Gevorg Emin
Սիամանթոյի մենախոսությունը
------------------------ 1915 թիվ, ապրիլ, Այաշ -------------------------
1.
-Ո՜վ հղացավ այս միտքը դիվական`
Մասիսը ճերմակ,
Մասիսը անբիծ
Այս լայն աշխարհում դնել այն տեղում,
Ուր դար ու դարեր
Պիտի արյունեն լանջերը նրա
Եվ գագաթն անգամ.
Ո՜վ միտք հղացավ
Դժոխք արարել
Եղյալ ու չեղյալ Դրախտի տեղում,
Արարատ լեռան հովանու ներքո,
Երկրի փոխարեն
Մեզ տալով մի հին,
Ոտնակոխ ճամփա,
Հողի տեղ` չոր քար,
Ջրի տեղ` արյուն...
Ո՜վ միտք հղացավ,
Դեռ մեր պատմության վաղ արշալույսին,
Այս արարչագործ,
Հին ժողովրդի
Գլուխը դնել մի հարևանի
(Բիրտ Պարսկաստանի)
Արնոտ սրի տակ.
Մյուսի աջով--
(Բյուզանդիո խաչով),
Պահանջելով,
Որ նա...ծախի իր հոգին,
Եթե ուզում է... մարմինը փրկել:
Եվ եթե դարերն
Անզոր են եղել նրան ազատել,
Եվ եթե
Գալիք դարերն անզոր են ազատել նրան
Եվ հրաշքն է լոկ
Հնարն անհնար,--
Տե՛ր,
Տուր ինձ Մովսես մարգարեի պես
Հանել ու տանել ցեղն իմ հալածված
Այս Հայաստանից,--
Ոչ-Մահաստանից,
Ոչ-Քարաստանից,
Դեպի ապահով, ուրիշ մի եզերք
(Կա՞ այդպիսի տեղ...)--
Ցեղն իմ մշտատև--
Նրա սերմը նոր
Արմատները հին,
Վեպ, կոթող ու երգ...
Տուր պերճաբանիս
Թլվատությունը նրա մոգական
Եվ սուրը նրա`
Աղբյուր հանելու հանդիպած քարից,
Եվ գավազանը`
Ճեղքելու Կարմիր ծովը մեր բախտի,
Լացի ու արյան,
Թեկուզև Մովսես մարգարեի պես
Իմ մահը գտնեմ,
Օտար հող մտնեմ,
Այդ երանելի ափին չհասած,
Բաղձալի սեմին նրա փակ դռան...
Տե՛ր,
Չե՞ս լսում դու
“Կարմիր լուրերը” ջարդի ու արյան...
2.
Ջնջվում է ,
Կորչում,
Իմ ազնիվ սերմը,
Տեսակն ու սեռը.
Եվ ինչպե՞ս մնար,
Ինչպե՞ս դիմանար.
Երբ մենք, թվով` քիչ,
Սակայն եզակի որակ ենք եղել,
Քանակի աշխարհ...
Նետ ու աղեղի փոխարեն` տավիղ
Եվ գիր ենք պաշտել սրի փոխարեն
Եվ զենքի տեղ` երգ,
Զորքի տեղ` ցնորք--
Զենքի, զորքի ու բանակի աշխարհ...
Մենք` մարդկության ու պատմության դոնոր
Ամեն մի դարի
Արդար պայքարին
Արյուն ենք տվել,
Արյունը մեր քիչ,
Արյունը մեր թանկ.
Դրա փոխարեն
Մեզ գովք շռայլող
Թանաքի՛ աշխարհ...
Ինչքան ել դժվար,
Հաճախ` անհնար,
Բայց,ինչ էլ լիներ,
Միշտ մարդ ենք եղել
Ու մարդ մնացել--
Տմարդի՛ աշխարհ.
Եղել ձիրք, տաղանդ,
Երբ վսեմ տաղանդն
Աղանդ է կոչվել,
Աղանդի՛ աշխարհ.
Նվիրվել բարուն ու գաղափարին--
Նեղ կաղապարի
Ու... չարի աշխարհ.
Երկրպագել ու խնկարկել միայն
Ներշնչումի ու արարման պահին--
Փողի, օգուտի
Ու շահի աշխարհ...
