Avetik Isahakyan

Հեքիաթ

Հին ժամանակ մի պատանի ասպետ էր ապրում. գեղեցիկ էր նա և սլացիկ, ինչպես մատաղ ցարասին, որ հասակ է քաշել առվակի ափին:
Քաջ էր նույնպես և բարի. օրերով ու գիշերներով ոսկեբաշ նժույգի պարանոցը գրկած սլանում էր նա շավիղներով ու մեծ ուղիներով. օգնության էր հասնում նեղ ընկածներին, ներելով չարերին ու նեղիչներին:
Նա այնքա՛ն բարի էր դեպի բոլորը, շնչավորն ու անշունչը, այնքա՜ն բարի, որ նրա ձիու սմբակները չէին պղտորում աղբյուրների ադամանդը, չէին տրորում քնքուշ ծաղիկները ճանապարհի եզերքների: Եվ բոլորը սիրում էին նրան:
Մի օր լեռների ծիրերով թռչելիս, նկատեց նա մի շողշողուն լճակ, մոտեցավ լճակին, և նրա վճիտ հայելու մեջ տեսավ մի չքնաղ աղջկա լուսեղեն դեմքը:
Լուսնկա գիշերների պես մեղմանուշ աչքերով և այրվող ծովերի պես բոցածուփ մազերով-նստել էր աղջիկը մարմարյա պատշգամբում և ասեղնագործում էր: Այնպե՜ս գեղեցիկ էր նա, այնպե՜ս գեղեցիկ, տենչանքների պես գեղեցիկ:
Ո՞վ էր նա. լճակի պարիկներից չէ՞ր արդյոք, որ ապրում են ջրերի հատակում, բյուրեղի ապարանքների մեջ:
Եվ պատանին անզուսպ կարոտով խթանեց ձին ու սուզվեց լճակի խորքը՝ հասնելու գեղեցկուհուն: Անցավ մի պահ. դուրս թռավ նժույգը ջրերի միջից, պատանին մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այնտեղ:
Տխուր կանգնեց ասպետը լճափին, մինչև անդորրացած ջրերը պարզեցին նորից իրենց հայելին, և այս անգամ տեսավ նա լեռներ միայն, հեռավոր լեռները՝ սպիտակ թագերով և երկինքը՝ կապույտ աչքով:
Ու այժմ միայն հասկացավ պատանին, թե ինքը տեսել է մի գեղեցկուհու ցոլքը, որ մի կախարդ ճառագայթ բերել է երազի աշխարհից ու նետել այս ջրերի վրա: Ո՞ւր գտնել նրան, ինչպե՞ս գտնել նրան…
Եվ լճակի մեջ էլ չէր նայում պատանին, -անրջական աղջկա պատկերը իր հոգումն էր հիմա ցոլցլում գիշեր ու ցերեկ:
Եվ գիշեր ու ցերեկ՝ քուն ու դադար չուներ նա, սիրավառ ասպետը. մշտապես նժույգի պարանոցին հյուսված՝ թռչում էր ամեն կողմ՝ որոնելով գեղեցիկ աղջկան: Եվ երկար որոնեց, երկար և ունայն:
Եվ երկար և ունայն որոնելուց հետո՝ մի օր իջավ նա գետակի վրա, գլուխն առավ ձեռների մեջ և լաց էր լինում անհույս, սրտաբեկ:
-Ինչո՞ւ ես լալիս, սիրուն տղա,-հարցրին ալիքները,-հա՞յրդ է գերի ընկած, թե՞ մայրդ է հիվանդ:
-Օ՛հ, մի՛ հարցրեք, պայծառ ալիքներ, ձեզ նման մի գոհարի շողքն եմ տեսել ու չեմ գտնում:
-Ավա՛ղ, մենք նոր եկանք, բայց ափի ծաղիկները այստեղ են միշտ, տեսած կլինեն, նրանց հարցրու,- մրմնջացին ալիքները:
-Անուշ ծաղիկներ, ձեզ նման մի չքնաղի բույրն է հոգիս գերել, չե՞ք տեսել նրան:
