Atrpet

Գոդավորներ

Սամաթավա ամառանոցի հյուպատոսարանի հյուրասենյակում երբ տեղավորվեցանք, բոլոր սպասավորները մեզ թողին առանձին ու հեռացան, որ ձիերը դարմանեն, մեզ համար կերակուր պատրաստեն։ Մի քիչ լուռ հանգստանալուց հետո, երբ չէի կարողանում աչքիս առաջից հեռացնել քյուֆթերի սոսկալի պատկերը և նրանց խեղդուկ ձայնը չէր թողել ականջներիս ղժղժոցը, դարձա ռահընկերիս և հարցրի.

Մի՞թե չի կարելի, որ հիվանդանոցներ հիմնեք, անկելանոցներ շինել տաք և այդ թշվառներին խնամեք, քան թե վերվարեք ամայի հեղեղատները։

Ինչի՞ չի կարելի, բայց ո՞վ անի, ասաց հառաչելով Միրզա-Մեհթին և նստած տեղը դիրք բռնեց ինչ-որ մի բան պատմելու։

Ես ուշքս կենտրոնացրի խոսակցիս դեմքի խորշոմների վրա, որոնք աստիճանաբար խստանում, կնճռվում էին։

Պետք է ասել, որ Միրզա-Մեհթին շուշեցի էր, ժամանակին ավարտել էր գավառական վարժարանը։ Սա ոչ միայն ռուսերեն գիտեր, իր խնդիրները անձամբ էր գրում, այլ բավական ծանոթություն ուներ աշխարհագրությունից, պատմությունից, բնական գիտություններից և շատ անգամ խոսակցությունը համեմում էր Գրիբոեդովից, Կռիլովից, Պուշկինից ու Լերմոնտովից սովորած ոտանավորներով ու առածներով։ Այս պատճառով Միրզա-Մեհթիին սիրել էին բոլոր հյուպատոսները, և նա արժանավայել դիրք էր գրավել ամենքի մոտ։ Քիչ մտածելուց հետո նա կրկնեց.

― Մի դեռահաս կին և իր ծծկեր աղջիկը իրենց խոթության պատճառով մի տարի առաջ մեր թաղից արտաքսվեցան։ Մի աննման գեղանի աղջիկ էր մայրը, որը ամբողջ Թավրիզում նմանը քիչ ուներ։ Եթե լավ ուշք դարձնեին, ախտաժետի վիճակումն էլ նա դարձյալ լիովին չէր կորցրել իր բնատուր կազմի գեղը։ Այնպիսի հասակ ուներ, այնպիսի մազեր, որ հազարավոր կույսերի մեջ դժվար էր հավասարը գտնել։ Այնպիսի նուրբ մորթ ուներ, այնպես վառվում էիննրա դեմքն ու շրթունքները, որ գրավում էր ամեն տեսնողի։

Միակ պակասությունն այն էր, որ տնանկի աղջիկ էր։ Հայրը և եղբայրները փչացրել էին պապական մեծ կարողությունը։ Չքավորությունից ընկճված եղբայրները գնացել էին Ռուսաստանի խորքերը և էլ չէին վերադարձել, իսկ անգործ մնացած հայրը ամբողջ քսան տարի տնից ծախել ու կերել էր եղած֊չեղածը։ Սրանք նուխեցի էին, Թավրիզ գաղթելուց հետո կորցրել էին իրենց նախկին փառքը և օտար քաղաքում մերձավոր ազգականներ չունեին, որ աղջիկը կարողանային ամուսնացնել։ Մեր սովորությունը գիտես, ընդհանրապես զարմիկներն (cousin) են մեր մեջ իրար առնում, օտարներից միայն հարճ ենք վերցնում։

Այս աղջիկը տանը մնաց մինչև 18 տարեկան հասակը։ Այս տարիքումն է միայն կուսական աղջիկը կատարելապես կազդուրվում և հասնում վարդային գեղի։ Բայց թուրքը այդ բանը քիչ էր հասկանում, նա որոնում էր մատաղահաս, 10-12 տարեկան աղջիկ։ Սրա անունը Քադիջե էր և ամբողջ թաղում հայտնի էր «Քադիջե֊բեյում» անունով, քանի որ նրա ծնողները բեյի ծագում ունեին։ Քադիջեն այդ 18 տարվան հասակում մնացած էր համարվում, ոչ մի կարգին ուզող չուներ։ Ծնողները թեև չքավոր էին, բայց դեռ չէին կորցրել նախկին մեծատան մեծասրտությունը։ Նրանք դեռ հույս ունեին, թե Նուխուց իրենց հարազատներից որևէ տղա անշուշտ կգա իր զարմուհուն կին առնելու։

Աղքատի հույսերը հազարից մի անգամ չեն կատարվում։ Հարուստ ժամանակները իրենց ազգականներից շատերի առաջարկը մերժել էին,իսկ իրենք աղքատանալուց հետո փոխադարձաբար նրանք էլ սրանց երես էին թեքել։ Բավական չէր չքավորության տառապանքը սրանց տանջում էր աղջկա ապագայի մտորումները։ Ոչ միայն Թավրիզի շեն տներից ոչ ոք նրանց հետ չէր մտերմանում, այլ նույնիսկ աղքատները խույս էին տալիս սրանց հետ ծանոթանալուց։ Ձախորդ մարդուց սատանան էլ երես է թեքում։

Քադիջեի ծնողներին այն աստիճանի էր ճնշել չքավորությունը, որ նրանք Նուխուց բերած բոլոր զարդերը ծախելուց հետո սկսել էին տան կահ-կարասիներից ավելորդներն էլ ծախել ու ծախսեր։ Ամեն զրկանք կրել, բայց ձայները դուրս չէին հանել։ Հերիք չէր իրենց ներքին տանջանքը, ծանոթներն էլ այնպես էին ձևացնում, իբր թե տեղյակ չէին նրանց երքին վիճակին։

Թավրիզի յոթանասունհինգ հազար ընտանիք բնակչությունից միայն մի բարեկամ էր մնացել նուխեցիներին.դա էլ սափրիչ Հյուսեյնի որդին՝ Իմամ-Ղուլին էր։ Բայց ո՛չ նոլխեցիները և ո՛չ էլ Քադիջեն չէին ընդունում այդ բարեկամին,քանի որ վերջինն էլ աղքատ և մի հասարակ սափրիչի աշակերտ էր։ Մանավանդ որ հույս չէին տածում, թե Իմամ-Ղուլին կկարողանա ճարպիկ մարդ դառնալ և ընտանիք պահել։

Իմամ-Ղուլին մանուկ հասակից ընկերակցել և հավանել էր Քադիջեին։ Դեռ այն ժամանակից որոշել էր ամուսնանալ նրա հետ։ Բայց Քադիջեն միշտ նրան հակառակել էր,քանի որ սափրիչի որդին միշտ ցնցոտիներով էր կյանքը վարել և միջոց չէր ունեցել արտաքին փայլով գրավել սիրած աղջկա սիրտը։ Իմամ-Ղուլին, համառած անպայման վճռել էր ամուսնանալ Քադիջեի հետ և այս նպատակին հասնելու համար յոթ տարի անվերջ ընկել էր սիրած աղջկա ետևից, նրան համոզելու, գրավելու և տիրելու հույսով։

Սկզբներում Քադիջեն միշտ նախատել,անարգել և վանել էր մոտից Իմամ-Ղուլիին, մերժել էր նրա առաջարկած ամեն մի նվերը։ Սափրիչի որդու ամեն մի ժպտին արհամարհանքով և ծամածռությամբ էր պատասխանել։ Այնքան անտարբեր էր էր Քադիջեն դեպի Իմամ–Ղուլին, որ վերջինիս հուսահատեցնելու և խելագարեցնելու աստիճանին էր հասցրել։

Իմամ-Ղուլին ոչ միայն մեզ դրացի էր, այլև վերջին կնոջս քեռորդին էր։ Սա հաճախ գալիս էր մեր տուն և մորաքրոջը պատմում էր գլխի անցքերը, հոգու վշտերը՝ նրանից մխիթարվելու հույսով, այնպես որ ինձանից ծածկածը մորաքրոջն էր հայտնում, նրանից պահածը ինձ էր պարզում։

