Atrpet

Վիշապամայր

Ամառվան ջերմ ու պայծառ օր էր:

Կեսօրվան արեգակի ջերմ ճառագայթների խիստ տոթի ներգործությունից գալարվել, սմքել էին կենդանությունն ու բուսականությունը։ Մարդիկ քաշվել էին սաղարթախիտ ծառերի, շվաքների տակ կամ մտել էին ներքնատները զովանալու և հանգստանալու։ Կենդանիները, թռչունները, նույնիսկ միջատներն ու մժղուկները պատսպարվել են տերևների, քարերի տակ, ապառաժի ճեղքերում, խույս են տվել կիզիչ արևի խանձող ճառագայթներից։ Ծառերի տերևները, պարտեզի ծաղիկներն ու բանջարները, բամբակի թփերը, նույնիսկ բրնձի մարգի մեջ ճոճվող եղեգները թոռոմել, թորմշել էին։ Գոմեշները մտել էին գետերի, լճակների կամ ճահիճների ջրերը, տարածվել, հովանում էին։ Գետինը սոսկալի տոթից տեղ-տեղ ճաքճքել էր, ծառերի արմատները դուրս էին թափվել, չորացել ու ճեղճղվել էին։

Տոթից հառաչող ամեն մի շրթունք աչքերը երկինք հառած մրմնջում էր.

- Ա՜խ, գթառատ տե՛ր, մի կաթիլ անձրև շնորհիր, ողորմիր ու աշխարհ զովացրու։

Նույնիսկ անասունները բառաչելով, կարծես երկնքից թոն ու թաթավ էին աղերսում։ Թոռոմած բույսերի ցմքած, թուլացած կատարները վար էին կախվել, անձրևի սպասում։

Այս խեղդող տոթին Արարատյան դաշտում, Դվին քաղաքի արևելքում տարածված Բլրակ ավանում մի մեծ ապարանքի շվաքում սպասավորները ճանապարհորդական պատրաստությամբ էին զբաղված։ Հատկապես կանչված վարպետները կարգի էին գցում ջորիների համետները, եզների պարկերը, ուղտերի վզնոցները, զանգակները, բոժոժները, ձիերի սանձերն ու թամքերը։ Մի կողմը ջորիների, մատյանների սմբակներն էին տաշում ու պայտում, մյուս կողմը պայուսակներն ու պարկերը մաքրում, մախաղները կարկատում։ Բակում հյուսները պատգարակներն էին վերանորոգում, ներկում, զարդարում։

Վարպետների պահանջած իրերի մատակարարներն ու մառանապետերը մեծ հապճեպով նրանց հասցնում էին։ Թեև օդը շնչահեղձ դարձնելու աստիճան ջերմացել էր, բայց վարպետները անընդհատ շարունակում էին վերանորոգությունը խիստ շտապ։

Շտապեցեք, գոռում էր կալվածատեր Եզնակ իշխանը, զուր ժամ մի՜ վատնեք։ Այսօր անշուշտ նվիրակի հետ ճանապարհ պիտի ընկնեք, որ առավոտ Վարդեհերի տոնին հանդիսատես լինեք Վիշապամոր այցին և ականջներով լսեք նրա պատգամները։

Դուռ ու բակ լցվել-կտրել էին դրացիներն ու ծանոթները, որոնք անվերջ կրկնում էին.

Երանի ձեզ, երանի աչքերիդ, թող Վիշապամորը հաճելի լինի ձեր պատարագը և նա որդուն՝ Վիշապահորը թախանձն առատ թաթավով օգնության հասնելու մեր հանդաստանին:

Ետինք դեռ չեղած, Եզնակ իշխանի ապարանքից դուրս եկան և ճանապարհ ընկան ուխտավորները իրենց բեռնավորված ջորիներով, ուղտերով, գրաստներով և եզներով։ Սրանց շրջապատել էին գույնզգույն տարազներով զարդարված ջորեպաններն ու անասնադարմանները, որոնք աղմկալի առաջ էին գնում՝ անվերջ զննելով անասունների բեռներին։ Սպասավորների խայտաճամուկ տարազի նման բազմերանգ զարդարված էին քարավանի գրաստները իրենց զարդարուն վզնոցներով, երասանակներով, ու բեռները ծածկված էին գունագեղ և շերտավոր ջեջիմներով, կարպետներով։ Քարավանը դեռ ավանից դուրս չէր եկել, երբ Եզնակ իշխանի տիկինը բազմեց սպիտակ և վիթխարի ջորիների բարձրացրած պատգարակը իր կրկնակ նաժիշտներով։ Տիկնոջ պատգարակին հետևեցին ուրիշ հինգ պատգարակներ, որոնց մեջ տեղ բռնեցին իշխանի դստրիկները, հարսները, թոռները՝ նաժիշտներով և աղախիններով: Պատգարակներին շրջապատել էին վաթսունևվեց կտրիճ ձիավորներ, որոնք զինված էին գոտուց կախված կարճ ու լայն դաշույններով և երկար նիզակներով, երկծայր արույրե բզանները ոսկու նման շողշողում էին արևի ճառագայթների տակ։

Մի քանի րոպեից պատգարակները հասան բեռնակիրների քարավանին և շարունակեցին իրենց ուղին բեռնակիր անասունների վզերից կախված զանգակների ղողանջյունով։ Ջորեպանները ետ չմնալու համար անվերջ բզում էին ջորիներին իրենց սրածայր մահակներով և կրկնում. «Չո, չո», որոնք դաշտից դուրս գալիս և դարիվերի տակ հասնելուց հետո ավելի դանդաղեցրին իրենց քայլերը։ Գրաստներին ավելի խրախուսում էր և առաջ մղում այն երգերի և չվերգների եղանակները, երգիչների ուժեղ և խրոխտ ձայնը, քան թե ջորեպանների բզանները։ Իսկ դաշտից դուրս գալուց և Գառնու հովիտը մտնելուց հետո արևամտի ժամին, վերջալույսի բազմերանգ գույների, արծաթափայլ, ոսկեզեղուն ամպիկների և բոցավառ ու մանիշակի ցոլքերի ազդեցության տակ այնպես էին երգում երիտասարդներն ու պատանիները, որ հովիտի ամբողջ կողերը՝ ապառաժներն ու բարձունքները որոտընդոստ արձագանք էին տալիս նրանց երգերին։ Գլխավոր պատգարակի մեջ բազմած էր տիկին Անուշը՝ իշխանի սիրելին և ժողովրդի պաշտելի կինը, որի կողքերին չոքած մատաղահաս նաժիշտները անվերջ հովհարում էին կիսաթմբիր ընկողմանած տիրուհուն։ Անուշը դեռահաս չէր, նա քառասուն գարուն էր անցկացրել, բայց նրա կազմը, թարմությունը, փայլուն աչքերը, մանավանդ սաթի նման սև ծամերի հյուսքերի շարանները տիկնոջը դեռատի օրիորդի տեսք էին տալիս։ Նաժիշտները հազիվ տասնևհինգ տարեկան լինեին, բայց այնքան ուշիմ էին շարժվում, որ նկատողը կարող էր նրանց կրթության վրա հիանալ։ Նաժիշտներից մեկը ոսկեհեր, կապույտ՝ երկնագույն աչքեր ուներ, մյուսը շագանակի մազեր, ձիթագույն բիբերով։ Երկուսի էլ մորթը ձյունի նման սպիտակ էր, երկուսի էլ այտերը վարդի նման, իսկ շուրթերն ու ականջները կարծես որդան կարմրով ներկած լինեին։

Թե՛ տիկինը և թե՛ նաժիշտները բեհեզի թափանցիկ հանդերձ էին հագած, տիկնոջը՝ վարդագույն, իսկ նաժիշտներինը՝ մարմնագույն, որոնց մեջ ամփոփված մարմնի ձևն ու կազմը նկատվում էր։ Տիկնոջ գլխի վարսակալը, ոսկեզօծ կապերն ու նրանց միջի գույնզգույն գոհարները նրան զանազանում էին հարճերից, որոնց վարսակալը թարմ վարդերից էր հյուսված։ Քարավանի երիտասարդների և քաջամարտիկների աչքերն ու ուշքը կենտրոնացած էին տիկնոջ, հարսների ու օրիորդների պատգարակներին, որոնց բոլորի էլ հագուստի ու զուգսի մեջ շատ քիչ տարբերություն կար։

Զրահավորված կտրիճները գնում էին պատգարակները շրջապատած, նետ-աղեղները, սուր նիզակները միշտ ձեռքներին պատրաստ, շրջահայաց, որ կարևոր դեպքում կարողանան անակնկալների դեմ մարտնչել, վայրի գազաններից և լեռնական հրոսակներից պաշտպանվել։ Կտրիճները շրջապատած էին երկու դեռահաս իշխանի, որոնցից անդրանիկը պատգարակների աջ և կրտսերը՝ ձախ կողմից էին առաջնորդում հետևորդներին։

Ջորիներին, ուղտերին և գրաստներին բեռնավորված տանում էին ուխտավորների վրանները, փռվածքը, ուտելիքի պարկերը և զոհերը։ Յոթ զարդարված երկծին խոշոր ցուլեր առաջ էին վարում, յոթ վարազ, հատկապես որսված Արմավիրի շամբում և փակված պատգարակ վանդակներում կրում էին հատուկ գրաստներ։ Յոթանասունը յոթնական գառ և ուլ հինգական ամսվան, յոթ մեծամեծ վանդակներում զետեղված էին հավ, բադ, սագ, տատրակ, կաքավ, փասիան և աղավնի, որոնք ուղտերին էին բեռցած։ Գրաստները տանում էին յոթ զույգ այծի տկերով գինի, եզներին բարձել էին յոթ կրկնաջվալ շարմաղ ալյուր, յոթ մախաղ օսլա, յոթ պարկ չամիչ ու նուշ և յոթանասուն խախալով բաղարջ ու գաթա։ Բացի այս, տիկնոջը հանձնված էր ասվի, բամբակի, քաթանի և գույնզգույն ու ծաղկե նուրբ կտորներ բաշխելու մեհենական սպասավորներին, քրմուհիներին և քրմերին։