Ջնջվում է ,
Կորչում իմ ազնիվ սերմը,
Տեսակն ու սեռը,
Իմ անկրկնելի ցեղը հայկական.
Քսաներորդ դար,
Եվ դո՛ւ, մարդկություն,
Որ,
Իբրև բարի,
Եվ հոգատար ու խղճով ես այնքան,
Որ պահպանում ես
Ու փրկում մահից
Նույնիսկ գորշ գայլի
Կամ շնագայլի տոհմ ու ցեղերին,
Ամեն տեսակի
Գիշատիչներին ցեղի մարդկային,
(Օձից մինչև... Կայեն... )
Մտցրո՛ւ ցեղն իմ
"Կարմիր գրքի" մեջ...
Բայց ո՛չ, սպասի՛ր.--
Հենց այդ գրքում եր--
Ցեղասպանության արյունոտ գրքում,--
Որ նա հասավ իր վերջին օրհասին
(Դեր Զորից` Պոլիս
Եվ Վանից` Բասեն... )
"Ճերմակ գիրք" կազմիր,
Հայերին տանջող
Ու բնաջնջող
Սև ոճիրների մասին բյուրավոր.
Եվ փրկի՛ր, փրկի՛ր
Իմ ցեղի
Վերջին այս սերմը մի բուռ--
Սերմը դարավոր,
Սերմը փառավոր...
Փրկի՛ր, զորավոր,
Եթե չես ուզում,
Որ մի դար հետո
Իմ ցեղի լեզուն
Եվ հայ դպրության գանձերն աննման,
Անհնար լինի վերծանել, ավա՜ղ,
Շումերների
Ու Ացտեկների հին գանձերի նման...
3.
-----------------" Ո՜վ մարդկային արդարություն,
----------------------թող ես թքնե՛մ քու ճակատիդ ":
Թքե՛լ եմ բոլոր
Չարին ծառայող
Ու բարուն դավող
Գրքերի վրա,
Բոլոր երգերի, ներկերի վրա
Եվ արվեստների,
Եվ արհեստների.
Խաբող հույսերի,
Նենգող հույզերի
Եվ սին մոռացում բերող
Տենչերի ու երազների.--
Իսկ ամենից շատ,
Ամենից ավել--
Մեծ-մեծ խոսքերի,
Մեծ-մեծ զորքերի,
Մեծ-մեծ աչքերի,
( Որոնք չեն տեսնում
Տեսածը իրենց... )
Եվ արդարության,
Եվ արդարության...
Թքել եմ, այո՛,
Եթե մի փոքրիկ,
Հանճարեղ մի ազգ,
Որը դարերով
Կերտել է միայն,
Ու պաշտել միայն
Ազնիվն ու բարին--
Այս էլ քանի դար,
Մորթվո՜ւմ է , մորթվո՜ւմ.
Եվ-- ամենից շատ--
Ամենից դաժան,
Այս... իբրև հույսի
Եվ... լույսի դարում...
Մորթվում է լկտի,
Մորթվում անպատիժ,
Մեծ--մեծ զորքերի,
Մեծ--մեծ խոսքերի,
Եվ նաև...
Մեծ--մեծ աչքերի առջև,--
Եվ ոչ-ոք, ոչ-ոք
Չի փրկում նրան,
Չի օգնում նրան
Կամ... ձեռք երկարում...
Եվ, թեև դուք ինձ,
Հայ բանաստեղծիս
Դափնի եք տալիս,
Սիրում, մեծարում,
Բայց ես չեմ կարող
Ապրել ու երգել
Այս հողագնդում`
Այսպիսի դարում
Եվ այս... աշխարհում...
Եվ, Եղեռնից ու ջարդից առավել,
Այդ է ինձ տանջում`
Յոթն անգամ ավել
Ու յոթնապատիկ.
Օ՜, դու մարդկային
Կամ.. անմարդկային
Կեղծ արդարություն,
Ես -- Սիամանթոն--
Ավելի` մեռած
Քան ապրած, սիրած --
Բանաստեղծս հայ,
Թքե՛լ եմ ես քո կեղտոտ ճակատին...