Իմամ–Ղուլին խելացնոր չէր, բայց սերը նրան գժվացրել էր։ Ամբողջ կյանքը Քադիջեի շուրջն էր անցկացնում։ Ամառնային մի գիշեր, երբ ծառերի պտուղները կարմրել հասել էին, երբ ծիրանը աչք էր պարուրում և սիրտ գրավում, երբ խաղողի թափանցիկ սպիտակ ու սև ողկույզները ախորժակ էին բորբոքում, երբ ջերմությունից ամենքը սենյակներից դուրս էին թափվել, կտուրներին կամ բակերում էին պառկում, Քադիջեի զառամյալ ծնողները իրենց տան զավթում գլորվել քնել էին, իսկ արյունը բորբոքված, ջղերը գրգռված թշվառ աղջիկը բարձրացել էր ծիրանի ծառի ճղներին, թե՛ չորացած քերանի ծարավն էր հագեցնում ջրալի գեղձիկներով և թե՛ աչքը կտուրից դուրս ցցած զննում ու դիտում էր ինչպես աստղալից երկինքը, նույնպես և Այնալ-Զեյնալի կատարն ու նրա լանջերին տարածված հազարավոր բնակարանների լուսամուտներից ցոլացած ճրագները։

Իմամ֊Ղուլին, որ բլբուլի նման հսկում էր իր կոկոն Քադիջեի բացվելուն, երբ աղիողորմ ձայնով երգում էր նրա սերն ու գեղը, վարսերն ու ունքերը, աչքերն ու այտերը, թիկունքն ու կուրծքը, սիրուհուն ծառի ճղների մեջ նկատելուն պես օձի նման սողաց, անցավ պատից և ծառին փաթաթվելով բարձրացավ ու հասավ, գրկեց նրան այն րոպեին, երբ կույսը իր դժգույն մտքերով տարված, մտածել էր տխուր ապագան և հուզված թմրել էր ճղների մեջ տարածված։

Այս գրկախառնությունն ու համբույրը մի այնպիսի բերկրալի հաճույք և հրապույր պատճառեց, որ թմբիրից սթափված օրիորդը չուզեց մի վայրկյան զրկվել այդ քաղցր վայելքից և թույլ տվեց, որ ավելի պինդ հպի Իմամ-Ղուլիի աղվամազոտ դեմքը և բոցավառ շրթունքները իր եղնիկի երկար կար վզին ու փղոսկրի նման ողորկ կզակներին։ Մի քանի րոպեի այդ գրկախառնությունն այնպես հարբեցրեց ու գինովցրեց նրանց, որ նրանք ազատ ու սիրահոժար համբույրներ փոխանակեցին և խոստացան իրար սիրել ու միմիայն իրար համար ապրել ցմահ։

Ամբողջ ամառը, մինչև աշնան սկիզբը ամեն իրիկուն սիրահարները իրենց ծնողներից ծածուկ շարունակեցին այս հարաբերությունը, առանց համարձակվելու արկածները հաղորդել իրենց ծնողներին։ Մանավանդ, ինչպես ձեզ էլ հայտնի է, այսպիսի սիրային հարաբերությունները, սիրահարությունները իսլամի մեջ խստիվ արգելված է և չարաչար պատժվում է, այդ պատճառով էլ նրանք անչափ գաղտնի պահելու պարտավորված էին։ Նույնիսկ Ւմամ - Ղուլին չէր հայտնել ծնողներին, հարազատներին, սպասելով գործի որևէ բարեբախտ վախճանին։

Այս լռությունը սիրահարներին կործանեց։

Որպեսզի սիրահարները իրենց փափագին հասնին, որպեսզի կարողանան ընկճել Քադիջեի գոռոզ ծնողների համառությունը, վճռեցին, որ Իմամ - Ղուլին գնա, պանդխտե և փող վաստակած վերադառնա Թավրիզ, վաճառական դառնա և ապա ամուսնանան։ Այս վճռի վրա Իմամ - Ղուլին նույն աշնանը թողեց Թավրիզը և գնաց Բաքու, առանց մարդու հայտնելու իր սրտի գաղտնիքը և այնտեղ մնաց մոտ երեք տարի։ Այնպես էր կորցրել նա իր հետքը, որ ո՛չ ծնողները, ո՛չ բարեկամները, ո՛չ էլ նույնիսկ Քադիջեն տեղեկություն չունեին նրանից։ Ատրպատականից տարեկան հիսուն հազար մարդ է պանդխտում դեպի Կովկաս ու Ռուսաստան, որոնցից մի տոկոսը այլևս երբեք չի վերադառնում իր ծննդավայրը. մեռնում են, կորչում են, կրոնափոխ են լինում, կամ դիրք ու գործ են ստեղծում իրենց համար և էլ չեն վերադառնում։

Երբ բոլորովին տեղեկություն չկարողացանք առնել Իմամ - Ղուլիից, այն աստիճանի հուսահատվեցանք, որ ենթադրեցինք, թե նա հավիտյան կորավ։

Իմամ – Ղուլին մի ուրիշ հորեղբայր ուներ, նա էլ սափրիչ էր, Աշրաֆ անունով։ Որքան որ աղքատ էր Իմամ֊Ղուլիի հայրը, այնքան էլ հարուստ էր սափրիչ Աշրաֆը, որը 10 15 տարուց ի վեր այլևս արհեստը թողել, կալվածային հասույթով էր ապրում։ Այդ աշնանը Աշրաֆի որդին՝ Քերիմ-խանը, վերադարձավ Եվրոպայից և իջավ հոր տունը։ Քերիմը մանուկ հասակից իր գեղեցկությամբ և ընդունակություններով հաճելի էր դարձել շրջապատողներին։ Նա իր բնատուր տաղանդով հասել էր բարձր աստիճանների և հարստության։ Քերիմը 12-14 տարեկան մոլլայի մոտ աշակերտ եղած ժամանակ մեծ ընդունակություն էր ցույց տվել, այնպես որ 14 տարվան գրագիր էր մտել Հաջիոֆների մոտ։ Այնքան արագ և գեղեցիկ գրում էր թղթակցությունները՝ հատուկ ոճով, այնպես դյուրությամբ լուծում էր թվաբանական լուրջ և բարդ տոկոսային խնդիրներ, որ նույն տարին Քերիմին Թիֆլիզի վաճառատուն փոխադրեցին ամսական 30 ռուբլի ռոճիկով, բացի բնակարան, ապրուստ և հագնելիքը։

Թիֆլիզում Քերիմը ամբողջ ռոճիկը հատկացրեց երկու ուսուցչի, որոնք մի տարվան մեջ նրան սովորեցրին ռուսերեն և ֆրանսերեն։ Լեզուների հետ նա սովորեց գրահաշիվ, պատմություն, աշխարհագրություն։ Երկու տարվան մեջ Քերիմն այնքան առաջ գնաց, որ ոչ միայն խոսում, գրում էր ֆրանսերեն և ռուսերեն, այլև լայն հայացք ուներ մարդկային քաղաքակրթության մասին։

Այն ժամանակի Թիֆլիզի Պարսկաստանի գեներալ կոնսուլը Հաջիոֆի մոտից հանեց Քերիմին, տարավ իր մոտ քարտուղար նշանակեց՝ ամսական ութսուն ռուբլի վճարով։ Թե ինչպես են կողոպտում համշարիներին պասպորտի պաաճառով Պարսկաստանի կոնսուլները, ձեզ հայտնի է, իսկ Քերիմը նորանոր կեղեքումների դաս էր տալիս իր վարպետներին։ Այնքան աչք մտավ Քերիմը, որ երբ կոնսուլը Պետերբուրգի դեսպան գնաց, շահից խնդրեց, որ Քերիմին Թիֆլիզի կոնսուլ նշանակե խանի ու սերթիբի աստիճանի բարձրացնելով։