Քարավանն անընդհատ բարձրանում էր Գառնիի ձորով, օձապտույտ ճանապարհով առաջ գնալով առվակի աջ ու ձախ ափերով։ Բեռնակիրների վզերից կախված զանգակներն անվերջ զնգզնգում էին, այդ ձայնի ներգործության տակ անասունները շորորալով վեր էին բարձրանում, կարծես անբան կենդանիներն էլ հասկանում էին, թե ուրախ զվարճության էին գնում։

Երեկոյան զով քամին սփռել էր հովություն, դաշտի տոթից դուրս եկած քարավանին տիրել էր ուրախություն և հրճվանք։ Ձիավորներն իրենց քաղցր ձայնով սկսել էին երգել ու թնդացնել ձորը, գրավելով ուխտավորների ուշքն ու միտքը։ Դեռ արևի ճառագայթները չէին անհետացել, երբ հեռվից նկատեցին Գեղարդի լեռնալանջերն ու ապառաժի կողերում փորված մեհյանի դռներն ու քարայր բնակարանները։ Շատ հեռվից արդեն նկատվել էին մշտավառ ճրագները, որոնց ձեթը, ճարպը և մոմը մատակարարում էր ամբողջ դաշտը։

Ճրագվառոցին ուխտավորները հասան Գեղարդի մեհյանը։ Ձիավորներն իջևանեցին Վիշապաքաղին և Վիշապափայլին նվիրված տաճարի բակում։ Տիկինն իր դստրիկների ու հարսների հետ իջան պատգարակներից, անմիջապես վառեցին սպանդարապետանվեր մեղրամոմերը, բաժանեցին երկու սեռին էլ, գնացին կանգնեցին ժայռամիջի ապառաժյա գավթի հովանոցում, սպասելու մեհյանական դռների բացման։ Քուրմերն իսկույն իմաց տվին քրմուհիների ավագուհուն, որը քարե սանդուխքներից ցած իջավ, սիրալիր ընդունեց ուխտավորների ողջույններն ու մաղթանքները և նրանց ձեռքերից մոմերն առնելով՝ մտավ մեհյան ճրագները վառելու Վիշապաքաղի և նրա զուգակցի՝ Վիշապափայլի անդրիների առաջ։ Տաճարի խորքում, ապառաժի կողին, յոթ աստիճան պատվանդանի վրա կանգնած էին անդրիները։ Այս պատվանդանների ետևը, դարձյալ ապառաժից, դուրս էր փորված մի մեծ։ սեղան, երկու գրկաչափ երկարությամբ և երկու թիզ լայնությամբ։


Վիշապաքաղի և Վիշապափայլի անդրիները կանգնեցրած էին բոլորովին մերկ, ամպերի գլխին, գեղարդածայր նիզակները ձեռքներին, դեմքերն աջ ու ահյակ, կարծես սլանում էին երկնքում։ Հողմերը նրանց մազերը ծփացնում էին, ամպերը ձյունափայլ ծիրանու նման տարածվել էին նրանց չորս կողմը, թև֊թևի տված, կարծես թե թռչում էին օդի մեջ։ Նրանց վես հայացքից կայծեր էին փայլատակում, նրանց շրթունքներից ու պնչներից թվում էր, թե որոտներ էին թնդում։ Հեռվից, դռան բացվածքից զննում էին ուխտավորների այս ահաբեկ տեսարանը և չոքեչոք երկրպագում, որ իրենց և յուրայիններին հաշտ աչքով նայեն որոտների, փայլակների սփռողները և իրենց հանդերն ու երամակները ազատեն չար պատուհասներից։


Այս միջոցին սպասավորներն ու սպասուհիները բացին պարկերն ու կապոցները, Վիշապաքաղի, Վիշապափայլի համար հատկացված կերպասե նվերները, ուտելիքը և մեղրամոմերը դուրս բերին, տարան հանձնեցին քրմուհիներին հատուկ քարայրում։ Այդտեղ քրմապետն առաջ եկավ, ընդունեց Վիշապաքաղի հատուկ զոհի այծիկներին, սրեց դանակը և անմիջապես տվեց սպանդին, որը զոհերը զենեց։ Մինչ սպանդը կատարում էր իր պաշտոնը, քրմապետը եզի աքին թաթախեց զոհերի արյունի մեջ և սկսեց, գոհացողական աղոթք մրմնջաց ու ասաց աչքերը երկինք հառած․


Թող քաղցրանա Վիշապամոր ու Վիշապահոր աչքը համ այն աշխարհի վրա, հատկապես ձեր կալվածների, արոտների, պարտեզների և բանջարանոցների վրա, դրանք ազատե կայծակից, կարկտից, ցրտահարից, կրակից և այլ անակնկալներից։ Աղերսում եմ Վիշապաքաղին, Վիշապափայլին, որ ամեն վտանգից Խալդի զավակներին, ինչպես Ուրարդի, նույնպես Արտուրարդի սահմաններում, հատկապես Բլրակի Եզնակ իշխանի շնչավոր և անշունչ ամեն մի ստացվածքը պաշտպանե սպանդարապետական պատուհասներից։


Իսկույն այծերի մորթիները քերթեցին, որն .էջ տիկ հանեցին, կրակները վառեցին, ճարպի կտորներից այրեցին և մսերից խորոված պատրաստեցին, որ կերակրեն մեհենական սպասավորներին։ Ուխտավորները իրենց զարդերից մեհենական մաս ու բաժին տալուց, լիաբերան օրհնություններ ու հուսադրություններ ստանալուց հետո իրենց պայուսակներից ընթրեցին ու ճանապարհ ընկան դեպի Վիշապազանց բարձունքը։

Պատգարակ նստելուց առաջ տիկինը համբուրեց, օրհնեց մի յոթ տարվան կույս, որին հագցրել էին սպիտակ շորեր և զարդարել էին սպիտակ վարդերով ու շուշաններով, առաջնորդեց Գեղարդի մեհյանի դռան առաջ, չոքեց և խնդրեց, որ այդ անմեղ աղջկան աղախին ընդունեն ծառայելու Վիշապաքաղի և Վիշապափայլի տաճարում։ Քրմուհիներն իսկույն առաջ եկան և կույսի ձեռքից բռնելով տարան մեհյանի գավիթը, որ այդ ընծայված կույսին զննե ավագ քրմուհին և վճռե, թե կարելի՞ է ընդունել։ Քրմապետուհին չոքած խնդրվածք էր անում Վիշապաքաղից, որ փորձանքներից ազատե ուխտավորներին։ Այդ դիմումից սթափված ետ դարձավ, ոտից-գլուխ զննեց ընծայվածին, քիչ խորհեց և ասաց ընկերուհիներին.

Շատ գեղանի է դառնալու, գուցե մի օր ավագի աստիճանի հասնի։

Անշուշտ, պատասխանեցին բոլորը միաձայն և հավանություն տվին ընծայվածին մեհենական ծառայության ընդունելու։

Գոհ սրտով տիկինը իր շնորհակալությունը հայտնեց մեհենական քրմուհիներին, քրմապետին և բարձրանալով պատգարակ, ճանապարհ ընկան դեպի իրենց ուխտատեղը՝ Վիշապազանց բարձունքը։

Աղջամուղջ էր, գիշերային մռայլը դեռ չէր անհետացել։ Ամառվան տապ գիշեր էր։ Թեև զեփյուռը մեղմ փչում էր, բայց օդը, ջուրը, մանավանդ գետինն ու ապառաժները ցերեկը արևի ջերմ ճառագայթների տակ այնպես էին բորբոքվել ու տաքացել, որ ամբողջ գիշերը անցնելուց հետո լուսադեմին էլ դարձյալ ջերմացնում էին անցորդին։ Գեղարդի ձորից վեր էր բարձրանում ուխտավորների քարավանը, որի աղմուկը, գրաստների սմբակների դմփումը, զանգակների ձայնը խանգարել էին բնության հանգիստը։

Բնությունը խավարի և խոր քնի մեջ էր, դեռ վարդամատ արշալույսը չէր բոցավառել արևելքը։ Քարավանն էլ դեռ լեռնադաշտը չէր բարձրացել, երբ նախարշալույսի աղոտ շողքերը սփռվեցան, և արևելքում հորիզոնը ամպիկների և մառախուղի արանքից մութ մանուշակագույն երիզով զարդարվեց։ Իսկույն ձիավորներից ավագի սպիտակ նժույգը խրխնջաց և ցատկռտելով առաջ անցավ։ Իշխանների ձեռքերում ճոճացող նիզակների կրկնակ ծայրերը, սպիտակ թաղիքե երկար քոլոզները, պղնձե վահանները սկսեցին փայլփլել արշալույսի շողքերի դեմ։ Սպիտակ նժույգի կայտառ ոստումները ոգևորեցին մյուս նժույգներին, ձիավորները խավարի խոլ մտքերից սթափված ասպանդակեցին երիվարներին՝ սանձերը պինդ-պինդ քաշեցին։

