Daniel Varoujan

Կալերու գիշեր

Ամարվան քա՜ղցր գիշեր, գլուխը կամին վրա դրած`
Աշխատանքի սուրբ Ոգին Կալերուն մեջ կը նընջե:
Կը լողա մեծ Լռությունն աստղերուն մեջ ծովացած:
Անհունը` բյուր աչքերու թարթափով` զի՛ս կը կանչե:

Կ'երգեն, հեռուն, ծըղրիդներ: Ջուրերուն մեջ լըճակին
Կ'ըլլա հարսնիք մը ծածուկ նայադներու` այս գիշեր:
Սյուքն հուզելով ուռենին ափերուն վրա գետակին`
Կ'արթընցընե անծանոթ լարերու վրա նըվագներ:

Ծոթրիններու բույրին մեջ, պառկած կատարը դեզին`
Ես կը թողում որ սըրտիս դըպչի ամեն մեկ ճաճանչ.
Ու կ'արբենամ գինիովն Անհունի մեծ կարասին`
Ուր կը ճըմլվին ասուպներ քայլի մը տակ անճանաչ:

Հե՜շտ է մըտքիս ընկըղմիլ կապույտին մեջ լուսալիք,
Նավաբեկիլ – թե հարկ է – կըրակներուն մեջ վերին.
Գըտնել աստղեր նորանոր, կորսըված հի՜ն հայրենիք`
Ուրկե ինկած հոգիս դեռ կու լա կարոտն եթերին:

Վերանալ քա՜ղցր է ինծի թևերուն վրա լըռության,
Լըսել միա՛յն Միջոցին շընչառությունն անխըռով,
Մինչև աչքերըս գոցվին քունի մը մեջ դյութական,
Ու կոպերուս տակ մընա Անհունը իր աստղերով:

Ա՛յսպես, ա՛յսպես կը նընջեն գյուղին մարդիկը ամեն.
Հոտաղն է իր սայլին վրա, վերմակին տակ լուսածոր,
Հարսն է դեզի կատարին` ծոցը բացված զեփյուռեն`
Ուր կը պարպե Հարդգողն իր կաթը սափոր առ սափոր:

Եվ այսպես` օր մը պառկած` փողփողումին տակ երկնի,
Իմ ծընողներըս մըշակ` զիս հըղացան կաթոգին,
Զիս հըղացա՜ն սևեռած իրենց աչքերը բարի
Վերն ամենեն մեծ Աստղին, ամենավառ Հըրայրքին:

Be the first who will comment on this
Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Motherhood
Motherhood
Play Online

Support us! Buy our art based products from online shop