Քերիմ-խանը 11 տարի վարեց Թիֆլիզի կոնսուլի պաշտոնը և միլիոն թուման փող դիզեց բանկը։ Հարստությունը հիմնավորվելուց հետո դեսպան նշանակվեց՝ նախ Պետերբուրգ, ապա Բեռլին, Լոնդոն և Հռոմ։ Մեծ վեզիրը ագահ, Քերիմ–խանը ճարպիկ, Քերիմին բարձրից ցած էին գլորում, որպեսզի կողոպտեն, նա էլ սուտ էշ ձևանալով, սիրահոժար գլորվում էր որտեղ որ հրամայում էին։ Վերջապես նրան Բուխարեստ փոխադրեցին, որտեղից Աթենք մեկնելու հրամանը որ ստացավ, հիվանդության պատրվակով խնդրեց իրեն թույլ տալ ծննդավայրը վերադառնալու, հանգստանալու և հորը տեսնելու։

Սափրիչ Աշրաֆը որդու փողերով վաղուց մեր թաղում քառասուն ավերակ տներ էր գնել և մի մեծ ապարանք կառուցել։ Է՛լ այգի, է՛լ ջրաղաց, կրպակ, բաղնիք, գյուղեր, ամեն ինչ ձեռք էր բերել և ապրում էր խանավայել կյանքով։ Էլ քաչալ սափրիչ չէր, ամենքը Աշրաֆ աղա էին կանչում, որը դռանը քսան ծառա և քառասուն հարճ ուներ։

Քերիմ–խանը ապրեց հոր տանը մի քանի ամիս։ Սա Թիֆլիզում մի վրացի կին էր առել, երեխա ուներ, ապահարզան էր տվել, ապահովել, այնտեղ էլ թողել ու գնացել էր Պետերբուրգ։ Այդտեղ էլ մի ֆին աղջիկ էր առել, ապահովել, թողել գնացել էր Լոնդոն։ Այսպես ամեն մի քաղաքում կին ու զավակներ էր թողել և հեռացել։

Թեև ամեն մի քաղաքում հատուկ կին էր պահում, բայց մի պարկ գարի երբեք չէր կարող հագեցնել այդ անկուշտ ջորուն։ Ինչպես անհնար է պարկով գարին մի ժամում համրել, այդպես էլ անհնար էր Քերիմ–խանի ճանկած կիների թիվը որոշել։ Այս պատճառով էլ նա շարունակ սեռական ախտերի մեջ բորբոքվում էր, փողն ու բժիշկները չէին օգնում։ Ինչպես ասում են՝ ապականությունը արյունից մկաններին, ոսկորներին ու ոլոգներին էր հասել։

Իմամ–Ղուլիի հեռանալուց հետո, Թավրիզ հասնելու երկրորդ օրը պատշգամբից թե կտուրից Քերիմ–խանը տեսնում է նուխեցու հասած ու կազդուրված աղջկան՝ Քադիջեին։ Իսկույն խնդրակ է ուղարկում, Քադիջեին կին է ուզում հազար թուման քյաբինով։ Աղջիկը հասած, ծնողները չքավոր, անմիջապես առաջարկը ընդունում են և նույն գիշերը թաղի ախունդը սղան՝ ամուսնության դաշինքի աղոթքը կարդում և կնքում է քյաբինի թղթերը։ Հենց նույն գիշերը Քադիջեն մտնում է Քերիմ–խանի կանանոցը և հագուրդ է տալիս նրա կրքերին։ Մեծ բախտի, հարստության, կերուխումի, հագուստի, կապուստի, զարդարանքի է հասնում, բայց ափսոս որ մի ամիս չանցած թե հղիանում և թե՛ գոդով վարակվում է Քադիջեն, այն էլ ամենախիստ բորբոքումով։

Մի֊երկու ամսի ընթացքում Քերիմ-խանը աղքատ դրացիներից տասնչորս աղջիկ էր սղա արել և կանանոցը լցրել, այնպես որ Քադիջեի բորբոքումները նրան այնքան էլ չէր հետաքրքրում։ Թշվառ Քադիջեն այս սոսկալի վերքերից ոչ միայն վշտահեղձ էր եղել, այլ ամոթից նույնիսկ հարազատներին չէր համարձակվել հայտնելու իր ցավը, որը օրեցօր տարածվում էր ամբողջ մարմնի վրա։ Ոսկի, մարգարիտ ու գոհար զարդերի հետ Քադիջեն մսի վրա կրում էր ալ ու կարմիր վերքեր, որոնց ծայրերին շողակի նման փայլում էին մահրակալած խոցերը։ Ճշմարիտ է, Քերիմ-խանը հագցրել էր Քադիջեին ընտիր քաթանի շապիկներ, բայց այդ բոլորն ամեն օր վերքերից ապականվում էին, թոռոմ ացնելով նրա չքնաղ մարմինը։

Վերջապես սադրազամի խնդիրներից դրդված Նասր-էդ-Դին շահը Քերիմ-խանին Թեհրան կանչեց, որպեսզի կողոպտի։ Սափրիչի որդին պարտավորված բոլոր հարճերին ապահարզան տվեց, վճարեց քյաբինները, իրենց ծնողների տունը դարձրեց՝ խոստանալով ողջ վերադարձին նրանց կրկին իր տունը տանել. ապա մեկնեց դեպի մայրաքաղաք, որ եթե այնտեղ կյանքը կարճեն, տանը նստած հարճերը հորն ու եղբայրներին նեղություն չպատճառեն, ժառանգությունից քառորդ բաժին չպահանջեն։

Աղքատ ծնողների համար վայնասուն էր այդ օրը, երբ աղջիկները իրենց կապոցները ղալամների շալակը տված, մի֊մի քսակ դրամով տուն վերադարձան։ Բայց ի՞նչ կարող էին անել, իսլամի կարգն էր, օրինական բոլոր ձևականությունները կատարված և քյաբինների մեջ նշանակված ապահարզանի hարզանի դրամներն էլ ամբողջապես հանձնված էր արձակված կիներին: Քադիջեն Հրեշտակային տիպով, անմեղ, ձյունի նման մաքուր, ցողի նման վճիտ դուրս Էր եկել հոր տանից, վերադարձավ խոցոտ մարմնով, ապականված արյունով ու սրտով։ Նրան խաբել կին Էր ուզել, բայց կաշառված ախունդը նենգել հարճի սղա Էր կարդացել։ Հազար թուման քյաբինի փոխարեն հազար ղռան Էր գրել անօրեն ախունդը։ Խեղճ կինը թագուհի մտել, որպես աղախին դուրս Էր շպրտվել։ Տուն վերադառնալուց հետո բոլորովին դառնացավ Քադիջեի կյանքը։ Նա զգաց, թե ինչ անդառնալի կերպով կորցրել Էր իր խաղաղությունն ու թունավորել Էր կյանքը։ Հայրենի բնակարանը, որ մանկության դրախտն Էր, պատանության տանջարանը, այդ օրվանից դարձավ իր դժոխքը։ Քադիջեն ու ծնողները դառն կերպով ողբացին սև օրը, սգացին, բայց անօգուտ։ Անմեղությունը, սրբությունը կորել Էր, արտասուքով չէր կարելի ետ գնել։ Դեռ ականջիս մեջն է ծերունի դրացուս խոսքերը, որը կնճռելով թորշոմած ճակատը, դարձավ դեպի կինն ու աղջիկը և ասաց.