Այս շարժումները կենդանացրին ուխտավորներին, որոնք ոգևորված սկսեցին քննել իրենց շուրջը կատարվածները։ Որքան որ տոթը և կիզիչ արևի ճառագայթները դեղնացրել, չորացրել էին Ուրարդի դաշտի բերքն ու բուսականությունը, որ անձրևի ջրի կարոտ խանձվել էր, այնքան նրա հակառակ դալարապատ էին Գեղարքունիի լեռնալանջերն ու գագաթները, որոնց մեջ քնքուշ կանաչը, բազմերանգ ծաղիկների անուշ բույրը հրապուրում ու արբեցնում էին ուխտավորներին։ Վիշապազանց բարձունքի մեղմ կլիման, զով ու խոնավ քամիները, ցողն ու շաղը, աղբյուրների ջրերը և լճակները պաշտպանում էին այնտեղ դալարը գարնան սկզբներից մինչև ուշ աշուն։ Այնտեղ արոտները լիքն էին ոչխարներով, այծերով, կովերով և վայրի կենդանիներով, որոնք միշտ ճարակ ունեին մինչև ձյունի սավանով դաշտի ծածկվելը։ Խոտն այնքան էր բարձրացել, որ ծածկել էր քարի ու ապառաժի կտորները։ Որքան աստիճանաբար արշալույսը զորանում էր, այնքան գրավիչ էր դառնում բնությունը իր բազմերանգ տեսարաններով։

Այգու հաճելի զեփյուռը, գեղազվարճ դալար տեսարանը, մուգ կանաչ անտառները, բարձրաբերձ ապառաժները ջինջ երկնքի տակ այնպիսի սքանչելի տեսարան էին կազմել, որ գրավել էին քարավանի ոչ միայն քնքուշ սեռի աչքն ու ռունգը, ուշքն ու միտքը, այլ նույնիսկ ջորեպաններն ու բանվորները հիացած էին բնության հրաշալիքներով։ Քարավանը գիշերն անընդհատ, մինչև լույս շարունակելով իր ուղին, հոգնած ու դադրած, թուլացած ու տանջված էր հասցրել ուխտավորներին լեռան բարձունքը, բայց զով եղանակը, անուշ բույրը, մանավանդ արշալույսի բազմերանգ տեսարանները այնպես էին հրապուրել ուխտավորներին, որ նրանք մոռացել էին իրենց ջարդված ոսկորների ցավն ու խոստուկը, դյութված բնության հրաշալիքներից, անհագաբար զննում էին շրջապատը, հեռավոր հորիզոնը և ագահաբար ծծում, շնչում անուշ բույրը։ Լեռների բարձունքից աչքի էին ընկնում ծովահայաց լեռնագագաթները։ Արագածն ու Ծաղկոցաձորի բարձունքը, Մասիսն ու իր մանրունքը, Բարդողն ու Սուկավետը, որոնք շրջապատում էին Ուրարդի ահավոր դաշտը։ Սրանց գերիշխում էր գեղատեսիլ Մասիսն իր սպիտակափառ գագաթով, արծաթափայլ ճառագայթներով։ Որքան վեր էր բարձրանում քարավանը, այնքան վեհանում և սքանչանում էր տեսարանը։

Վերջապես քարավանը հասավ Վիշապազանց սարահարթները, երբ արևի աոաջին շողքը պսպղաց հորիզոնի ետևից և երկնքում նկատվեցին լուսափայլ ճառագայթները։ Հեռվից նկատեցին վիշապազունների մեծամեծ ավազաններն ու լճակները, իրենց լուրթ, կապույտ ջրերով, դալարապատ ափերով և միգապատ բարձունքներով։ Լճակների հայելանման հարթ մակարդակների երեսին իսկույն ցոլացին սպիտակ ճաճանչները, կարծես երկնային շողը վայրկենական արագությամբ արծաթապատեց ջրերի խաղաղ երեսները։ Ահավոր լեռնադաշտի երեսը ծածկված էր մի քանի տասնյակ ավազաններով, որոնց մեջ ամեն կողմից նկատելի էին սրբազան Վիշապազանց տոհմի ձկնանման անդրիները զանազան ձևերով ու դիրքերով։ Ամեն մի ավազանում մի քանի տասնյակ վիշապարձաններ էին կանգնեցրած՝ ձկի մարմնով, ուղղաձիգ, որոնց աչքերը երկինք հառած, բերանները վերի կողմը բացած, կարծես տքնում էին երկնքից ամպերը ցած քաշել, ծարավները րավներլւ հագեցնել, ավազանները լցնել, առուները հորել և ջրերն իջեցնել իրենց դաշտերը՝ ոռոգելու աշխատավոր հանդաստանը:

Վիշապազունները ինչ դիրքով ու պատկերով որ երևացել էին ժողովրդին դարերի ընթացքում կամ թե նրանց ինչպես էին երևացել ավազանների սպասավորները, երկրի գուսանները, մտքի քարոզիչները այնպես էլ արձանացրել էին քանդակագործները, այդ որձաքար անդրիներով հավերժացրել նրանց հիշատակը։ Բազմաթիվ էին այդ հսկա անդրիները, կերտել էին առանց խնայելու ջանքերն ու աշխատությունները։ Իշխանը՝ տիկին Անուշի անդրանիկը, շուրջը զննելոլց հետո մոտեցրեց իր հովատակր ուխտավորների առաջնորդի ջորուն և, ցույց տալով ավազանի մեջ կանգնեցրած ձկների որձաքարե անդրիները, հարցրեց.

Ինչի՞ են ուղղաձիգ, պոչի վրա կանգնեցրել ձկների անդրիները, չէ՞ որ ձկները հորիզոնական ուղղությամբ են լողում ջրի մեջ։ Ուխտավորներին առաջնորդում էր Վիշապամոր վանքի նվիրակը ման էր գալիս գավառից գավառ, վերահսկում Վիշապազանց առվի մաքրության, վերանորոգության, ջրի արդար բաշխման վրա։ Նա քարոզում էր անձնվիրությամբ պաշտպանել և բարեկարգել առուները, կապվել հոգով Վիշապազանց տան հետ, ուխտի գնալ և ջրբաշխության կանոնավորմանն աջակցել։ Նվիրակը ոչ միայն քուրմ էր, այլ նա նշանավոր դեր էր կատարում քրմական շրջանում իր գիտությամբ։

Ւշխան, պատասխանեց նվիրակը, դրանք ձկների անդրիներ չեն, այլ Վիշապամոր և նրա սերնդի պատկերներն են այլևայլ ձևերով։ Ինչպես ծովի վրա Մայր-վիշապը՝ ինքը թաթարը ուղղաձիգ սյունի նման կանգնում է, երբեմն միաժամանակ հինգ-տասը տեղ սյունացած բներով, այնպես էլ ավազանների մեջ նրա անդրիները կանգնեցրել են ձկնաձև,որոնց թիվը 666 է համարվում։ Հնդկական քուրմերը իրենց աստվածների երևույթները հասցնում են 333 հազարի։ Երեք թիվը նրանց համար սրբագործված է, մենք ունենք սրբագործված երեք զույգ մի կենտ 7 թիվը, որը կազմում էր մեր յոթն անունը։

Վիշապամայրը իսկապես ինքը որտե՞ղ է ապրում,– հետաքրքրված հարցրեց իշխանը նվիրակից, որ սիրահոժար պատմում էր ունկնդիր-երիտասարդին հին, անցյալ նախորդներից իրեն հասած ավանդությունները։

Նա միշտ այս աշխարհի վրա է ապրում, գլխավորապես ջրերի մեջ, լճակներում, ասաց խոսակցությանը լրջություն տալով նվիրակը։ Մայր–վիշապը ընդհանրապես ծովերի երեսին է, որն անդադար շոգիացնում և գոլորշիացնում է ջուրը, մրրկում ու փոթորկում է ծովերը, որպեսզի առատ շոգի բարձրանա դեպի երկինք։ Երբ կարիքը սաստկանում է, նա հաճախ սյունաձև կանգնեցնում է ծովի ջուրը և երկինք մղում, երբեմն նույնիսկ ջուրը իր բովանդակած ձկներով և զեռուններով դեպի ամպերն էր բարձրանում։ Մայր-վիշապի անդրանիկը՝ Վիշապամայրը, որ միշտ երկնային բարձունքումն է, ամպերի գլխին, անվերջ վեր է ձգում, կլանում է ինչպես գոլորշիները, նույնպես ծովի ջրի անուշ մասը, թողնելով աղին ու լեղին հատակում։ Վիշապահայրը այդ շոգիներից ամպեր է կազմում, տանում է ցամաքի խորքերը և երկնքից տեղատարափ վար է թափում երկրի երեսին, չորացած ու շիկացած գետինը ջրելու, հովացնելու, բույս ու անասուն հագեցնելու, զովացնելու, թարմացնելու, վերստին կյանք ներշնչելու, աճեցնելու, բազմացնելու համար։

Ինչի՞ց է առաջացել Վիշապամայրը։

Նա Հուսո Հորից՝ արեգակի բոցից բաժանվել է, եկել աշխարհս կազմել։ Նա Լուսահոր մասն է։ Վիշապամայրը չկարողանալով տանել երկնային ջերմությունը, անջատվել է կազմել է երկիրը և կյանք է տվել ինչպես իր անդրանիկին՝ Վիշապահորը, նույնպես անդրանիկուհուն՝ Ոսկեմորը, որոնք կենդանացրել են ու զարգացրել ամբողջ աշխարհը։ Վիշապահայրը երկնքից առատ թափում է երկիր ցող ու անձրև։ Ոսկեմայրն էլ ոռոգելով այդ սիրո հորդառատ աղբյուրներով, արտամղում է երկրի միջից անհուն և անսահման բարիք։ Ուրեմն վիշապաղունները անջատ են ապրում։

