Avetik Isahakyan

Ռազմակոչ

Գիշեր է մռայլ, ամպամած գիշեր:
Հողմեր են փչում, շաչում են հողմեր
Դավաճան երկրից մեր նենգ թշնամու
Մեր նվիրական դաշտերի վրա:
Գոռ ալիքներն են լեռնանում ընդոստ
Մեր խռովահույզ ծովերի վրա:

Է˜յ ազատ Մասիս, երկնասույզ գահեր,
Է˜յ երկաթակուռ խրոխտ գագաթներ,
Շանթե՞ր եք զոդում, սուրե՞ր եք կռում,
Հրեղեն ցասում ընդդեմ թշնամուն:

Էյհե˜յ, լսեցեք. Վեհ հայրենիքի
Կտրիճ զավակներ, ժողովուրդներ քաջ,
Ելե՛ք, զարթնեցե՛ք,կանգնեցե՛ք արթուն.
Գիտցե՛ք, քնում են գետերն ու քամին,
Սակայն չի քնում, երբեք թշնամին:
Ահա՛ ոճրամիտ մեր ոսոխը չար
Շղթա է բերում, լուծ ու կապանքներ`
Ընկճելու ազատ մեր եղբայրներին
Եվ անարգելու հայրենիքը մեր:

Էյհե՛յ, լսեցեք, ձայն տվեք իրար,
Ամենքդ ե՞ք ոտքի, մարդ քնած չկա՞.
Շո՛ւտ հագեք-կապեք զենքեր ու զրահ,
Գոտեպնդվեցե՛ք ատելությամբ վառ,
Գոտեպնդվեցե՛ք անձնազոհ կամքով,
Գոտեպնդվեցե՛ք ահեղ վրեժով,

Շառաչե՛ք ուժգին, կաղնիներ հզոր,
Խոլ վրնջացե՛ք, նժույգներ խիզախ,
Մրրիկի նման զարկեցե՛ք շեփոր,
Դեպի ռազնի դաշտ, դեպ հերոսացում,
Դեպի ռազմի դաշտ սուրբ դրոշի տակ
Դեպի բարձունքը մահի ու փառքի,
Վանեցե՛ք հեռու թշնամուն վայրագ,
Մեր խրճիթներից, մեր հնձաններից,
Մեր արտ ու կալից վանեցե՛ք հեռու:
Հավերժ պիտ մնա հայրենիքը մեր,
Հզոր և ազատ և հավերժ կանգուն
Մեր իդեալների սուրբ արևի տակ:

Դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում,
Դեպի բարձունքը մեծ Հաղթանակի:

1941
Էսենտուկի

Be the first who will comment on this
Yatuk Music
Recalling
David Balasanyan

Recalling

Resurrected Armenia
Resurrected Armenia
Play Online