Daniel Varoujan

Սանդուռնական

Այս իրիկուն նորեն Քաղաքն հեշտանքի,
Ծովափին վրա, գոհարազարդ բոզի պես,
Անթիվ ջահերն իր կը վառե: Երբ տակավ
Հըռընդյունները սըղոցին կը լըռեն,
Եվ սալին վրա մուրճերն ալ չե՛ն կայծկըլտար,
Ան` խորտակված սափորեն հանկա՛րծ թափվող
Հին գինիի մը նըման`
Կը փըրփըրի, կը պըղպըջա իր կարմիր
Կիրքերուն մեջ: Երեկոյան խորշակով
Բըլուրներեն այգեվետ
Հոտ մ'ողկույզի փողոցներն հորդ կը լեցնե,
Ու կըծու աղը ծովուն
Կու գա ռունգերը գըրգըռել կըտղուցի.
Այն ժամանակ մեհյաններեն դուրս կ'ելլեն
Քըրմուհիներ սանդուռնական տոներուն.
Կ'անցնին կիներ` վարդ դըրած
Իրենց քունքին ու գոտիին վրա արծաթ.
Կ'անցնին մարդիկ, նըվագներով ու պարով.
Պոռնիկ մ'հանկարծ, անոնց մեջ,
Կ'արձակե հերքն իր կըրունկները մինչև,
Եվ լողալով գանգուրներուն ծովին մեջ,
Կը ծիծաղի՜, կը ծիծաղի՜ խելահեղ
Երեսն ի վեր քարձ կավատի մը հարբած:
Քաղքին պատերն ամբարիշտ
Կարմրաշառայլ լույսով մ'ամբողջ ծեփված են.
Եվ նըռնենին, լապտերներով պաճուճված,
Պատըշգամբին տակ կը ծաղկի հեշտօրոր:
Սլարկներեն վար գինինե՛ր կը հոսին.
Տան շեմերն են թըրջըված
Մամացներով ու մաղձով
Դուռներեն վար կը կախվին
Հոմանիի դրասանգներ.
Եվ գիշերվան լոգարանները բոլոր
Կը քըրտընին գըմբեթներովը իրենց`
Որոնց ներքև կը թալկանա հեշտությունն
Ու կը զեղուն կոշարաները զըմուռս.
Ամփիթատրին մեջ, փըփրած,
Կ'հոսի արյունն, ու մեհյանին մեջ ծածուկ
Կը հոշոտվի հազածոն.
Բոզնոցներուն դրան առջև`
Որոնց պագշոտ ծերպերեն
Թըխակարմիր շառայլներ դուրս կը նշողին`
Կիներ պառկած` կ'ունկընդրեն
Փողոցներեն անցնող ձայները դափին,
Ու տըռփագին ու զոշաքաղ ակնարկով
Կը խայտացնեն պորտերնին…
Բոլո՛ր, բոլո՛րը կ'ընեն
Սանդուռնական գինարբուքները` մինչև
Արշալույսին ծագիլն արյան քողերեն:
Պալատներուն մեջ` խըրա՛խ
Պողոտային վրա` շուրջպա՛ր,
Եվ մըթընշաղ անկյուններուն մեջ, ավա՜ղ,
Ումպետ հոսումն ուղխորեն
Առնական գա՛ղջ սերմերուն:
Գերիներ, մերկ, ներբաններին այրելով,
Հըրաբորբոք կուպրին վըրա մայթերուն`
Կը հայթայթեն, վազն ի վազ,
Խեժն այդ փըրփրած հըրդեհին.
Ոմանք ըշտապ կը տանին
Համադամներ, ոմանք գինի` փարչերով.
Խառնածին մ'իր գոգին մեջ
Ծաղկի պսակները դիզած`
Կ'երթա արբշիռ ճակատներն իր տերերուն
Արտախուրել բաղեղներով, վարդերով.
Եվ Պահլագուն մը հուժկու`
Կույս մը շալկած մազերեն`
Պատրիկներու ոսկեճամուկ սեղանին
Կը տանի զոհ մը իբրև…
Գինի, ռետին ու տըռփանք
Քաղաքին վրա, կը պանծացվին տավիղով.
Քաղաքի՜ն վրա, որ նըստած
Ափը ծովուն, գոհարազարդ բոզի պես,
Կը պըճնե ծոցն իր` ջահերով անհամար.
Եվ Քաղքին վըրա ո՞ւր ես դուն, Է՜րոս.
Խա՞յթն էր ոսկի փըքինիդ,
Որ շաղաշույտ այդ ժողովուրդը կըտղեց…
Ո՛չ, ո՛չ, Է՜րոս. տատրակի պես տարագիր
Այդ Ոստանեն խույս տըվիր:
Աստվածներու կըղզիին մեջ` այժըմ դուն
Լուսնկային հետ, քնքշորեն կը հըսկես
Սոխակներու բույնի՜ն վրա:

Be the first who will comment on this
Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Sea view
Sea view
Play Online