- Փառք ալլահին մենք մուսուլման ենք, ինչի՞ անօրեն ու հայհոյող ենք դարձել։ Ինչ որ ճակատագրված է, հնազանդ ենք։ Չենք կարող վերին կամեցողության ընդդիմանալ։ Ով կարող է ամենակարողի կամքին հակառակել։ Մուսուլմանի անօրենից առավելությունն այն է, որ կյանքի մեջ քաջությամբ պիտի դիմավորե և հպատակվի Բարձրագույնի կամքին։ Չէ՞ որ ամեն բան նախախնամությունն է տնօրինել։

- Մի՞թե ալլահին հաճելի էր,- ասաց պառավը բորբոքված,- որ կաթի նման անարատ աղջիկս տանեին և ժահրոտած վերադարձնեին։ Մի՞թե լսված բան է, որ հազար թուման քյաբին խոստանա և այսօր նենգված թղթով հազար ղռան տա հղի կնոջ ձեռքը և տուն ճամփե։ Մի՞թե շերիաթը թույլ է տալիս այս անգթությունները։ Մի՞թե կարելի է հղի կնոջն ապահարզան տալ։

- Ասա՛, կնի՛կ, մեղա՛, ասա՛՝ հաշա ալլահի շերիաթը ոչ մի անգթություն չի թույլ տալ։ Ալլահի շերիաթը սուրբ է։ Շերիաթն ի՞նչ անե, երբ ախունդը իր մի քանի դռան վարձիկաշառքի համար ստել է, նենգել է, ամուսնության դաշնագիրը խարդախել ու փոխել է։ Այս կեղծիքները ինչի՞ պիտի անարգեն շերիաթը, որը այդ խարդախներին ուղղելու համար է երկիր իջել։

- Մի՞թե ալլահի կամքն էր, նախախնամությունն էր սահմանել, ա՜յ մարդ, որ սափրիչ Աշրաֆի լակոտը հարյուր հազարներ թալանե, Թավրիզ վերադառնա մեզ խաբե։ Մի՜թե այսպիսի գարշելի արկածներ բյուրավոր դարեր առաջ նախասահմանել էր ալլահը, որպեսզի տանջի ինձ, իմ անմեղ Քադիջեիս և ո՞ր հանցանքներիս համար։

- Ա՜յ կին, ասա՝ հաշա, ասա՝ մեղա, մի՛ մեղանչիլ, մի՛ հուսահատվիլ, մի հայհոյիլ և մի՛ անօրինանալ։ Այո՛, այդ բոլորը մեր ճակատին գրված էր, մենք պիտի քաշեինք և այսօր պարտավոր ենք լռությամբ և համբերությամբ տանել։ Դու կարծում ես, որ մեղք չունիս, բայց հենց այս րոպեին քո շրթունքներից օձեր ու կարիճներ են թափվում, որոնք այնտեղ բույն էին դրել ու զարգացել։ Ասա մեղա՛, ա՜յ բեյնամազի (տխմար-չաղոթող) աղջիկ։

Ամբողջ օրերով ու շաբաթներով վիճում էին ամուսինները. կինը նախատում էր անարդար նախախնամությունը, իսկ մարդը՝ կնոջ անհավատությունը։ Եվ այս տխուր ու մռայլ Օրերի մեջ այլևայլ սափրիչներ, դեղատուրներ և հմայողներ ամեն օր իրենց հաբերով, մահլամներով և հմայիլներով հարստահարում էին Քադիջեի տուն բերած աղքատ քսակը, որը երկար չդիմացավ, յոթ ամսից դատարկվեց։

Բավական չէր այդ սոսկալի վիճակը, Քադիջեն էլ ազատվեց, աղջիկ բերեց, բոլորովին հար և նման մորը, նույնիսկ հիվանդությունն էլ ժառանգած։ Մինչ այդ զառամյալները ողբում էին իրենց աղջկան, նրա մանուկը սուգը կրկնապատկեց: Հետզհետե ծախվեցան Քադիջեի զարդերը, ինչպես ծախվել էին մոր երբեմնի օժիտի գոհարները և կերպասները։ Այս տանջանքներին չդիմացան զառամյալները, իրար ետևից ընկան մեռան։

Քադիջեն այնքան նեղը մնաց, որ պարտավորված գրավ դրեց հայրենի տունը՝ ծնողներին թաղելու և ուրիշ ծախսերը ծածկելու համար արած պարտքը վճարելու։ Չքավորությունը, անտերությունը այնպես ճնշեցին, որ ախտաժետ կինը հայրենի տան հետ կորցրեց քիթը, ջղերը քաշվեցան, աչքերը մսակալվեցան, կողը և կոկորդը ծակվեց, այլանդակվեցավ։

Մի առավոտ թաղեցիները հավաքվեցան և մեծ աղմուկով ստիպեցին Քադիջեին թողնել թաղը, դուրս գալ քաղաքից և բնակություն հաստատել քյուֆթերի այրերում։

Մեզ, մեր զավակներին կվարակե այս գարշելին, աղաղակում էին բոլորը։

Արդեն տանը բան չէր թողել թշվառ կինը, պղնձեղեն, բրդեղեն, կավեղեն, փայտեղեն, ամեն բան ծախել, գրավ դրել ու կերել էր։ Մի սև չարսավ գլխին գցած, մի աղտեղի վերմակի մեջ աղջկան փաթաթած դուրս եկավ հոր տանից, որը գրավ վերցնողը եկել էր տիրելու։ Ամբոխն այնպես էր գազանացել, որ Քադիջեի ողբը, արտասուքը, թախանձը ներգործություն չունեցան։

- Կորիր, գնա՛ դժոխքը, գոռում էին պառավներն ու ծերերը։

- Աներևութացի՛ր, անհետացի՛ր, աղաղակում էին ջահելները։

Քադիջեն, սարսափահար, արյունակալած աչքերը մոտեցրեց հայրենի դռան շրջանակին, համբուրեց փեղկերը, ախերը, թակն ու փակը, հառաչեց ու ասաց ողբագին.

- Կերթա՛մ, կերթա՛մ, դրացինե՛ր, անգութ հարևաններ, ապառաժ այրերն ինձ գերեզման ու պատսպարան կտան, որ հանգչեմ։

Չարաճճի լաճերը, ստահակ պատանիները Քադիջեին հետևեցին մինչև Սահաբ-Դիվանի այգին։ Թշվառ կինը սավանում փաթաթած, վերմակի մեջ բալուլած տարեկան մանկիկը գրկած, ձեռքին մի թիթեղյա ջրամանճ կամաց֊կամաց դողդողալով բարձրացավ դարիվերը, իջավ հեղեղատ և մտավ առաջին պատահած այրը, որի բնիկ քյուֆթը երեք օր առաջ մեռել չորցել, անթաղ մնացել և գազանների կեր էր դարձել։

Հայտնի բան է, մթության մեջ Քադիջեն չէր էլ նկատել իր նախորդի ոսկորների մանրուքը, որոնք մնացել էին գազանների ճաշից հետո։ Այնտեղ նա տեղավորեց իր մանուկին, նստավ այրի մուտքին հանգստանալու։ Այդ օրվանից որջը դարձավ նրա «կենդանի գերեզմանը»։

«Բայց ու՞ր մնաց քո ազգական Իմամ-Ղուլին, լավ թե նա թողեց, որ իր սիրասուն Քադիջեն այդ օրն ընկնի»։

Ոչ մի այն Քադիջեն ոչինչ չէր պատմել իրենց սիրո մասին ծնողներին, այլ սիրուհուն տված խոստման համաձայն Իմամ–Ղուլին էլ ոչինչ չէր հայտնել ազգականներին:Նրանց իրար տված խոստման մասին բան չգիտեր ոչ ոք։ Միայն Քադիջեն Իմամ֊Ղուլիին Հավատացրել էր, որ ինքը մարդու չի գնալ, բացի նրանից, և փոխադարձաբար պահանջել էր, որ Իմամ–Ղուլիին Թողնե սափրիչությունը և մի այնպիսի գործ բռնե, որ կարողանա դիրք վաստակել և ծնողների հաճությունն ստանալ։ Այս պայմանն այնպես էր ընկճել Իմամ–Ղուլիին, որ սա ածելիները, հայելի, սանր, բոլոր գործիքները ծախել և վճռել էր հարուստ տուն վերադառնալ։

Ամբողջ երեք տարի Իմամ-Ղուլին ամեն ճիգ գործ դնելով, Բաքվում երեք հազար թուման էր աշխատել, որով շաքար ու նավթ գնելով, վերադարձել էր, որ վաճառականությամբ պարապի, տուն գնե, կահավորե և ամուսնանա իր սիրած Քադի¬ հետ։ Թավրիզ հասնելուց հետո, երբ իմացավ Հորեղբոր որդու արարքը, Քադիջեի Թաղից արտաքսվելը, քիչ մն՛աց որ Իմամ-Ղուլին խելագարվի։

Ամբողջ տասն օր նա ո՛չ խանութ վարձեց, ո՛չ տուն կահավորեց, ո՛չ էլ խելամտությամբ գործին հետևեց։ Բերած՝ ապրանքը շատ չնչին օգուտով մաքսատան մեջ ծախեց վաճառականներին, դրամագլուխը հանձնեց սեղանավորի և սկսեց Թափառել քաղաքում խելացնորի նման։

