Avetik Isahakyan
Քաջերին
Մռավ սարերից սավառնեց քամին,
Դրոշակը մեր հպարտ ծըփծըփաց.
Տեսե՛ք, դաշտերից կուգա թշնամին, -
Սրբազան կռվի կոչը որոտաց:
Է˜յ, հա՛յ ախպերտիք, եղջույր հնչեցե՛ք,
Իջե՛ք ժայռերից, անհաղթ արծիվներ.
Սարերից պոռթկած հուր ու ջրի պես
Թափվեցե՛ք ստոր դուշմանի գլխով. –
Նա՛ – մեր դրացին, և նամարդ, և չա՛ր,
Գիշերը գողտուկ ելավ մեզ վրա
Ու մեր թիկունքից` ծածո՛ւկ գաղտնաբա՛ր
Սողաց օձի պես, ելավ մեզ վրա.
Ջարդեցե՛ք,ջնջխե՛ք, էդ նամարդ օձին,
Որին մենք, ավա˜ղ, հազար տարինե˜ր –
Տաքացրեցինք մեր ազնիվ ծոցին
Հազար տարինե˜ր, հազար տարինե˜ր:
Նա մեր արյունը խմեց ու ծծեց,
Բայց համբերեցինք ուղի՛ղ սրբի պես
Մենք խրատեցինք, իսկ նա մեզ ծեծեց,
Բայց համբուրեցինք նրան ախպոր պես…
Ջա՛ն, ազիզ Արա՛զ, ինչպե՞ս դու հիմա
Մեր վառ արյունով կարմիր ես կապե.
Մեզ ի՛նչ – ամոթից թո՛ղ նա սևանա,
Ո՛վ ճառել գիտե, կռվել չգիտե:
Վա՛ռ, կարմի՛ր հագիր, դո՛ւ հայ-ժողովուրդ,
Եվ սուրդ շարժե՛, քեզ ճանապարհ բաց.
Այս աշխարհի մեջ սուրն է միշտ կտրող –
Կտրի՛ր ու տիրի՛ր – անհա՛ղթ, հզո՛ր կաց:
Եվ ոտքդ ամո՛ւր դու խփի՛ր երկրին,
Հողիդ ու տանդ տերը դուն եղի՛ր,
Է˜յ, դո՛ւ արևի ճամփորդ վաղեմի,
Սրով, գոտեպինդ և առաջ քայլի՛ր.
Անհողդոտ գնա՛ դեպի լույսն – արև,
Եվ ազգերն ամեն, հարգանքի նշան,
Հետ-հետ գնալով և տալով բարև
Ազա՛տ, անարգե՛լ քեզ ճամփա կտան…
1906
Ալեքսանդրապոլ