Daniel Varoujan

Օրհնյալ ես դու ի կանայս

Մարիա՛մ, այս անկողնին վրա երբ նըստիս
Ու ես առջևըդ, գորգին վրա ծընրադիր,
Համբուրեմ խաժ երակներն
Այդ ձեռքերուդ` որոնցմե լույս կը ծորի,
Մարիա՛մ, տաք շըրթունքներուս տակ կը զգամ
Էա՛կ մ'որ, լուռ, արյունդ ումպ ումպ կը խըմե,
Այն գիշերեն` երբ մազերդ այդ բարձին վրա
Անփութորեն լեցուցած`
Ծոցդ հաճույքին բացիր, և բուռն հաճույքեն
Քըրտինք մ'առատ քունքերեդ ի վար հոսեցավ,
Եվ կուսությունըդ մեռավ
Արգանդիդ մեջ և աչքերուդ երկնաթույր,
Այն գիշերեն` թարթիչներեն կոպերուդ
Մե՜ղրը ծորեց, դուն եղար
Հեզահամբույր, լըռակյաց,
Ձյունափետուր դուն աղավնյակը եղար`
Որ արևուն տակ կըծկըված` կ'երազե
Բույնին վըրա շինվելիք…
Կը դիտեմ, արդ, քաղցրիկ հյուծումը դեմքիդ
Եվ բաց շապկիդ մեջեն ծիծերդ` որոնց մեջ
Կը բաժնըվի կյանքըդ և դուն
Բաժնըվելով մա՜յր կ'ըլլաս:
Մեն մ զարկին մեջ երակիդ` ես կը զգամ
Տրոփյունը նո՛ւյն իմ սըրտիս
Եվ բողբոջումը արյունիս ծաղիկին`
Որուն բուրումը կ'արբեցնե զիս և քեզ
Եվ սերն է մեր երկուքին:
… Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ,
Դո՛ւն որ անհուն գորովով
Կողերդ ինծի կու տաս, և ոսկրը՛դ ` ուրիշ
Ոսկրի մ'համար կը քամես,
Դո՛ւն` որ կ'ըլլաս ամենեն
Մաքուր ակոսն` ակոսներեն բեղնավոր,
Ու ամենեն չըքնաղ թաղարը` բոլոր
Թաղարներեն շուշանի`
Օրհնյա՜լ ըլլաս հավիտյան:
Դո՛ւն` որ, ըզգոն, կը կըրես
–Խեփորին մեջ ինչպես մարգրիտ մը ազնիվ–
Աստվածատիպ Մարդը խորն այդ արգանդիդ`
Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ…

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Descent of Noah from Ararat
Descent of Noah from Ararat
Play Online