Իմամ֊Ղուլիի Հայրը արդեն մեռած էր։ Նա եղբայր չուներ, այնպես որ քենիս անճարացած անընդհատ ինձ թախանձում էր հետևել իր միակ որդուն՝ տան նեցուկին, որ չլինի թե գլխին փորձանք գա։ Կնոջս թախանձանքից դրդված, անճարացած հետամտում էի նրան, որ հաճախ կորչում և ժամերով չէր վերադառնում։ Իմամ֊Ղուլին այնպես էր Հետքը կորցնում, այնպես էր հրապարակ գալիս, որ ոչ ոք չէր կարողանում գուշակել, թե նա ուր էր առանձնանում։

Երբեմն Իմամ-Ղուլիին գտնում էինք մզկիթում, ուր ժամերով նստում քարոզ էր լսում և վիճաբանում էր ախունդների հետ։ Երբեմն նա գնում էր ուխտատեղիները, բարձրանում էր Այնալ-Զեյնալի գագաթը, գնում էր Լալա գյուղը՝ բանջարեղեն ուտելու կամ որևէ թաղի թեյարաններում լսում էր դարվիշների նկարագրությունները։ Ոչ մի գիշեր ժամանակին տուն չէր գալ, միշտ անորոշ ժամին մտնում էր անկողին քնելու և հաճախ առավոտ արշալույսին աներևութանում էր։

Տան ծախսը շատ չափավոր կերպով էր կատարում։ Երբեմն Ւմամ-Ղուլին աղքատ քույրերին օգնության էր հասնում, նրանց համար հագուստի կտոր, կոշիկ էր գնում, նրանց երեխաներին նույնպես հագցնում էր։ Երբեք մորը չէր վշտացրել, բայց և ոչ մի օր կարգին հետը նստել, խոսել, խորհրդակցել չէր. հին ընկերներից խույս էր տալիս, ծածկվում էր։

Մորը և հարազատներին տանջում էր այն միտքը, թե Իմամ-Ղուլին ու՞ր էր առանձնանում երկար ժամեր, նույնիսկ գիշերներն էլ աներևութանում էր։ Դարձյալ մայրը գտավ որդու հետքը։ Նա մի օր վաղ, արտասուքն աչքերին մոտեցավ ինձ և ասաց

-Իմամ-Ղուլիիս այս գիշեր գնացի և գտա քյուֆթերի մեջ, նուխեցիների աղջկա այրում, որտեղ նրան պառկեցրել ու ամբողջ մարմնին դեղ էր քսում։

Ես մնացի շվարած, այլևս բացատրություն պահանջելս ավելորդ էր։ Պարզ էր, որ Իմամ-Ղուլիի սերը չէր հանգել։ Ո՛չ երեք տարվան բացակայությունը, ո՛չ Քադիջեի ամուսնությունը, ո՛չ թշվառ կնոջ այլանդակությունը, զավակը, ոչինչ և ոչինչ չէին սառեցրել նրա սերը։ Ես զգացի, թե Իմամ-Ղուլին ինչպես էր բոցակալված այդ սուրբ սիրով և ինչպես տանջվում ու տապակվում էր։ Ի՞նչ կարելի էր անել, ինչո՞վ սառեցնել և ուշքի բերել այդ դեռահաս մարդուն, որը անդունդի բերան, ապառաժների ծայրին կանգնած մտածում էր գլորվել ու հավիտյան կորչել։

Աղա Միրզա, ասաց դարաքաշ մայրը արտասուքն աչքերին, զավակս ձեռքիցս գնում է, դու, միայն դու կարող ես նրան փրկել։ Իմամ֊Ղուլիս բացի քեզնից ոչ ոքի չի լսիլ, քեզնից ջոկ տեր չունի։ Արա ինչ որ հարկավոր է, պառավիս ազատիր այս սոսկալի դժոխքից։

Ի՞նչ կարող եմ անել, քույր, ես ինչ անեմ, երբ նրա հոգին ու զգացմունքները կապվել են Քադիջեի հետ։

Նրան դևերն են կապել, նրան կախարդել են, աղա Միրզա, նրան պետք է փրկես։ Ահա քառասուն օր է, թուղթ ու գիր անել տվի, եղնգի, թասի աշել տվի, դերվիշի, քեշիշի մոտ անգամ գնացի, անօգուտ։

Քույր, նախ քեզ խորհուրդս այս է, որ համբերես։ Ամենևին որդուդ հետ այս մասին չխոսես։ Ոչ ոք չիմանա, որ դու նրան տեսել ես, այրում՝ քյուֆթի մոտ։ Ես կաշխատեմ և հույսս մեծ է, գուցե նրան խելքի բերեմ և ազատեմ։

Ես քո խոսքից չեմ դուրս գալ, բայց քո էլ օձիքը չեմ բաց թողնիլ: Ահա եկել ու կպել եմ փեշիդ, էլ դու գիտես,– ասաց ու բռնեց աբայիս փեշն ու համբուրեց։ Այն իրիկունը գործս կարգի դնելուց, ընթրելուց հետո կնոջս ասի, թե մզկիթ պիտի երթամ, գուցե ուշ տուն դառնամ, թանալիքն առա, դուրս եկա։ Նախ մոտեցա քենուս դռանը և իմացա, որ Իմամ–Ղուլին տանը չէ։ Ապա կամաց-կամաց ճանապարհ ընկա դեպի Խալաթ-Փուշանի հեղեղատը:

Գիշեր էր։ Լուսնյակը երկնքումը ամբողջապես կանգնած էր։ Աշնան պարզ ու զով գիշեր էր։ Զեփյուռը Սահանդից մեղմ փչում էր, և կյանքը հանգստացած էր ամեն կողմ։ Խիավանից անցնելիս շատ քիչ մարդու պատահեցի։ Միայն ջորեպաններն անվերջ իրենց քարավանի հետ սովորական զանգակների ղողանջյունով առաջ էին գնում։ Կամ գյուղացիները մեկ-մեկ ձիավորված վերադառնում էին մոտակա գյուղերը։ Մի ժամից հետո հասա Քադիջեի այրի մոտ և հանդարտ քայլերով մոտեցա։ Այրը ճանապարհից 8 10 քայլ հեռու էր, բերանն էլ ապառաժի ծերպով պաշտպանված։ Քսան քայլ հեռավոբությամբ նստած չիբուխս լցրի, սկսա ծխել և մտածել, թե ինչ ընթացքով մոտենամ սիրահարներին, որ կարողանամ երկուսին էլ տրամադրել խորհուրդս լսելու և ետ մնալու իրենց կործանիչ մտքից։ Հազարավոր մտքեր անցան գլխիցս, որոնք բոլորն էլ ապարդյուն թվեցան։ Վերջապես որոշեցի մոտենալ և բախտին թողնել հետևանքը։

Երբ այրի բերանի ծերպին մոտեցա, ականջիս հասան խոսակցության ձայները։ Զգուշությամբ քարի վրա նստա աննկատելի կերպով և սկսեցի լսել։

Ղուլի ջան, ասաց Քադիջեն, զուր է քո տանջանքը, ինձ հեքիմներն ասացին, թե ցավս անբուժելի է։

Այո, բայց այդ քո հեքիմները իրենք բան չգիտեն. ես ինգլիզի դոկտորին եմ բերում քեզ դեղ տալու։ Նա խաբեբա չէ և եթե հույս չունենա, չի էլ գալ։ Էդքոքն ասաց, որ մինչև երեք ամիս ես Քադիջեի բոլոր վերքերը կբուժեմ։ Էդքոքը շահի բժիշկն է, նա ուղարկել է Թեհրանից, որ վալիահթին ամորձիքների հիվանդությունից ազատե։

Կուզե թող երկնքից իջած լինի, հոգիս, ասաց հառաչելով Քադիջեն, ես համոզված եմ, որ էլ ինձ փրկություն չկա: Դու մի քիչ մկան դեղ բեր ես ուտեմ, դու էլ հույսդ կտրիր, ազատվիր, գնա գլխուդ ճարը տես, կարգվիր…

