Gevorg Emin

Ես այն եմ սիրում․․․

***
…Ես ա’յն եմ սիրում,
Երբ ձմեռ- ամառ… գարո~ւմ է թվում,
Անծանոթ մի վայր քեզ… տո~ւն է թվում.
Ոչ միայն նայում, այլ… տեսնո’ւմ ես դու,
Ոչ թե ունկնդրում, այլ… լսո’ւմ ես դու,
Երբ սլանո~ւմ ես
Եվ ոչ թե` քայլո’ւմ,
Երբ և այրվո’ւմ ես, և ի’նքըդ այրում…

Ա’յն, երբ աչքերը աչե~ր են դառնում,
Խոսքերը սիրո կանչե’ր են դառնում,
Սիրե’րգ է դառնում ամեն մի հնչյուն,
Եվ արտաշնչո~ւմն անգամ` Ներշնչում…

Սիրում եմ սիրո այն հրա~շքը սուրբ,
Երբ որ ձեռքերը դառնում են թևեր,
Երբ թվում է, թե շարժումից մի նուրբ,
Կարող ես մինչև աստղե~րը թևել.
Երբ կոշտ մատները թավի~շ են դառնում,
Արյունը գարնան ավի~շ է դառնում
Եվ ժամերն անգամ, հաշիվը խառնո~ւմ,
Մոռանո~ւմ են , թե… ինչքան են տևել…

…Զգացե՞լ եք դուք պահն այդ երբևէ..

Be the first who will comment on this
Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

Support us! Buy our art based products from online shop