Բեղմնավորման և աճեցման սահմանողները հավիտենականապես տապակվում են իրար սիրով։ Լուսո հայրը Վիշապամոր անջատումից անհուն վշտով համակված, առավոտից մինչև իրիկուն իր ճառագայթներով լողում է չբերի երեսին, թափանցում է խորքերը, ձգում է իրեն Վիշապամորը, բայց վերջինս իր հարազատների սիրուն չի կարողանում թողնել երկիրն ու վերադառնալ նախկին հուր հնոց Լուսո հոր բնակարանը։ Վիշապահայրն ու Ոսկեմայրն անսահման ժամանակներից տապում են իրար սիրով, բայց այդ սերը չի զորում, որ մեկը ամպերից ցած գա, անջրդի թողնե երկիրը կամ Ոսկեմայրն երկինք բարձրանալով առանց բեղմնավորության թողնե երկիրը, անապատի վերածե։ Մայր ու որդի իրար հասնելու, իրար գրկելու ցանկություններից և իղձերից բորբոքված, հաճախ ծովերի վրա թևերն իրար են տարածում, Վիշապահայրը ամպի կախված բազուկներով, Վիշապամայրը ջրերի սյունացած դաստակներով իրար գրկելու, կարոտներն առնելու, զգացումներն իրար հաղորդելու, առանց սրտերի փափագներին հասնելու, րոպեական հանդիպումից հետո վերստին անջատվում են։

«Վիշապահայրն այնքան է սիրում կյանքը՝ բույսն ու կենդանությունը, այնքան նրա սրտին մոտ են կենսական բեղմնավորությունը, աճումն ու սնունդը, զարգացումն ու բարգավաճումը, որ նա, ծովերի շոգիացած ջրերը երկինք հասնելուն պես, իսկույն թողնում է Վիշապամորը, անցնում է լեռները և աշխարհը ոռոգում, որպեսզի իր սիրելի Ոսկեմոր արտադրած կենդանության առատ ջուր հասցնե, նրանց աճեցողությունը սաստկացնե ու արագացնե։ Ոսկեմայրը, որ առատության եղջյուրներով ոռոգում է դաշտ, ձոր ու սար, հարազատ մոր նման դիեցնում է բուսական աշխարհը, իր կաթով անմահություն է բաշխում կենդանական աշխարհին, այնքան է հոգով կապված այդ կենդանության հետ, որ թեև տառապում է Վիշապահոր սիրով, բայց նա, հավերժական կյանքն ու գոյությունը կենդանության աճեցման և բողբոջման մեջ նկատելով, չի թողնում երկիրն ու չի բարձրանում իր պաշտելի Վիշապահոր մոտ։

էլ ի՞նչ աստվածներ են, որ իրար սիրով տապում են և իրարից անջատ են ապրում, իրենց բաղձանքին չեն կարողանում հասնել, ասաց դեռատի իշխանը, ուշքն ու միտքը լարած լսելով նվիրակի նկարագրությունը։

Շատ պարզ է, շատ որոշ, ասաց ժպտալով ծերուկ նվիրակը։ Եթե լավ մտածենք, աշխարհում ոչ մի բույս, ոչ էլ կենդանություն չենք կարող գտնել, որ աճած լիներ առանց Վիշապահոր զգալի ներգործության։ Հեռացրու ջուրը, բաժանիր խոնավությունը ամեն մի կենդանությունից, նա իսկույն կչորանա։ Իսկ չորանալը մահվան և ջնջման հետևանք է։ Վիշապամայրն անջատվել է Դիաուսից՝ արևից, որ կյանք տա, հավերժական կենդանություն բաշխե աշխարհին։ Եթե կյանքը աշխարհում մեռնի, մեռած է ինքը՝ Վիշապամայրն իր ամբողջ սերնդով։ Որովհետև անմահ է և հավիտենական Վիշապամայրը, նրա անմահությունը աշխարհի կյանքի մեջն է։ Առանց ջրի աշխարհի երեսին չի կարող բեղմնավորվել ոչ մի սերմ։ Ամեն կյանք անմիջապես կդադարի, եթե մի ժամ, մի օր դադարեցնե Վիշապահայրը իր գորովալի խնամքը։ Եթե դադարի կենդանությունը, իսկույն պետք է դադարած համարել Վիշապամոր գոյությունը։ Նախ պիտի անհետանա ջուրը՝ խոնավությունը, ցողն ու անձրևները, որպեսզի ջնջվի կենդանությունը։ Իսկ ով կարող է ջնջել ջուրը։ Կենդանական և բուսական աշխարհը ինքը՝ Վիշապահայրն է կերպարանափոխված պատկերներով, ինքն է, որ սնանում է Ոսկեմոր կաթով և ինքն է, որ իրեն կյանք է տալիս։ Ո՞ր արարածը, ո՞ր գոյությունը կարող է ինքն իրեն չսիրել, կարող է ինքն իր գոյությունը ջնջել։ Ահա այս պատճառով Ոսկեմայրն ու Վիշապահայրը թեև իրարից անջատ են ապրում, իրար սիրով տառապում են, բայց ամեն րոպե, ամեն մի վայրկյան իրար ընդհարվում են։ Նրանք իրենց բաղձանքին հասած են, միայն թե իրենց գոյությունը հավերժացնելու համար անջատ և իրար կարոտը քաշելով են ապրում։

Ուրեմն մենք էլ Վիշապամոր մասն ենք կազմում, մենք էլ աստված ենք, մենք էլ Վիշապազանց անմիջական արտահայտություն ենք, ասաց խոհուն դեմքով դեռահաս իշխանը։

Այդ անկասկածելի է, իշխան,- ասաց ձիու սանձը քաշելով քարավանի ղեկավարը և դառնալով տիկնոջը.

Ահա արևի ճառագայթները հորիզոնից բարձրանում են, մենք էլ մոտեցանք Վիշապազանց ավազանները։ Հարկավոր է կանգնեցնել քարավանը, ցած գալ ձիերից և հետո շարունակել մեր ուղին։

Անմիջապես ուխտավորներն իջան իրենց նստած ձիերից, պատգարակներից և խումբ-խումբ առաջ ընկան։ Ջորեպանները քարավանն ուղղեցին լճակների արևմտյան բարձունքները, որտեղ բարձրացել էին սև ու սպիտակ վրանները և գույնզգույն զարդարանքներով տաղավարները։ Խումբ-խումբ բաժանված առաջ էին գնում ուխտավորները, մունջ, ամեն մարդ իր խոհերին անձնատուր եղած։ Երբ նվիրակը մոտեցավ խոհուն իշխան Ցոլակին, վերջինս կրկին դիմեց նրան.

Մի՞թե Վիշապամայրը մշտապես ապրում է այս լճակներում։

Ո՛չ, նա ամեն տեղ է, բոլոր ծովերումն է։ Ուրարդայի մայր վիշապը թեև հաճախ հայտնվում է Վիշապազանց ավազաններում, բայդ նա միաժամանակ հայտնվում է Տոշպի (Վանի), Պարսուայի (Կապուտանի), Գեղամի (Սևանի), Զարիշատի (Չլդր), նույնիսկ Պոնտականի և Կասպիականի ջրերում։ Ինչ որ Վիշապահայրը երկնքում, նույնն էլ՝ Վիշապամայրը ծովերում, միևնույն է Ոսկեմայրը ցամաքի վրա։ Սրանք մի բնություն, մի կամք և միևնույն ծագումն ունին։ Նրանց ձգտումն է աճեցնել, զարդարել ամբողջ երկիրը և անապատներն էլ խլել Դևի իշխանությունից, դրախտի վերածել։

Եթե այդքան սիրում են կյանքն ու բույսը, եթե կենդանությունը նրանց իսկական արտահայտությունն ու պատկերն է, ապա ինչի՞ են թողնում, որ Վիշապաքաղը Վիշապասայլի հետ կայծակով խփե, այրե ու փչացնե կենդանիներին ու անտառները։ Կամ ինչի՞ Վիշապաքաղը կարկտահարում է մեր այգիները, բանջարանոցները և արտերը։ − Սիրելի իշխան, Վիշապահայրը միշտ բարի է և կարեկից դեպի կյանքն ու կենդանությունը, ահարկու՝ դեպի չարն ու բարին բնաջնջողը։ Վիշաշպահոր հակառակորդը՝ Սպանդական-Դևը, որ նրա եղբայրն է և ապրում է երկրի տակի սպանդարապետական խավարի ու կրակի սահմաններում, միշտ տքնում է բնաջինջ անելու կյանքն ու կենդանությունը և աշխարհը վերադարձնելու հրո բոցերի թագավորությունը։ Վիշտապահայրը առատաբար և անխնայաբար բաշխում է ջրային անհուն բարիք համայն կենդանության հետ, նույնպես իր տիպարի, իր հոգու բնակարան մարդուն, որը տիրում է աշխարհի բերքին։ Բայց երբ Դևի հոգուն բնակարան դարձած անկուշտ մարդիկ բռնությամբ և նենգությամբ իրարից հափշտակում են երկնաշնորհ ողորմությունը, անապական ջուրը, պատճառ են դառնում իրար հանդերի, պարտեզների, նույնիսկ կյանքերի չորանալուն, վշտակոծ հայրը ժամանակավորապես դառն մտքերին տարված ուշքը ցրվում է, Վիշապաքաղն ու Վիշապափայլը ասպարեզ են դուրս գալիս որոտներով, կայծակներով և պատժելու մեղավորներին, կենսասպաններին։ Այսպիսի պատուհասներից ազատվելու համար մարդիկ պարտավոր են երբեք չհափշտակել, չյուրացնել իրենց ընկերների այգին, մարգը, բանջարանոցը, արտը, եզն ու գոմեշը, կթանն ու բեռնակիրը, որոնք օգնում են երկրի մշակությանն ու ծաղկմանը, կատարելագործությանը, զարգացմանը, սնունդին ու հագուստին։ Ամեն մի անհատ, որպես մի հյուլե Վիշապամոր գերիշխանության, պարտավոր է իր համանմանին պաշտպան կանգնելու, օգնելու, նրա իրավունքը ոտնահարողի դեմ կռվելու և զոհվելու, ինչպես ամեն մի անհատի համար անխոնջ տքնում են Վիշապահայրը, Ոսկեմայրը իրենց հարազատներով։ Պետք չէ ստոր արարքներով զայրացնել Վիշապահորը, որպեսզի հնարավորություն գտնեն Վիշապաքաղն ու Վիշապափայլը այցելելու մեր դաշտերն ու լեռները, որոնք վրեժխնդրությամբ լցված դեպի կյանքն ու կենդանությունը, այրում ու փշրում են աշխատավորի մշակությունը։ Վիշապաքաղը սպանդարապետական հրից է կազմված, որը բողբոջելու հատկությունից զրկված է, այդ պատճառով էլ նա աճեցողության հակառակորդ է։ Վիշապափայլը փայլատակում է, անգթաբար կայծակնահարում աջ ու ձախ կենդանությունը, իսկ Վիշապաքաղը որոտում է, դղրդացնում, սասանեցնում է աշխարհը։ Այս պատճառով հափշտակողները, ղրկողները դատապարտված են այդ զույգին զոհեր մատուցանելու, կույսեր ընծայելու, սրանց սրտերն ամոքելու, որպեսզի ազատվեն դրանց զարհուրելի վրեժխնդրությունից ու պատուհասներից։ Երեկ իրիկուն անշուշտ նկատեցիր Վիշապաքաղի մեհյանի որմերի վրա քանդակած բազմաթիվ երկծայր, կայծակնացայտ, ոսկեփայլ, հղկուն Գեղարդները, որոնք գործածում են ամպրոպային որոտներով երկնքից ի վեր իջնելիս, շանթեր ու բոցեր տարածելիս, բույս ու կյանքն այրելու, մրրկելու և ջնջելու համար։