Ես որ կարգվել ուզենայի, էլ Բաքվից ինչի՞ կգայի Թավրիզ. գո՞րծս էր պակաս, փո՞ղս էր պակաս, թե՞ պատիվս։ Այնպես աղջիկներ ինձ առաջարկեցին, որ ամեն մեկը հետը տասնյակ հազարով փող, օժիտ և հող ունեին, բայց ես ուխտել էի ապրել միմիայն Քադիջեիս բախտավորացնելու համար։

Քադիջեդ ընկավ, մեռավ, չկա։ Քերիմը նրան ողջ-ողջ գլորեց հորը, թաղեց վերջացավ։ Դու ինչի՞ ես մեռելի ետևից ընկել։ Մի՞թե գերեզմաններից կարելի է դիակ հանել և նրա հետ ապրել։ Գնա՛, հոգիս, գնա՛ և մոռացիր ինձ այնպես, ինչպես ես քեզ աղքատ վիճակումդ մերժեցի և հարճ գնացի հարուստ հորեղբորորդուդ՝ Քերիմ-խան ավազակապետին, սրիկային։

Դու մեղք չունիս, այդ ես համոզված եմ։ Եթե ես Թավրիզ լինեի, Քերիմ չէ, Նասր-էդ-Դին շահն էլ չէր կարող քեզ իմ ճանկից հանել: Ես գնացի, երեք տարի մնացի, դու հուսահատվեցար, ծնողներդ էլ սև փողի համար քեզ տարան, ծախեցին…

Եթե ես քեզ նման հաստատակամ լինեի, ծնողներս ինձ ստիպել չէին կարող: Հորեղբորորդուդ գոհարն ու մարգարիտը, ոսկին ու մետաքսը, ուղարկած սնդուսն ու թավիշը ինձ խաբեցին, և ես ծնողներիս ասացի, թե կերթամ Քերիմենց տունը և գնացի իմ հոժար կամքով։

Հայտնի բան է, այնքա՜ն սոված օրեր էիր անցկացրել, այնքա՛ն հագուստի ու զարդի կարոտ էիր քաշել, որ պիտի խաբվեիր։ Բայց եթե ես մոտդ լինեի, այն ախտաժետը չէր կարող քեզ ճանկել, վարակել և այս վիճակին թողնել ու փախչել։

Ես ասում եմ, որ էլ էդքոքին չբերես, ես այլևս կարողություն չունեմ նրա դեղերը քսվելու, տաք անկողնում պառկելու և նրա պատվիրած կերակուրներն ընդունելու։

Այդ քու կամքից չի կախված, սիրելիս, ահա փափուկ դոշակ, բարձ ու վերմակ եմ բերել քեզ համար։ Կարպետ եմ գնել, պառկիր, և ես դեղերդ քսեմ։ Ուտելիք, ինչ որ հարկավոր է, ես կբերեմ ամեն օր։ Մի ամիս որ համբերես, բոլոր վերքերդ կլավանան, և դու կազատվես այս դժոխային որջից։ Ես խոսեցա վերզիացիների հետ, նրանք իրենց գյուղում մի տուն են ծախում ինձ և քեզ էլ այնտեղ պիտի ընդունեն։ Այնտեղ էլ կան քյուֆթեր, բայց դեղ են արել, առողջացել և ապրում են։ Դու էլ կլավանաս և այնտեղ կապրես մի ժամանակ, մինչև բոլորովին առողջանալդ։

Ես ապրել չեմ ուզում, Ղուլի, ես մեռնելու եմ, ես երբեք չեմ կարող առողջանալ, հասկանո՞ւմ ես։ Զուր հույսերով դու քեզ մի՛ խաբիր։ Գնա՛, տար անկողինը և կարպետը։ Գիշերս գողերը կգան այդ բոլորը կքաշեն ու կտանեն։ Դեռ դրանց համար գուցե մեզ էլ սպանեն։

Թո՛ղ տանեն, էլի կգնեմ։ Մի՛ վախենալ, թանկագին բան չեմ առել։ Ձեր հին կարպետը և մորդ դոշակն ու վերմակը, որ գրավ էիք դրել բախալ Ամոյի մոտ, նրանից գնեցի։ Ամենքը վախենում էին, թե հիվանդի ապրանք է, վարակված և ձեռք չէին տալիս։ Նա էլ աժան տվեց. այդ բոլորին հինգ ղռան եմ տվել։

Ես երեք ղռանի էի գրավ դրել, էլի երկու ղռան շահել է։ Միևնույն է, տար, մի ուրիշի կբաշխես, ինձ պետք չէ, հասկանո՞ւմ ես, գիշերս կգան ու կտանեն։

Լսի՛ր, դու հնազանդի՛ր։ Ես փռել եմ կարպետն ու դոշակը. դու վեր կաց պառկիր, այս դեղով պիտի օծեմ ամբողջ մարմինդ։

Գնա՛, կյանքդ սիրես, Ղուլի, գնա՛, չեմ ուզում, մեղք ես։ Ես վարակվեցի, նեխվեցի, դու ինչ մեղք ունիս, եկել ինձ կպել ես, ուզում ես դեղ անել, վարակվե՞ս։ Չեմ թողնի. գնա՛, գնա՛, հեռացիր։

Անկարելի բան է։ Մի ամիս, միայն մի ամիս եթե այս դեղերը շարունակ քսես, դու էլ կառողջանաս՝ Իսկ իմ մասին մի մտածիր։ Ես սափրիչի տղա եմ, քանիլ չգիտեմ։ Բժիշկն ինձ սովորեցրել է ամեն միջոցներ, որ թե՛ քեզ դեղ անեմ և թե՛ չվարակվեմ։ Մի՛ վախենալ, ես չեմ եկել վարակվելու, այլ հասել եմ քեզ փրկելու։

Մի՛ պնդիլ, Ղուլի, ասաց Քադիջեն։

Վե՛ր կաց, եթե խիղճ ունիս, եթե սիրում ես մեր երանելի անցյալն ու բախտավոր գիշերները, ինձ մի տանջիլ։ Վե՛ր կաց, պառկիր։

Անօգուտ է, հոգիս, վտանգավոր է…

Դու սխալվում ես, ասաց Իմամ–Ղուլին, պառկեցրեց ախտաժետին, թևերը ետ դարձուց և դեղի շշի բերանը բացեց ու սկսեց թանձր ասվի կտորներով օծել ու շփել հիվանդի ամբողջ մարմինը։

Միառժամանակ դադարեց խոսակցությունը, միայն լսում էի մանուկի խռկոցի ձայնը և Իմամ֊Ղուլիի ձեռքերի շփոցից երբեմն-երբեմն առաջացած աղմուկը։ Ես այնպես էի նստել, որ ոչ այրից և ոչ էլ ճանապարհից անցնողները կարող էին ինձ տեսնել, այնինչ ես տեսնում էի երկու կողմն էլ ինչ որ կատարվում էր։ Քարավաններն անվերջ անցնում էին. ուղտեր, ջորիներ, ձիեր և էշեր իրենց ջորեպաններով։ Անվերջ աղմկում, խոսում էին, բայց ոչ ոք չէր խանգարում ինչպես ինձ, նույնպես Իմամ-Ղուլիին, որը քրտնաթոր ճակատով, կիսով չափ կռացած, Քադիջեի անկողնի մոտ չոքած անվերջ դեղերը քսում և շփում էր։

Բավական է, հոգի՛ս, հերիք է, Ղուլի՛, մրմնջում էր Քադիջեն։

Հիմա կպրծնեմ, իսկույն, արձագանք էր տալիս տնքալով Իմամ-Ղուլին և շարունակում էր գործը։

Այնքան տրորեց ու շփեց ախտաժետին, որ նա թմրեց ու քնեցավ։ Իմամ-Ղուլին նրա վրան ծածկելուց հետո զգուշությամբ երեխային էլ բերեց մոր մոտ, նրա մարմինն էլ օծեց, տրորեց, շփեց առանց քնից սթափեցնելու և մոր կողքին զետեղելուց հետո դուրս եկավ այրից։ Փշրված տախտակի կտորներով փակեց դուռը, մեծ֊մեծ քարերով ամրացուց և կամաց-կամաց իջավ, անցավ դեպի քանքանի բերանը՝ լվացվելու։