-Ավա՜ղ, մենք էլ չենք տեսել, սիրուն տղա, արտույտին հարցրու. նա բարձր է թռչում, տեսած կլինի վերևից նրան, -շշնջացին անուշ ծաղիկները:
-Արտո՛ւյտ, ոսկեթև արտո՛ւյտ, տեսե՞լ ես այն սիրուն աղջկան, որի հրապույրը իմ սրտում է հիմա միշտ:
-Ափսո՜ս, սիրուն տղա,-պատասխանեց արտույտը,-ես միայն արևն եմ տեսնում, ուրիշին տեսնելու ժամանակ չունիմ, հովին հարցրու. հեռուներից է գալիս, տեսած կլինի:
-Հովի՛կ, թափառական հովի՛կ,- աղերսեց պատանին,- հեռուներից ես գալիս, չե՞ս տեսել այն աղջկան, որի սիրով սիրտս հատնում է:
-Ա՛յ խեղճ տղա,-ասաց հովը,-ես տեսել եմ նրան հեռո՛ւ, հեռո՛ւ աշխարհներում, ծովերով, ծովերով հեռու, մարմարյա պատշգամբում նստած ասեղնագոծում է նա. ես լսեցի նրա հառաչանքը այն անհայտ ասպետի համար, որի հոգումն է իր պատկերը: Գնա՛, նա սպասում է քեզ…
Պատանին իսկույն նստավ նժույգը և թռավ, նետի պես արագ, կարոտի պես անհամբեր. անցավ յոթն օրվա դաշտեր, յոթը ծովեր բոլորեց- և մի օր, երբ արշալույսը ոսկու մեջ թաթախել էր երկնքի ամպերը և լեռների բաշերը,- տեսավ ոսկեվառ ապարանքը մարմարյա մտերիմ պատշգամբով:
Բարձրաբերձ և երկաթակուռ պարիսպները պատել էին ապարանքը. պատանին շրջեց չորսբոլորը ապարանքի, սակայն գոց էր պողպատյա միակ դուռը:
Խելակորույս խթանեց ձին բարձր պարիսպներն ի վեր. նժույգը թռավ-անցավ պարիսպները և կանգնեց ապարանքի բաց մուտքի առջև:
Սակայն մուտքի երկու կողմերը շղթան վզերին, որպես պահապաններ, կապված էին մի վագր կատաղի և մի խոյ ամեհի. վագրի առջևը խոտ էր դրած, իսկ խոյի առջևը՝միս:
Մռնչում էին նրանք քաղցի մոլուցքից, և ո՞վ կհանդգներ անցնել նրանց միջով, վայրկյանի մեջ պատառ-պատառ կանեին:
Ասպետը նիզակի ծայրով խոտը մոտեցրեց խոյին և միսը՝ վագրին. երախտագետ հայացքով նայեցին նրանք պատանուն և ճամփա տվին: Պատանին հևիհև բարձրացավ մարմարյա սանդուղքներով դեպի ապարանքի հոյակապ հարկերը:
Ամայի էր ամենուրեք. անցավ սրահից սրահ, դահլիճից դահլիճ և հանդիպեց մի փղոսկրյա դռան.ներս մտավ և տեսավ իր որոնած գեղեցկուհին: Նստել էր մարգարտահեռ աթոռի վրա, լաց էր լինում, այրվող ծովերի նման բոցածուփ մազերը երեսն ի վար: Մոտեցավ, սաղավարտը հանեց, սուրը նետեց նրա ոտների ներքո և խոնարհ կանգնեց նրա առջև:
-Օ՜հ, հրա՞շք է այս. մի՞թե դու ես այն ասպետը, որին տեսել եմ երազի մեջ. այո՛, իսկ և իսկ դու ես- հնչեց աղջկա բյուրեղ ձայնը. բայց ինչպե՞ս եկար այստեղ, հովն իր հևով, թռչունն իր թևով չէին կարող անցնել այս բարձր պարիսպներից: Ինչպե՞ս եկար դու:
-Քո սերն ինձ թև տվեց, քո կարոտն ինձ ուժ տվեց. հիմա կանգնած եմ քո սպասին, հրամայիր միայն…