Այս պատմության տպավորության տակ առաջ էին գնում նվիրակը, իշխանը և ընկերակիցները դեպի մեծ ավազանի ափը, ուր սովորաբար երևում էր Անուշ մայրը կամ Վիշապամայրը ուխտավորներին, նրանց երկրպագությունն ընդունում և երբեմն էլ պատգամներ էր տալիս։ Վիշապամայրը երևում էր միայն պարզ օրերին, արևի բարձրանալուն մոտ։ Այս պատճառով շտապում էին րոպե առաջ հասնել լճակի ափին, տեսնել Անուշ մորը, նրա օրհնություններին ու պատգամներին արժանանալ։

Ծայգուն սառը զեփյուռը փչում էր։ Հովի մեղմիկ սուլոցների հետ լսվում էին հուշկապարիկների երգերի քաղցր եղանակները, որոնք արշալույսին խումբ-խումբ բոլորված վիշապանվեր անդրիների շուրջը, սրտագրավ ձայնով մեղեդիներ էին երգում, կենդանիների ուշքն ու միտքը կենտրոնացնում ավազանի ջրերի կողմը, ուր սովորաբար հայտնվում՝ էր Վիշապամայրը։

Հուշկապարիկների ձայնը ոչ միայն գրավել էր ուխտավորների սիրտը, այլ նույնիսկ արալեզներն ու համբարուները, պայերն ու ճիվաղները միառժամանակ այդ ձայնից դյութվել հարբել էին, թողել էին իրենց բները, մոտեցել էին այրերի, որջերի մուտքերին՝ լսելու և զննելու ջրերի մեջ լողացողներին, երգողներին և պտրողներին։ Միայն հրեշադեմ ալքերը թողել էին լույսն ու կենդանությունը, հեռացել էին մոտալուտ գալիք արևի ճառագայթներից։ Ոչ միայն ալքերի հակակրանքը սաստկանում էր Արեգական ոսկեզեղուն ճառագայթները աշխարհ գալուց, ոչ միայն չէին կարող համբերել, որ Լուսի հոր ջորմությունը տաքացնե, բեղմնավորե, աճեցնե ու զորացնե աշխարհի կենդանությունը, այլ նրանք փշաքաղում և ջղայնացած սրսփում էին, երբ հուշկապարիկները երգում ու նվագում էին, երբ կենդանությունը լսում, հրճվում և ծիծաղում էր այդ քաղցր նվագներից, եղանակներից և կաքավումներից։ Այն ժամին, երբ քնած ու մեռած կյանքը կենդանացել ու զվարթացել էր, ալքերը մտել էին իրենց ստորերկրյա մութ ջրախորշերը և ծածկվել էին խավարի մռայլ քողով, սպասելով աղջամուղջի վերադարձին։

Սրբազան ավազանների և լճակների մեջ կանգնած վիաշապական ապառաժյա արձանները ոչ միայն ծածկույթ չունեին, ոչ միայն անուշ ու վճիտ ջրերի շտեմարանների ափերը բուրջով, ոչ միայն անուշ ու վճիտ ջրջրի շտեմարանների ափերը բուրջով ու ցանկով չէր պատված, ոչ միայն ուխտավորրների համար օթևաններ չկային, այլ նույնիսկ Վիշապամայրը մեհյան չուներ, նրա պաշտամունքը բացօթյա էին կատարում։ Ավազակները բոլորած էին ուռիներով, գալարներով, իսկ հեռուն՝ լեռնալանջերը ծածկված էին մշտադալար մայրիներով, որոնք անդրադառնալով լճակների վճիտ ջրերի մեջ, սքանչելի տեսարաններ էին կազմում։

Ուխտավորների առաջընթաց խմբակն արդեն վաղ հասել էր ավազանների ափին, բլրակի մոտ վրանները բարձրացրել, մատաղների պղինձների տակը կրակը վառել, ծուխն ամպի նման երկինք էր բարձրացրել սպասում էր քարավանի հասնելուն։ Ուխտավորները թեև առաջ էին գնում, բայց միշտ զննում էին լճակի երեսին սահող մեղմիկ ալիքները, սրտատրոփ սպասելով Վիշապամոր հայտնվելուն։

Հանկարծ իշխանուհի Անուշը նկատեց հեռվից երևացող հուշկապարիկների խումբը, որոնք ինչ-որ կառաձև մի նավի բոլորած գալիս էին լճի արևելյան կողմից։ Տիկինն իսկույն չոքեց, երեք անգամ երկրպագեց, սկսեց զննել արշավախումբը և հրամայեց հետևորդներին.

− Չոքեցե՜ք և աղոթեցե՜ք, մայրը գալիս է։

Հուշկապարիկների խումբը սավառնում էր ջրերի ալիքների նման, օդասլաց կռունկների նման և արագասահ մոտենում էր լճակի ափին մոտ կուտակված այն կղզու ժայռերին, որոնք կանգնած էին ուղղաձիգ, սուր-սուր ծայրերը երկինք ուղղած: Հուշկապարիկների քաղցրանուշ մեղեդիների ձայնը ավելի դյութիչ դարձավ, երբ նրանք աստիճանաբար մոտեցան ափերին։ Սրանց ձայնի ներգործությունն այնքան խիստ էր, որ ուխտավորները զմայլած, նույնիսկ շունչները մեղմած, ամբողջ մարմնով ուշք ու միտք դարձած, սրտատրոփ և հրճվադեմ լսում էին երգերը, զննում էին արտասովոր տեսարանները ապուշ կտրած։

Մինչ հուշկապարիկների խումբը գալիս էր արևելքից, լճակի երեսից սահելով, արևմտյան բլրի ապառաժի որջերից ու այրերից դուրս թափվեցան շուշանների նման սպիտակներով զարդարված և Վիշապամոր սպասին նվիրված դեռատի կույսերը, ծաղկեփնջերը ձեռքներին օրհներգ երգելով։ Քառասունից ավելի մատաղահաս կույսեր բոլորած իրենց ավագ քրմուհուն, մոտեցան «Վիշապանվեր կղզի» ժայռին և շրջապատեցին հուշկապարիկների խումբը։ Սրանց երգն ու կաքավը, զարդն ու փայլը այնպես թովեց ու հիացրեց ուխտավորներին, որոնք բոլորովին արձանացած, անշարժ մնացել էին իրենց չոքած դիրքում, սպասելով հայտնության վախճանին։

Դեռ երգը չավարտած, երգչուհիների, նվագողների շարքի մեջ, քարե անդրիի նման կանգնեց Վիշապամայրը ձուկի տարազով՝ գլխով ու շապկով, կուրծքի բացվածքից դուրս հանեց թևերը և ցույց տվեց ուխտավորներին իր գեղահրաշ պատկերը։ Սփռեց օդի մեջ սաթանման ծամերը, կայծեր ցայտեցնելով աչքերից, հուզված ձայնով, վրդովված հոգով և մռայլ դեմքով տվեց իր պատգամը։

«Ագահ և անգութ մարդիկ, քանի մեկ իրար կյանքից զրկեք: Քանի մեկ ոխակալված իրար դեմ ջնջեք ու ոչնչացնեք այդ նվիրական արտհայտությունները, որոնց մեջ արտացոլում է Վիշապահայրը՝ ձեր կենսատուն։ Ձեզ փրկություն չկա, քանի որ կյանքն ատում եք, ջրից զրկում եք ընկերակիցներիդ դառն քրտինքի արդյունքը։ Առաջ հաշտվեցեք, սիրեցեք իրար, խաղաղվեցեք, ապա շնորհ և ողորմության սպասեցեք։ Արդար և անարատ եղեք, որ երկնային անապական կենսարար ջրերին արժանի դառնաք»։