Ես զգուշությամբ իջա և գնացի ճանապարհի կողքին գտնըված պարտեզի խրճիթի առաջ նստա։ Շունը սկսեց պարտեզի մեջ ոռնալ ու հաչել։ Ես չիբուխս լցրի ու սկսեցի ծխել առանց ուշք դարձնելու բարձրացած աղմուկին։ Աչքս մթնումը չռած անհամբեր սպասում էի Իմամ-Ղուլիի գալուն։ Մտքումս ծրագրում էի, թե ինչ հառաջաբանով սկսեմ հորդորներս։ Երկրորդ անգամ չիբուխս լցրի և ծխեցի, վերջապես եկավ Իմամ-Ղուլին աբայի թևերը հագած, փեշերը քաշած, հանդարտ ու մեղմ քայլերով։ Երևի քրտնած էր և վախենում էր ցրտահարից։ Ես ոտքի ելա և ուղի ընկա ծխացնելով չիբուխս։ Իմամ–Ղուլին առանց դանդաղելու եկավ հասավ ինձ և սովորական բարև տվեց։ Բարևը որ ընդունեցի, նա ձայնիցս ճանաչեց և ցնցված կանգ առավ ու ասաց.

Աղա Միրզա՛, դու այս ժամին այստեղ ի՞նչ գործ ունիս։

Իմամ-Ղուլի, պատասխանեցի, դու որտե՞ղ էիր, ինչ գործ ունեիր քյուֆթի մոտ։

Մի րոպե երկուսս էլ կանգ առած իրար նայեցանք։ Իմամ-Ղուլին պաղած մնաց։ Այն պես որ ես պարտավորվեցի նորից կրկնելու․

Ախար այս ժամին դու տնից ինչի՞ ես բացակայում, օր ես էլ պարտավորված լինեմ քեզ որոնելու։ - Դու իմ ետևիցս եկել, ինձ հետամտե՞լ ես։

- Ո՛չ, դու կեսօրից աներևութացել էիր, իսկ ես ընթրիքից հետո եկա քեզ գտնելու։ Երանի՜ համբերությանդ, բայց անխելք ես, չես մտածում, որ կարող ես դու էլ վարակվել։ Մի՞ թե չգիտես, որ քյուֆթն անբուժելի է։ Ինչի՞ ես կյանքդ զոհում մի մեռածի համար։ Մեռելների համար չեն զոհվում։

- Ի՞նչ անեմ, աղա Միրզա՛, քանի որ սիրտս չի դադարում։ Ամբողջ տասներկու տարի ես ապրել եմ երևակայությամբ թե իրականությամբ Քադիջեի հետ, այժմ այնպիսի մի բաց է մնացել սրտումս, որ ոչնչով չեմ կարողանում լցնել։

- Մեռե՜լ է, մեռելին խո չե՞ս կարող հարություն տալ,- ասացի հուզված։

- Այդ մտքի հետ չեմ կարողանում հաշտվել, թե նա կարող է մեռնել։ Մանավանդ որ դոկտոր Էդքոքը խոստանում է բուժել։

- Զուր բան է, դոքտորը փողիդ հավասին դեղեր է տալիս, քեզ մխիթարում և հուսադրում է, բայց ինքդ էլ համոզված ես, որ անբուժելի է։

- Ո՛չ, Միրզա, արդեն զգալի փոփոխություն եմ նկատում մի շաբաթվան մեջ։ Եթե մի ամիս շարունակեմ, բոլոր վերքերը կծակվեն և կկարողանա հանգիստ ման գալ ու տեսնել։

- Դրանից ի՜նչ օգուտ․ դու Քադիջեի տանջանքն ես երկարում։ Նրա խոցերը կարող ես բուժել, բայց նրա արյունը, ջղերը, մկանները, մինչև իսկ ոսկորները ապականված են։ Նա չի կարող վերածնվել։

- Ես գիտեմ, որ նա այլևս չի կարող ինձ կին դառնալ, բայց նրա շունչը, խոսակցությունը, կենդանությունը մասամբ կծածկեն սրտիս բացը, և ես մխիթարված կլինեմ։

- Բավակա՛ն է, տհաս մտքերդ մի արտահայտիլ գոնե ուրիշին։ Մտածիր, որ մենք կռապաշտ չենք, չենք կարող ալլահի կամքի դեմ կռվել։ Բախտը չէր կամեցել, որ դու Քադիջեի հետ ապրես, ինչպե՞ս կարող ես ճակատագիրդ փոխել։ Նա մեռավ և թաղվեցավ. գերեզմանում երկու տարուց ի վեր թաղված մեռելը նեխված կլինի, նրա ոսկորտիքին ձեռք տալը մեղք է, ոճիր է։ - Սեպի՛ր թե նրա ոսկորտիքը հանել եմ, որ Քեր-Բելա տանեմ, մեծ Իմամի մարտիրոսված հողում թողնելու։

- Այս տասնհինգ օրը ինչքան որ զբաղեցար այդ դիակի հետ, բավական համալիր և Քադիջեի խոսքը լսելով, նրանից ձեռք քաշիր, ազատվիր։ Ե՛կ, գիշերս քեզ նշանեմ, մի աղջիկ ուզենք, ամուսնացիր, և նա Քաղիջեի բաց թողած տեղը կլցնե։

-Ոչի՛նչ, ոչի՛նչ չի կարող լցնել։ Այն իմ երազներս, իմ ձգտումներս, բոլորը կործանվեցան ու ցնդեցին։ Կյանքն առանց Քադիջեի խավարել է ինձ համար։ Ես պետք է բուժեմ նրան, որ ինքս էլ ապրեմ, եթե ոչ, առանց Քադիջեի ես կյանք չունիմ։ Ես նրան կտանեմ Թիֆլիզ, Խարկով և մեծ բժիշկներին կհանձնեմ, որ բուժեն։

- Նա ճանապարհին շնչասպառ կլինի, նրան չես կարող մինչև Արաքսի ափը հասցնել։

-Ես էլ Արաքսը կգլորվեմ, և երկուսս էլ կազատվենք այս դառն աշխարհից։

-Վա~խ, վա~խ, վա~խ, -ասացի քմծիծաղով, -դուք որ մեռնիք ու խեղդվիք, աշխարհ կկործանվի։ Բավական է տխմար ու տհաս դուրս տաս, վերջ տուր այդ ցնորքին և հաշտվիր այն կյանքի հետ, որ ամբողջ աշխարհը վարում է։

-Անհաշտները չեն կարող զիջանել ու ընկճվել այս աղտեղության մեջ։ Ավելի ուրախությամբ ես կշփեմ ու կտրորեմ քյուֆթի ապականված մարմինը, նրան բուժելու հույսով, քան թե կգնամ, կբարեկամանամ այն ապականված բարքերի հետ, որոնք աղքան ժամանակս ինձ անասունիվ չէին զանազանում, իսկ այսօր չորս բոլորս են ման գալիս, գրպանումս ոսկի տեսնելով։

-Ախր, չէ՞ որ Քաղիջեդ էլ այդպես վարվեց․ քանի որ աղքատ էիր, քեզնից երես էր թեքում, գնաց ախտաժետ Քերմին առավ ոսկու փայլից շլացած․․․

-Ո՛չ, նա ինձ սիրում էր հոգով, նա ինձ կյանք ու հույս էր ներշնչում։ Նա ինձ խրախուսեց գնալ Բաքու փող աշխատել և վերադառնալով կոտրել իր ծնողների տխմար փառասիրությունը։ Բայց ի՞նչ օգուտ, որ մինչև վերադարձս Քերիմը սպասեց կյանքս ու ծրագիրներս կործանեց։ Հետևյալ օրը Իմամ-Ղուլին գնաց ու վարձեց այն պարտեզի խրճիթը, որը Քադիջեի որջից ընդամենը քառասուն քայլ հեռավորության վրա էր։ Կահավորեց, մի վերզիացի կին վարձեց, որ խնամե հիվանդին և ամեն օր կանոնավոր կերպով դեղ, ուտելիք և կարևոր իրեր տանում էր Քադիջեի համար: Այլևս առանց քաշվելու ինձնից, մորից ու դրացիներից, նա համարյա թե օրվա մեծ մասը անց էր կացնում քյուֆթի մոտ և անձամբ նրան խնամում:

