Avetik Isahakyan

Հովհաննես Շիրազին, 1937թ․, օգոստոսի 20, Սևան

Սիրելի Շիրազ.
Ստացել եմ սրտագին նամակդ. ներիր, որ ուշ եմ պատասխանում, այսօրն-վաղն էի ձգում. վերջապես այսօր գրում եմ, և մի երկու օրից հետո Երևան եմ գնում, այնտեղ կհանձնեմ փոստին:
Շա˜տ ծույլ եմ նամակ գրելու մեջ. ներո՛ղ եղիր:
Նախանձում եմ քեզ, որ թափառում ես իմ սիրելի Արփաչայի ափերում, Ալագյազի հովիտներում, Շիրակի երկնքի տակ. նախանձում եմ նաև, որ սիրո վիշտն ունես.- դրանցից ավելի բան չպիտի ունենա իսկական բանաստեղծը – սեր, վիշտ, բնություն, հայրենիք, և գաղափարական մտաշխարհ: Այդ բոլորը դու ունես, և վրան էլ ավելացրու մատաղ հասակ, նոր բխող աղբյուր. – ուրեմն ստեղծագործի՛ր, սավառնի՛ր, թռի՛ր:
Սևանում բավական լավ ժամանակ անցրի, թեև շա˜տ խըժուբըժ կար, շա˜տ աղմկող երեխաներ, բայց նորեն գեշ չանցավ: Չքնաղ ծովակ, հրաշալի երկինք, անհամար ադամանդային աստղեր, և այդ բոլորը իմս էր, կարող էի վայելել ու վայելեցի:
Գրեցի մի փոքր պոեմա և մի-երկու փոքր ոտանավորներ: Սակայն շատ կարդացի: Լողացա, թափառեցի լճի վրան ու կղզու շուրջը, կարդացի, խորհեցի:
“Մհերի” վերջը վաղուց է ավարտել եմ և հանձնել եմ “Խորհրդային գրականությանը”. Այս ամսում կեսը կհրատարակվի, կեսն էլ` մյուս ամսում. հետո` առանձին գրքույկով: Հարցնում ես, թե գո՞հ ես. երևակայիր, որ գեշ դուրս չեկավ, բավականին հաջող է և գոհ եմ: Ինչ որ գրում ես “Ուստա Կարոյի” մասին, ճշմարիտ է, բայց պիտի ժամանակ ստեղծեմ, որ ինքնամփոփ, բոլորանվեր, ժողովներով, վեճերով, և այլն, և այլն:
Հույս ունեմ, որ գլուխ կբերեմ այս իմ խորին տնենչանքս: Այս տարի, ո՛ չ-ուշ Սևանից վերադարձիս` մի քանի օր կմնամ Երևանում և կգնամ Լենինական. Քեզ կհայտնեմ, եթե դու այդտեղ լինես և ոչ թե Երևանում:

Ջերմագին բարևներով, Քո Ավետիք Իսահակյան`
Հ. Գ. Այսօր եկա Երևան, և կարդացի “Բևեռի առումը” գրվածքդ, շա˜տ և շա˜տ լավն է. մեծ թափով ես գրել, շքեղ պատկերներ կան, հոյակապ բան է, միայն մի քիչ երկարախոսություն կա, մի-երկու անտեղի, ավելորդ տողեր
Ապրիս, զորանաս
Ա. Ի.

Be the first who will comment on this
Yatuk Music
Elegy
Arno Babajanyan

Elegy

Aspiration
Aspiration
Play Online