատկում էր, հնարքներ կատարում: Գուրգենը բոլորի պես մոտեցել, հետևում էր տղայի ճարպիկ շարժումներին, երբ հավաքվածների մեջ տեսավ իր կնոջը: Կինը կանգնած էր առաջին շարքում և իրեն չնկատելով՝ նայում էր պատանուն. զարմանալի խաղաղություն կար դեմքին, աչքերն անվրդով վերև էին նայում: Մինչ ինքը, ճեղքելով շրջանը, փորձում էր մոտենալ, կինը կանգնածներից մեկի հետ անջատվեց բոլորից, ու սկսեցին քայլել ճանապարհով: Ինչքան փորձում էր հասնել, չէր ստացվում, ոտքերը չէին ենթարկվում, ջանում էր տեսնել՝ ով է կնոջն ուղեկցողը: Տղամարդու թիկունքը, շարժուձևը շատ ծանոթ էր, անկասկած ինչ-որ տեղ տեսել էր, բայց ոչ մի կերպ չէր կարողանում մտաբերել: Նրանց ու իր միջև հեռավորությունը ավելի էր մեծանում, իսկ ծառերի ստվերները երկարում էին, մագիլների պես ձգվում՝ ծածկելով ճանապարհը: Նկատեց՝ ինչպես կինն ու անծանոթը քայլերն արագացրին, շտապում էին դեպի հեռվի կուրացուցիչ լույսը. ինքն էլ շտապեց: Լույսն արդեն այնքան էր մոտ, որ ոչինչ չէր տեսնում, կինն ու տղամարդը երկու սիլուետ էին դարձել: Ջանում էր ոչ մի դեպքում տեսադաշտից չթողնել, համառորեն փորձում էր հասնել, և երբ մի քանի քայլ էր իրեն բաժանում նրանցից, մի փոքր ստվեր կտրեց ճանապարհը: Իսկույն չհասկացավ՝ ինչ է, մի քանի վայրկյանից միայն նշմարեց, որ ստվերը կատու է: Ամբողջությամբ սև կատուն, անշտապ անցնելով ճանապարհը, կանգ առավ անկյունում ու սկսեց մլավել: Ինքը կանգնել էր և չգիտեր ինչ անել, փորձում էր շարունակել ճանապարհը, բայց չէր կարողանում, ասես կենդանին թույլ չէր տալիս: Հայացք նետելով լույսի կողմը՝ տեսավ, որ ստվերները նույնպես կանգնել են, իրեն են սպասում, բայց ոչ մի կերպ չէր ստացվում կատվին շրջանցել, ասես մեխվել էր տեղում: Մլավոցն անտանելի էր դառնում, կատուն նայում էր իր աչքերին ու անվերջ մլավում, ավելի ու ավելի մոտ էր թվում ձայնը, ասես գլխի մեջ զնգար: Շուտով շուրջն ամեն ինչ սկսեց սահել իր տեղից, պատկերը մոմի պես հալվում էր, փորձում էր թույլ չտալ, պահել ձեռքերով, սակայն երբ հայացքը բարձրացրեց՝ տեսնելու կինն ու անծանոթը արդյոք դեռ սպասո՞ւմ են, սարսափով նկատեց, որ կնոջ կողքին կանգնած տղամարդը իր դեմքն ունի, ինքն է, ու իսկույն արթնացավ...

Երբ երազը պոկվեց աչքերից, Գուրգենը կանգնած էր պատշգամբի բազրիքին, քայլ էր պակասում, որ գահավիժեր: Ագահորեն կուլ տալով սառը օդը՝ չէր հասկանում՝ ինչ է կատարվել: Դիմացը քնից նոր արթնացող քաղաքն էր, իսկ կողքին՝ անմիջապես բազրիքի անկյունում, Ադադան իրեն էր նայում ու շարունակ մլավում:

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Beyond the curtain
Beyond the curtain
Play Online