Ghevond Alishan

Հայ հանճար

Ո՞ւր ես հայ հանճար. անցե՜ր ես, անցեր...
Հին և երկայն դարք այլևայլ բաղդով
Մեր հայ հայրենյաց վրայեն սահելով,
Սև ու սըպիտակ քողերով պատեր
Զաղվորն այն ծածկեր,
Անցե՜ր են, անցեր։

Այն աշխարհ, որ շատ աշխարհաց մայր էր,
Որ սփռեց զազգեր մինչ ի ծայր երկրի,
Արդյամբք իր հողուն, մատամբք ճարտարի
Լեցուն գրկերով տաներ ու բերեր
Զանազան բերքեր,
Անցե՜ր է, անցեր։

Այն, որ զառաջին շինվածն է կանգներ,
Սարերըն ծակեր հանց փտտած տախտակ,
Պատերով պատեր ըզծովուն հատակ,
Բերդի տակ, լերան գըլուխ գետ քաշեր,
Զանդունդ կամըրջեր,
Անցե՜ր է, անցեր։

Հայրենյաց պաշտպան՝ զենքով զենք քըշեր,
Հյուսսի, հարավո դեմ դըներ վահան.
Վազեր յարևմուտս, յԱթէնս հմտական,
Հելլեն հանճարույն դեմ ըզհայն հաներ՝
Անհաղթ հռչակեր,
Անցե՜ր է, անցեր...

Թո՛պ... չըսե՞ք թմբկին... թո՛պ. թնդան սրտեր.
Հայրենյաց է տոն, հայրենյաց համբավ.
Ո՜վ լավք, ո՜վ քաջք, ձեզ վարձք հռչակեցավ.
Արյո՜ւն և քրտինք, ձեզ կապվին թագեր...
Հա՜յք, ո՞ւր արդյունք ձեր.
Անցե՜ր են, անցեր։

Պարեն պատանիք, ծիծաղին ծերեր.
Կուսանք ամոթիւածք վարդերով վառվան,
Պարկեշտ երախտյաց գովեստք բարձրացան.
Առաքինությո՜ւնք, ահա պատիվ ձեր...
Հա՜յք, դո՞ւք լոկ անտեր
Անցե՜ր եք, անցեր։...

Անցա՞ն, մարեցա՞ն, ուրեմն, հայ լուսեր...
Ա՜հ, Հայաստան, ո՞ւր քո փառքըն փայլուն.
Ո՞ւր քո ճարտարաց աշխատանքն անհուն.
Ո՞ւր քաջ և գիտուն որդվոցդ արդյունքներ.
Ո՞նց քո բյուր փառքեր
Անցե՜ր են, անցեր։...

Անցի՜ք դուք այլ սև սրտիս սև ամպեր,
Անկե՛ք հայ հողուն սև քարին վըրայն...
Ո՜հ, քանի՞ հազար կանգուն լայն ու երկայն.
Ո՜հ, ո՞նց ցեղուցեղ անձինք հոն եկեր,
Եկեր ու անկեր՝
Անցե՜ր են, անցեր։

Ըզսև գիրն Հայոց կարդացե՛ք, ազգեր.
«Կարկառ հանգըստյան տոհմի տան Հայկա,
Համարի ՛նդ մեռյալս և ինքն ի քուն կա»:–
Մեռյալ չե՞ն, ուրեմն, հայ հայրենիք մեր.
Հայաստան անկեր՝
Բայց ո՜չ է անցեր։

Հա՜յ ազգ, հա՜յ հանճար, քունն է զքեզ բռներ,
Քո՜ւն թանձր և երկայն, բայց ոչ մահ անհույս.
Ո՜վ արթընցընե զազգն իմ ի նոր լույս.
Ես հազարներ տամ այնոր, տամ բյուրեր,
Որ զաչքըն բաց ըներ,
Ու չըլլա՜ր անցեր»

Ո՞վ բանա զՀայկայ աշխույժ աչուկներ.
Ո՜վ, ո՞վ կանգնե զքեզ, հանճար հայրենի...
Ե՛լ, կանգնե՛ դու զքեզ, զավակ ես երկնի.
Լո՜ւյս ծագե մըթեդ, ե՛լ, կանգնի՛ր ի վեր.
Հերիք քընացեր.
Գիշերդ է անցեր...

Կերդնու Նահապետ, կանչե ձեզ, Հայե՜ր,
Հանճարն է մեզ կյանք, ըզնա վառեցեք,
Մեծ, պզտիկ՝ այտոր սիրով վառվեցեք։...
Ծագե՜, հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր՝
Թե Հայք չե՛ն անցեր։

1863
Be the first who will comment on this
Yatuk Music
Spartacus - Adagio
Aram Khachatryan

Spartacus - Adagio

Davit Bek
Davit Bek
Play Online