Այս խոսքերը չավարտած՝ արևի սկավառակի շուրթը դուրս եկավ լեռան ետևից, և ճառագայթները ցրվեցան ամեն կողմ։ Արևի ճաճանչների հետ Վիշապամայրը ներս քաշեց գլուխը, թևերը ձկան մորթի մեջ, ընկավ գահին և հուշկապարիկների հետ վերադարձան դեպի արևելք, գնացին, գնացին ու անհետացան բազմաթիվ Վիշապազանց սյունացած անդրիների մեջ, ծածկվեցին ալիքների տակ։ Իսկ կույսերը լճափում կանգնած շարունակեցին իրենց մեղեդիները, մինչև որ իսպառ անհետացավ Վիշապամայրը իր հուշկապարիկներով։

Հենց այդ րոպեին մի քանի խումբ ուխտավորներ ևս հասան Վիշապազանց լճակների ափերին, որոնք նախորդների նման իրենց դիրքերի վրա չոքեցին զննելու Վիշապամոր հեռանալը և անհետանալը։ Վիշապամոր ընծայված կույսերը իրենց ձեռքերի ծաղիկները սփռեցին ծովի երեսին, կրկին շարան կազմեցին և շարերգով վերադարձան շուշանանման սպիտակ տաղավարները, որոնք բարձրացրել էին ուխտավորների սպասավորները։ Ուխտավորները ևս ոտքի ելան, շտապեցին, հասան քրմուհիներին և կույսերին, որոնք շարք-շարք կանգնել, երգում էին Վիշապազանց նվիրված շարական նվագներ։

Կույսերի և քրմուհիների թափորին ընդառաջեցին սպանդուհիները, որոնք եկել էին զննելու զոհաբերված մատաղացուները, զինելու սպանդները կազմ ու պատրաստ։ Սպանդապետը սպիտակ բեհեզներ հագած դուրս եկավ իր հատուկ տաղավարից, շրջապատած սպանդներով և մոտեցավ զոհի սեղանին։ Նախ քրմուհին վերցրեց լճակի անապական ջուրը սրսկեց սպանդների գլխին, օրհներգով և մաղթանքով մաքրեց նրանց։ Սպանդներն սկսեցին սրել իրենց արույրե դանակները և պատրաստվեցին զոհերը կատարելու։ Սպանդուհիք նախ կապկպեցին ցուլերին և գլորեցին գետին: Սպանդները իրար ետևից կտրեցին ցուլերի վզերը մինչև ռենաշարը։ Սպանդապետը իրար ետևից զինեց սեղան բարձրացրած ամեն մի գառ և ուլ։ Վերջը սպանդապետը վերցրեց նիզակը, մոտեցավ կապկպված, կաշկանդված վարազներին և ուժեղ հարվածներով ծակեց նրանց կողերը մինչև սիրտը։

Ամբողջ ժամեր տևեց այդ զոհաբերությունը։ Իրար ետևից հասած ուխտավորները ներկայացնում էին քրմապետին, քրմուհիներին և սպանդներին, որոնց մատաղացուները ընդունում, օրհնում և մոտեցնում էին սեղանին կամ սպանդանոցին։ Երբ զոհերը կատարվեցան, ջրկիրները իրենց տկերով մեծ եռանդով ջուր կրեցին լճակից և մաքրեցին ինչպես զոհարանի վրա թափված կարմիր արյունը, նույնպես սպանդանոցի արյուններն ու փորոտիքները, որոնք իսկույն հեռացրին, տարան հորեցին հողի տակ, որ չապականվեն ինչպես նվիրական ջուրը, նույնպես անմահության օդը և Ոսկեմոր արգավանդ հողը։

Այս միջոցին քրմապետը մաքուր ջրով սրսկեց սպանդներին, սպասավորներին և ուխտավորներին, երգեցիկ խմբերն առաջ եկան, թմբուկների, ծնծղաների, քնարների, տավիղների, փողերի և շվիների օժանդակությամբ սկսեցին երգել ու փառաբանել Վիշապամորը, Վիշապահորը, Ոսկեմորն ու սրանց հարազատներին, որոնք իրենց բյուրավոր շնորհներով քաղցրացրել էին կյանքը։ Վիշապանվեր կույսերը խմբապար բռնած, շարան-շարան բոլորվել մեծ շղթա էին կազմել երգիչների, գուսանների շուրջը և թռչկոտում էին այնպիսի նազենի շարժումներով, կարծես թե ոտքերը գետնից կտրած օդի մեջ էին պարում։ Կլոր պարից հետո կանգնում էր խումբը, նվագարաններին աջակցում իրենց երգերով ու կաքավիչներին հրավեր կարդում կաքավելու և զվարթացնելու ուխտավորների բազմությունը։ Ուրախությունն ընդհանուր էր, տոնը ամենից պաշտված, Վիշապազանց ծեր ու մանուկ, պառավ, մատաղահաս, զգացմունքով արբած ու ոգևորված երգում էին։ Դաշտի խաշող օղից լեռները բարձրացած և զովերը հասած ուխտավորները զվարճանում էին, անապական հով ու զով բարձունքում հրճվում էին։

Արեգակի զովացյալ ժամին Անուշ իշխանուհին դարձավ դեպի վրանները և հրաման տվեց սպասավորներին, որ իսկույն զոհի համար բերված ուտելիքն ու գինին տեղափոխեն քրմուհիների մառանները, որտեղից սովորաբար կերակրում ու կշտացնում էին երեք օր և երեք գիշեր ուխտավորներին։

Սպանդուհիները զոհերը կատարելուց, քերթելուց հետո մինչև շամփուրների և խորտիկների պատրաստելը, երգեցիկ կույսերը ձյունի նման սպիտակ բեհեզները հագներին, կապույտ գոտիները մեջքներին, կանաչ երիզները ուսերից խաչք դարձած, գլուխները վարդերով զարդարված, առաջ եկան նորանոր պարեր սկսելու։ Կույսերն երկու դասի էին բաժանված, կապուտաչվի և ոսկեթել մազվորները, որոնք նվիրված էին Անահիտին, այդ իմաստության և հանճարի բաշխողին, և սևաչյա ու գիշերափայլ մազվորները, որոնք ընծայված էին Վարդեհեր Աստղկան։ Խմբերն իրար դեմ երկու կիսաբոլորակ կազմեցին և սկսեցին կլոր պարը խմբական երգերով ու նվագարանների ձայնակցությամբ։ Նվագածուները իրենց քնարներով, տավիղներով, սանթուրներով, թմբուկներով, ծնծղաներով մոտեցան խմբին և տեղավորվեցան։

Գուսաններն երգեցիկների, նվագածուների հետ սկսեցին իրենց օրհներգը, որոնք գովեցին Վիշապամոր դստեր՝ Վարդեհեր Աստղկան, որին իսկապես նվիրված էր այդ օրը՝ Վարդերի տոնը։ Պարուհիներն իսկույն նազանի քայլափոխով սկսան ամբողջ մարմնով շորորալ նվագի եղանակի բախյունների համեմատ, որոնց տեսքը, շարժվածքը և թռիչքը գրավեցին ուխտավորների աչքերն ու սիրտը։

Գուսաններն երգերով պանծացնում էին Աստղկան սերն ու գորովը, պատկերն ու տեսքը, եռանդն ու աշխույժը, որոնցով մարդիկ ոգի ու զգացում ստացած ուրախ կյանք էին վարում։ Այս զգացման շնորհիվ մարդիկ երկիրը դրախտի էին վերածել, սիրո բոցերով իրար գրկել ու գգվել, երջանկության վարդաստան էին թևակոխել հրճվալի ու բերկրալի օրեր անցնելու։ Առանց Աստղկան առատաբար բաշխված սիրո և զգացումների կյանքը տխուր և անտանելի էին գտնում, առանց նորա շնորհած վայելքների մռայլ ու խավար պիտի դառնային բնության բոլոր տեսարանները։ Ինչպես Աստղիկն էր բաշխում կենդանի ու վառ աչքերը, նույնպես Աստղկան շնորհն էին համարում վարդագույն այտերը, փղոսկրյա կզակները, շամամ կրծքերը, նոճանման հասակը, կամար ունքերը, փայլուն ճակատը, բաբախող սրտերը և դողդողացող մկանները։

Երգչուհիների մյուս մասը, իրենց գուսաններով և կաքավիչներով իրենց հերթին սկսեցին երգել Անահիտի հանճարը, նրա հնարագիտությունները, մարդկության տված շնորհները, գեղեցիկ արվեստները, որոնցով մարդը դրախտի է վերածել անապատը, զարդարել է բյուր բարիքով և գույնզգույն ծաղիկներով ձորերն ու լեռնալանջերը, նույնիսկ ապառաժի քարքարոտ կողերը։ Ո՛րը գովում էր մուրճն ու կռանը, ո՛րը ներբողում կացինն ու սղոցը, ո՛րը ուշք էր դարձնել տալիս կառքին ու սայլին, ո՛րը գովասանում արորն ու խոփը, ձիու սանձն ու պայտը, նետն ու աղեղը, սանդերքն ու մաքուքը, նկարն ու արձանը, տավիղն ու շվին, մի խոսքով՝ այն բոլոր արվեստներն ու գործիքները, որոնք մարդը ձեռք էր բերել Անահիտի շնորհած հնարամիտ իմաստությունով։

Ամեն անգամ գուսանները մի տուն երգելուց հետո նույնը կրկնում էին պարուհիները և ոգևորված ետ ու առաջ տարուբերվում, ծածանվում էին իրար թևանցուկ, ոգևորությամբ զեղված։ Մեղմ զեփյուռը շոյում, ոգևորում էր երիտասարդության ալ ու վարդավառ դեմքերը, մազերն ու կրծքերը, արևի պայծառ ճառագայթների տակ ցոլացնում էր նրանց հրացայտ աչքերը, ոսկեփայլ մազերը և ողորկ մորթերը։