-Բայց ո՞ւր ես ինձ տեսել, որ սիրում ես ինձ այսպես:
-Իմ հոգու մեջ ես քեզ տեսա, երկնքի և երկրի մեջ ես քեզ տեսա և սիրում եմ քեզ վաղո՜ւց, վաղո՜ւց. և քեզ համար մեռնելը՝ կյանք է ինձ համար:
-Դու որ սիրում ես ինձ այդչափ, շո՛ւտ տար ինձ այստեղից. ես վաղուց սպասում էի քեզ,-ասաց աղջիկը, և վարդի պես բռնկվեց նրա դեմքը…
-Բայց դու, իմ սեր, ի՞նչ ես անում այստեղ, մենակ, այս ապարանքում, և ինչո՞ւ ես լալիս:
-Ա՜խ, մի՞թե դու չգիտես. իմ հայրը այս երկրի իշխանն է, նա պատժել է ինձ՝ փակելով այստեղ. ամեհի կենդանիներին պահապան է դրել, համր նաժիշտներին սպասավոր կարգել. ես չուզեցա հարս լինել այն ատելի մարդուն, մի հզոր թագավորի, որի ավատն է հայրս և որին խոստացել էր ինձ անգութ ծնողս: Եվ այսօր վերջին օրն է, պիտի գա չար թագավորը հորս հետ և բռնի պիտի տանի ինձ: Ես պիտի մեռնիմ, եթե լքես ինձ…
Պատանին սրբեց աղջկա աչքերը, և համբուրելով նրա ձեռքը, դուրս ելան դահլիճից. վագրն ու խոյը հեզիկ՝ ճամփա տվին, նաժիշտները ապշած նայեցին նրանց հետևից. պատանին թռավ նժույգին, գրկեց աղջկան իր կրծքի վրա…և սլացավ նժույգը: Սլացան լեռների վրայով, բովերի և դաշտերի վրայով, գետերի և ձորերի վրայով…
Եկան հայրն ու հզոր թագավորն իրենց զորքով, տեսան՝ ապարանքում աղջիկը չկար. համր նաժիշտներից պատասխան չկարողանալով առնել՝ զայրացած թողին ապարանքը և ընկան լեռ ու ձոր գտնելու նրան: Ամեն ուղևորի ու քարավանի հարցում արին, բայց աղջկա հետքն անգամ տեսնող ու գիտցող չեղավ:
-Ա՜յ գետ, ա՜յ ջրեր,-հարցրեց հայրը գետին,-աղջկաս չտեսա՞ք, ձեր վրայով չանցա՞վ նա. եթե ասեք, ոսկի կամար կկապեմ ձեր մեջքին:
Գետի վրայով էին անցել տղան ու աղջիկը, բայց գետը չուզեց ճշմարիտն ասել:
-Մենք նոր եկանք, մենք բան չենք տեսել. հարցրու ափի ծաղիկներին, որ միշտ այստեղ են,-խուլ մռնչյունով ասին ալիքները:
-Ա՜յ ծաղիկներ, աղջկաս չտեսա՞ք, չանցա՞վ ձեր միջով. եթե ասեք, ցորենի տեղ մարգարիտի գինդեր կկախեմ ձեր ականջներից:
Ծաղիկները տեսել էին, բայց չուզեցին ճշմարիտն ասել:
-Մենք մեր վրայով միայն արտույտին թռչելով տեսանք, ուրիշ բան չենք տեսել:
-Ա՜յ արտույտ,- դիմեց հայրը նրան,- աղջկաս չտեսա՞ր, չանցա՞վ քո մոտով. եթե ասես, մետաքսե բույն կշինեմ քո ծղոտե բնի փոխարեն:
Արտույտն էլ էր տեսել, բայց պատասխան չտվավ, թռավ, անհայտացավ արևի ճաճանչների մեջ:
Եվ երկար, անօգուտ որոնումներից հետո հուսակտուր տուն դարձան հայրն ու թագավորը։

Be the first who will comment on this
Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

Red horse
Red horse
Play Online