Աստղիկի պաշտամունքի երկրպագուները բնազդին էին ստրկացած և քարոզում էին հետևել զգացումներին, իսկ Անահիտի սպասուհիները առողջ դատողությանը բնազդից նախադասություն էին տալիս։ Անահիտը Վիշապամոր մարմնացած հանճարն էր, Աստղիկը՝ Ոսկեմոր զգացումների կենդանացած տիպարը։

Այս մրցումները և տեսարանները այնքան հրապուրիչ և գրավիչ էին, որ յոթ օրվան ճանապարհ էին կտրում հազարավոր ուխտավորներ, շտապում էին, բարձրանում Վիշապազանց լեռնադաշտը, շրջապատում էին Ջրաբաշխի և Կենսաբաշխի անդրիները և նրանց սպասին ընծայված գուսանների, երգչուհիների և կաքավիչների ուրախություններին հանդիսատես լինելու և հրճվանքին մասնակցելու։

Մինչ ուխտավորները բոլորվել, հիացած զննում ու լսում էին վիշապանվեր կույսերին, զբաղված էին նրանց պարերգով, ճառագայթյալ ժամին մատակարարներն առաջ եկան և ձողիկների վրա շամփրած խորովածներ բաժանեցին ինչպես հանդիսադիրներին, նույնպես և ուխտավորներին։ Սրանց հետևեցին սկուտեղներով և տեփուրներով կարագ, խորիզի բաղարջ, կարկանդակ և գինի-օշարակ բաժանողները։ Ոտքի վրա կատարված այս նախաճաշը երբեք արգելք չէր պարերի և նվագների անխափան շարունակության, ընդհակառակը, այդ նախաճաշով զորացած, ավելի ոգևորությամբ էին երգում, թռչկոտում և զմայլեցնում ուխտավորներին։

Շառավիղյալ ժամին մատաղն արդեն պատրաստ էր։ Սպասավորները բաժանեցին հանդիսականներին լոշի մեջ փաթաթված թերխաշ մատաղի միս։ Ցանկացողները իրենց պատառները թաց էին անում քարղաններով դրված մատաղի աղաջրում։ Մաքուր լեռնային օդում, անմահական ավազանների ափին ժողովուրդն ուտում էր, խմում էր լճակների սառն ջուրը, իսկույն մարսում և դարձյալ քաղցում։ Բայց այնքան մեծ էր զոհված արջառների, ոչխարների, ուլերի թիվը, որ անխնայաբար բաժանում էին և կշտացնում բոլորին։

Դեռ մատաղը չվերջացրած Վարդեհեր Աստղկան նվիրված քառասուն ծիրանազգեստ կույսեր, ուսերին սփռած իրենց սաթանման մազերը, գլուխները վարդերով պսակած, մերկ վզերն ու դաստակները ուլունքների շարաններով զարդարած, նազաճեմ իջան բարձունքից, մոտեցան նվագածուներին և սկսեցին իրենց երգն ու պարը։ Գուսանները սրանց բոլորած կրկնեցին Վարդեհերին նվիրված բազմաթիվ տաղեր։ Երբ ոգևորված փոխընդփոխ շարունակում էին պարը, կաքավը, արևն արդեն երկնակամարի ամենից բարձունքում էր տեղ բռնած, և օդը աստիճանաբար այնքան էր խստացել, որ մարգարտափայլ քրտնաշարով ծածկել էր գուսանների և կաքավիչների ճակատները։

Այս միջոցին խումբ-խումբ կույսեր ու պատանիներ մի-մի սափոր ու փարչ վերցրին ու սկսեցին սրսկել իրենց սիրելիների վրա ու նրանց զովացնել, հովացնել։ Անվերջ ջուր էին սրսկում իրար վրա, աղաղակում, աղմկում, փախչում, բայց ջրվելուց ոչ ոք չէր կարողանում գլուխն ազատել։ «Վարդեհերն է», գոռում էին ու անխնա սրսկում զով ջուրը ոտքից գլուխ։ Երգիչները, կաքավիչները, նվագածուները և ժողովուրդը առանց դիրքերը փոխելու շարունակեցին իրենց ուրախությունը մինչև հագուստների արևի ճառագայթների տակ չորանալը։ Դեռատիներն ու պատանիները անվերջ ջուր էին կրում ու ածում ուխտավորների գլխին, որոնք թուլացել կամ մտքերի մեջ սուզվել, մի կողմ էին քաշվել։

Այսօր Վարդեհերի տոնն է, խնդալու և պարելու օր է, գոռում էին ջուր սրսկողները, թռչկոտում և ցատկում։ Այսօր մեր հովանավորի տոնն է, Վարդավառ է, պետք է միայն երգել, պարել ու ծիծաղել, ոչ թե թմրել և նիրհել։

Երանի թե այդ ջուրը երկնքից մաղվեր, հառաչելով պատասխանում էին ծերերն ու հասակավորները, մենք էլ հոգով հրճվեինք։

Դեռահասներն այնքան ջրեցին ու թրջեցին ուխտավորին, որ թրջվելուց ազատվելու համար բոլորն էլ գնացին մտան պարողների շրջանն ու սկսեցին նրանց հետ երգել ու ցատկոտել։ Պարը տևեց մինչև արևի մայր մտնելը։ Թեև հետինքին ուխտավորները բազմեցան դալարի վրա ճաշելու, բայց չդադարեցին երգն ու նվագը, պարն ու կաքավը։ Արևմտի ողբը նվագելուց հետո մեծամեծ կրակներ ջեռուցին ուխտավորները իրենց վրանների մոտ, որոնց բոլորած մինչև կեսգիշեր երգեցին, նվագեցին և լսեցին գուսանների պատմությունները, որոնք պապերից լսածները ավանդում էին թոռներին։

Հետին ժամին ամեն մի սիրահար գտավ իր սիրեկանին, թաղիքները տարածեցին գետին, ծաղկուն կարպետները վրաներն առին, ծածկվեցին ու ընկան քնեցան։ Պահապանները կրակները բորբոքեցին մինչև առավոտ, մինչև Վարդամատի և Լուսահոր այցը, երբ ամենքն սթափված, դիմեցին լճի ափ՝ Վիշապամոր այցին արժանանալու։ Բայց երեք առավոտ Վիշապամայրն էլ չայցելեց ուխտավորներին։ Ամեն օր զոհեր կատարվեցան, գուսաններն երգեցին, կույսերը, պատանիները կաքավեցին ու պարեցին և դրվադեցին ինչպես Վիշապամորը, նույնպես և Վարդեհեր Աստղիկին և Անահիտին։ Երեք օր, երեք գիշեր կերուխումը շարունակվեց, խնդացին ու հրճվեցին և օրհնեցին, ո՛չ շրթունքներն ու կոկորդները դադարեցան, ոչ սրունքներն ու ոտքերը հոգնեցան, ո՛չ էլ քնարներն ու տավիղները լռեցին։

Բայց մի մռայլ միտք հաճախ պատում էր ծերուկներին ու պառավներին։ Անընդհատ զննում էին լեռների կատարները, երկնքի բարձունքը․ ո՛չ մի սպիտակ ամպ, ո՛չ մի կաթիլ անձրև, ո՛չ էլ մառախուղ, ջինջ էր երկինքը, պարզ էր լուսնկան, ու պայծառ արեգակը։ Իսկ դաշտերում առանց ջրի ու թոնի մնացած բերքն ու այգեստանը ջրի կարոտ չորանում ու դեղնում էին, սպառնալով սովի մատնել Ուրարդա աշխարհին ամբողջ ձմեռը։ Դեռատիների երգն ու ծիծաղը, նվագն ու կաքավը չէին կարողանում ցրել չափահասների այս տխուր մտքերը։

Առիթից օգտվելով, Անահիտի պաշտամունքի քրմապետուհին երրորդ իրիկունը իր երգչուհիների, կաքավիչների ու գուսանների խմբով բարձրացավ ամբիոն, շրջապատված ժողովրդի մեծ բազմությամբ և խոսեց շարադրած դյուցազներգությունը, որով հուզեց ու մրրկեց ուխտավորների սիրտը։ Նա սկսեց մի այնպիսի բնաբանով, որ բոլորի ուշքն ու միտքը կենտրոնացրեց դեպի իր նվագները։ Նա իր խրոխտ ճառով, գեղեցիկ դարձվածքներով և համոզիչ փաստերով ստիպեց ուխտավորներին անվերջ իր արծարծած խնդրով զբաղվելու և մտածելու միմիայն այդ հարցի մասին։

«Խոլամիտ մարդիկ, ես՝ Վիշապահայրս,
Ամպերն եմ կապել, անձրև չեմ շաղ տալ,
Մի՞թե դուք անջուր կըչորացնեք ձեր հանդը,
Եթե երկնքից անձրև չստանաք։

Ամեն մի ընդհատումի այս քառյակը երգում էին գուսանները, և քրմապետուհին ազատ շունչ առնելուց հետո, երբ հանգստանում էր, նորից սկսում էր իր ընդհատված ճառը։ «Դուք, ասում էր քրմապետուհին, Վիշապահոր պատկերն եք, նրա հոգին ձեր կրծքումն է բնակված, մի՞թե նրա ուղեղի հյուլեներից ձեր գանգերում չեն տարածված, որ դուք էլ խորհիք և ձեր կյանքը չմատնեք պատահականությունների։ Վիշապամայրը ձեզ շնորհել է լճակներ, ծովակներ և գետեր, դուք էլ հնար գտեք և ջուրն ուղղեցեք դեպի ձեր այգեստանները։ Վիշապահայրը ձեզ առատ անձրև ու ձյուն է տալիս, դուք էլ մտածեցեք այդ շնորհից այնպես օգտվել, որ կարողանաք կյանքը զարդարել և ազնվացնել։ Միայն այն ժամանակ ձեզ վրա հաշտ աչքով կնայի Վիշապահայրը, երբ դուք ձեր անապատները դրախտի վերածելու համար ջրանցքներ կշինեք, քանքաններ կփորեք և ավազուտներն ու կավուտները ջրելով կենդանությունը կընդարձակեք, ամայությունը կշենացնեք։

«Մինչև որ Գեղամա լճից ջրանցք չփորեք և ջուրը չտանեք դեպի դաշտ, արապարներն ու անապատները դրախտի չվերածեք, երբեք չեք ապահովիլ ձեր կյանքը։ Իսկ ապահովելով ձեր կյանքը, ընդարձակելով պարտեզները, այգիներն ու անտառները, պիտի զորացնեք կենդանությունը, պիտի ընդարձակեք Վիշապահոր իշխանությունը․ դուք պիտի աջակցեք և աշխատակից դառնաք Նրա ցանկությունների կատարմանը։

Ջեր պապերը հարյուր տարի առաջ Վիշապազանց ավազանների ջրանցքները շինեցին, ամբարտակները կառուցեցին, աշխարհքն ուրախացուցին, մի՞թե դուք այդ պապերի զավակները չեք։ «Եթե ամբողջ գեղն ոտքի կանգնի, գերան կկոտրի»։ Ապա եթե ամբողջ դաշտը փետատ վերցնի, ինչի՞ սարը չպիտի ծակե ու ջուրը չպիտի տանի դաշտի բամբակն ու այգին ջրելու։

«Խալդի զավակներ, Խալդի որդիներ, դուք որ կտրել եք Վիշապազանց լեռների լանջերն ու ջուրը դաշտ հասցնելու համար յոթանասուն փարսախ առու եք տարել, եթե միաբանիք և վճռեք, մենք ձեզ առաջնորդելով Գեղամա լճակի ջուրը դաշտ կհասցնենք, մինչև Արմավիրի սահմանները։ «Եթե սիրում եք երջանիկ և բարեբախտ կյանքը, եթե տենչում եք դրախտում ապրել, եթե ձգտում եք առաջ գնալ, այսօր ուխտավորներդ ուխտեցեք անմիջապես գործի ձեռնամուխ լինել և ջրանցքը բանալ։ Վիշապամայրը այնպիսի առատ ու անուշ ջուր է մատակարարել Գեղամա ծովին, այնքան անսպառ են նրա աղբյուրներն ու վտակները, որ այդ առվակի ջրով կարող եք ոռոգել ու հագեցնել ամբողջ Ուրարդա լեռնաշխարհը»։

Ցոլակ իշխանը բարձրացավ իր տեղից և մոտենալով քրմապետուհուն, ասաց.

Ես ուխտ եմ գնում և խոսք եմ տալիս Վիշապազանց բարձունքում, որ ամբողջ գյուղիս ժողավրդով, երեք հազար բանվորով, մեր փետատով ու բահով իննսունը մի օր ամեն տարի աշխատենք այս սուրբ գործի համար և անմահական անապական ջուրը տանենք հասցնենք դաշտ։ Ցոլակ իշխանին հետևեցին մյուս գյուղատերերը, տիկիններն ու օրիորդները, և ամենքը սիրով հանձն առին երեք տարի աշխատել և առուն փորել։ Այս ուխտի վրա սկսեցին գովաբանական երգեր երգել, անուշ գինին խմեցին և վճիռը հաստատեցին։ Անահիտին ընծայված կույսերն սկսեցին իրենց վարդ պարը, ժողովրդի ուխտավորների հետ խառն թռան ու թռչկոտեցան, երգեցին ու զվարթացան մինչև հետին ժամերը և ընկան զույգ-զույգ ու մրափեցին։

Չորրորդ առավոտը դեո չբացված ամբողջ երկինքը ծածկվեց մռայլ ամպերով, ոչ միայն Վիշապազանց բարձունքը, այլ նույնիսկ դաշտի շրջակա բոլոր լեռները մինչև Բորդող, Սուկավետ, Արագած ու Զարիշատ մթագնել էր երկինքը։ Թեև մեգն ու մառախուղը պատել էր ուխտավորներին, անձրևը սպառնում էր նրանց թրջել ու տզկել, բայց ցնծության չափն ու սահմանը ավելի ոգևորիչ էր, քանի որ Վիշապամայրը հաշտվել էր ժողովրդի հետ, Վիշապահայրը ամպերը մղել էր դեպի դաշտերը ու շուտով ոռոգելու, վերակենդանացնելու էր բույսն ու բարին, անասունն ու կենդանին։ Լուսաբացին երկու ժամ մնացած սկսեց հորդ անձրև տեղալ ոչ միայն Ուրարդայի դաշտում, այլև Շիրակում և շրջակա բոլոր սարահարթերում: Երեք ժամ այնքան անձրև տեղաց, որ ամբողջ երկրի բուսականությունը թարմացավ, դեղնած ծառերը դալարեցան, պտուղները ուռճացան, խոտերը զվարթացան, բանջարները տռզեցան և անասունների ճարակը հրապուրիչ և սննդալի դարձավ։

Ուրախությանը չափ ու սահման չկար։

Ամեն բերան օրհնություն էր կարդում, ամենքն էլ ցնծում էին և աղոթք մրմնջում Վիշապամորն ու Վիշապահորը, որ աշխարհը լցրել էին բյուր բարով։ Լույսի հետ միասին նոր կյանք, նոր կենդանություն էր աշխարհ եկել և մարդու ճակատի մռայլ կնճիռները ցրվել ու անհետացել։ Հրճվանքը հասել էր գագաթնակետին, երբ առավոտ արևի ճառագայթները պատռեցին ամպերն ու իրենց ոսկեզեղուն փայլով աշխարհը խնդացրին։ Ծիրանի գոտին պատեց երկրի վրա յոթ գույնով, յոթանասունյոթ տեսակ ցնծություն և ուրախություն աշխարհ բերելով։ Ամեն շրթունք, ամեն բերան միևնույն խոսքերն էին կրկնում.

Աշխարհը լիացավ, կյանքը վերածնավ, Անուշ մայրը հաշտվեց ժողովրդի հետ։

Վիշապազանց քրմուհիները պատգամ բերին ժողովրդին, թե Վիշապամայրը ընդունել է նրանց զոհերը, պաշտվել է այդ ժողովրդի հետ, որն ուխտել է անմիջապես գործի ձեռնամուխ լինել և Գեղամա ծովի ափերից առու տանել դեպի Արմավիր։ Ամեն մարդ, ոգևորված այդ ավետիսից, նորից ու նորից կրկնեց իր ուխտը և խոստացան անհնարինը հնարավոր դարձնել և անմահական ջուրը դաշտ իջեցնել։

«Վիշապահայրը հրամայել է Վիշապ առյուծին հալածել Վիշապաքաղին, երկնային ողորմության դռները բաց թողնել, որ մարդը փրկվի հավիտենական կորստից, երկիրն ազատվի անապատանալուց», ասում էր քրմապետի մունետիկը ման գալով ժողովրդի մեջ։

Այս պատգամներից հետո ուխտավորները նորանոր զոհաբերություններ կատարեցին, ամենքը իրենց զարդերը բաժին տվին ջրաբաշխական գործին, որ հսկեն, առուները մաքրեն, վերանորոգեն և սկսեն նույն առվի գործն առաջ տանել, որպեսզի առատ ջուր հասնի մինչև դաշտերը, ծարավի չմնան այգեստաններն ու բանջարանոցները։

Երեք օր և երեք գիշեր ընդհատումներով և շող արեգակով անձրև տեղաց, ավազանները լցվեցին, լցրին ուրախությամբ հուսակտուր ժողովրդի սիրտը։ Երգիչները, կաքավիչները, գուսաններն ու նվագածուները առանց ուշք դարձնելու տեղացող անձրևին, փայլակին ու որոտին, անվերջ երգում ու պարում էին, ժողովուրդն էլ նրանց ձայնակցում ու թռչկոտում էր, կերան, խմեցին, զվարթացան, վերակենդանացան և յոթերորդ օրը ուխտավորները հավաքեցին իրենց վրաններն ու մախաղները, բարձին գրաստներին և ճանապարհ ընկան դեպի իրենց դաշտերը։

Նվագածուներն ու երգիչները ուխտավորներին ընկերացան, իրենց երգերով ու պարերով առաջնորդեցին նրանց մինչև Գեղարդի սահմանները, ապա բաժանվեցին իրարից։ Մինչև ժողովուրդը իջնում էր բարձունքից, նա տեսավ, թե ինչ մեծ ոգևորությամբ Ջրաբաշխը իր հարյուրավոր բանվորներով վերանորոգում էին առուներն ու ամբարտակները, որոնք քարուքանդ էին եղել վերջին հեղեղներից։

Ուխտավորների քարավանի հետ Վիշապազանց բարձունքից ցած իջավ Անահիտի պաշտամունքին նվիրված քրմապետը իր հետևորդներով, դիմեց Գեղամա ծովի ափերը, որ ուրվագծե այն անցքը, որտեղից շինվելու էր նոր ջրանցքը դաշտը ոռոգելու համար։

Երբ ուխտավորները մտան դաշտը, հանդերն ու այգեստանները փրկված տեսան։ Այս ուրախաւթյունն այնպես ոգևորեց ժողովրդին, որ մոռացան տխուր անցյալն ու ավելի եռանդով շարունակեցին իրենց երկրի մշակությունը և նոր ջրանցքի շինությունը։

1912 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

Arrival of Piligrims in Sevan
Arrival of Piligrims in Sevan
Play Online