Համարյա ամիս ու կես ամեն օր դեղ էր տանում, և շաբաթական երկու անգամ էղքոքը ու մի անգամ էլ ամերիկացի բժշկուհին այցելում էին հիվանդին, ստանում իրենց վարձը և գնում դեղերը ուղարկում։ Մինչև անգամ Իմամ-Ղուլին իր անկողինն էլ տարավ և շատ գիշեր այնտեղ էր քնում։ Խրատ, հորդոր, մոր աղերսը, քույրերի արտասուքը, մորաքրոջ նախատինքը ոչ մի ներգործություն չունեցան. անդրդվելի մնաց։ Քադիջեն գրեթե ամեն օր աղերսում և ստիպում էր, որ իրեն թողնի, հեռանա, վախենում էր, որ վարակի Իմամ-Ղուլիին, բայց նա համառացած չէր հեռանում և ամենայն եռանդով տքնում էր առողջացնել ախտաժետին: Բայց բոլոր միջոցները զուր անցան, մինչև իսկ վերքերը սկսեցին բորբոքվիլ։ Այս սոսկալի տանջանքների մեջ Քադիջեն ամեն րոպե մահ էր խնդրում, իսկ անողորմ հոգեառը փոխանակ գոսացած մարմնից բաժանելու վերջին շունչը, իր անգութ մանգաղով կոկոն ու նորաբաց ծաղիկներ էր քաղում:

Քադիջեն զգալով, որ չպիտի կարողանա խնդիրքով, աղերսով ու փաղաքշանքով իրենից հեռացնել Իմամ-Ղուլիին, սկսեց նրա հետ վատ վարվել։ Նախատում էր ինչպես նրա հորեղբորորդուն, նույնպես և իրեն: Ոչ միայն որևէ քաղցր խոսք չէր արտասանում, այլ անվերջ հառաչում և նզովում էր սափրիչների տոհմի, ոչ միայն բերած կերակուրը չէր ուտում, այլ երեսն էր թեքում նրանից, փախչում վարձած բնակարանը և գնում գլորվում էր իր որջը: Վիրատապ կինը մի օր ինձ ասաց առանձնության մեջ.

Աղա Միրզա՛, խելք դի՛ր Ղուլիի գլուխը, զգուշացրու․ ես սարսափում եմ, երբ մտածում եմ, որ նա կարող է վարակել ։ Ես տանջվեցի, բավական է, նա ինչի՞ է գլորվում այս ապականության մեջ։ Ամեն միջոցի դիմեցի, որ նրան զզվեցնեմ ու փախցնեմ, ճարս կտրվեց։ Անգամ հետը չեմ խոսում, հարցերին չեմ պատասխանում, հնար չկա, ինձնից չի պոկ գալիս։ Ախար մեղք է, ախար խեղճ է, ջահել է, ինչի՞ իմ օրս ընկնի։ Ինձ այս օրը գցողի հոգին այնպես խոցոտի, ինչպես խոցոտվել է իմ մարմինս վերքերով։

Ոչ ոքի չի լսում, քո սերը նրա սրտում պատրույգ է դարձել ու կյանքը վառում է. Քադիջե, էլի դու պիտի մի հնարով նրան քեզնից հեռացնես, ասացի ու հեռացա։

Քադիջեն խռովեց ու հեռացավ իր այրը, վերջնականապես վճռելով չընդունել ոչ Իմամ-Ղուլիին, ոչ էլ էդքոքի դեղերը և մեռնել` Իմամ-Ղուլիին փրկելու համար։

Երբ Քադիջեի համառությունը չկարողացավ կոտրել, երբ զգաց Իմամ-Ղուլին, թե անհնար է այլևս նրա համառությունը կոտրել, նա էլ վճռեց մտքում վերջ տալ իր կյանքին։ Ինչքան խոսեցա, խնդրեցի, հորդորեցի, որ ամուսնացնեմ, հնար չեղավ, Քադիջեից հետո էլ ուրիշ կին չուզեցավ առնել։ Լավ գործեր ցույց տվի, որտեղերից կարող էր օգտվիլ, հանձն չառավ։

Ես ապրուստ ունիմ, ասաց մի օր վշտացած, փողի պետք չունիմ։ Փող վաստակելու ճանապարհն էլ գիտեմ, առաջնորղի կարիք չունիմ։ Ի՞նչ եմ անում գործն ու փողը, երբ հոգիս հիվանդ է, սիրտս դատարկ, աչքերս մթնակալած, գանգումս փոթորիկ։ Ախ, Քերիմ, Քերիմ…

Վերջապես վճռեց Բաքու վերադառնալ։ Բերած երեք հազար թումանից մի հազարը ծախսել էր երեք ամսում։ Քիչ բան թողեց մորը, տունը լցրեց, կով, ոչխար առավ, որ մայրը կթե ու ապրի, ինքը գնաց Բաքու։

Բայց Բաքու չէր կարողացել ապրել, ուղղակի անցել էր Թեհրան։ Այդտեղ հետամտել էր հորեղբորորդուն՝ Քերիմին, որպեսզի սրտի մաղձը, հոգու վիշտը թափի։ Անակնկալ, փողոցում սկսել էր հայհոյել ու նախատել, նրա դիմակը պատռելով, պատանեկությունից մինչև այդ օրը կատարած բոլոր լրբությունները, անառակությունները և գազանությունները երեսին էր տվել թուք ու մրով։ Քերիմը սարսափահար երբ տքնել էր փախչել, նրա ղուլամներից մեկը ատրճանակի գնդակով վիրավորել էր Իմամ-Ղուլիին։

Թեև ազատվեց Իմամ֊Ղուլին, բայց արյունահեղությունը էժան չնստեց Քերիմի վրա, նա դատից ու դատաստանից ազատվելու համար քսանհինգ տարվան մեջ ժողոված կանխիկ դրամները, որոնք եվրոպական բանկերումն էր պահում, տվեց սադրազամին, որ Շահի սիրտը շահե, իրեն ազատե։ Դրանից հետո ահա ութ-ինն ամիս է, որ Բերիմին չեն թողնում Թեհբանից։ Ինչպես լսեցի, նրան Կ. Պոլսի դեսպան են նշանակել։ Շուտով պիտի դա հորը տեսնելու և այստեղից մեկնելու դեպի Բոսֆոր։

Ուրեմն նուխեցիների աղջկան վիճակված չի եղել բախտավոր օր տեսնելու։

Գաղթականին ո՞վ կթողնե, որ աչք բանա, ասաց Միրզ Մեհթին։ Եթե նրանք իրենց տեղից չշարժվեին, այս թշվառության չէին մատնվիլ։

Մի՞թե ամբողջ Թավրիզը գաղթական է, որ ամենքի տունն էլ թշվառություն կա։

Այդ էլ ուղիղ է, այո, ամենքս էլ գաղթական ենք։ Կյանքի մեջ ո՞վ է տեսել, որ մարդ որևէ վիշտ չունենա, վիճակից գոհ լինի։ Ամեն հարկի տակ վիշտը մի կերպարանքով է մտնում, բայց գաղթականի տունը՝ խոժոռ դեմքով։

Խոժոռ դեմքով և կնճիռներով, ասացի ու լռեցինք: Արդեն սեղանը պատրաստ էր, և մենք հացի նստանք։ Անմռունչ երկուսս էլ ուտում և մտովի երևակայում էինք այն բոլոր տեսարանների մասին, ինչ որ անցել էր Քադիղեի և սափրիչների որդիների հետ։ Մի ժամից ավելի տևեց մեր ճաշը, բայց ոչ մի խոսք չկարողացանք փոխանակել։ Սեղաններս էլ շատ ճոխ էին. ինչպես թվում էր՝ կոնսուլի խոհարարը միջոց էր գտել մեզ սիրաշահելու, ոը լավ անամ (վարձ) ստանա։ Մանավանդ որ այդ օրը պարսիկ մեծամեծները այցելության միանգամայն ճաշի հյուր էին եկել կոնսուլին, այնպես որ ծառայողների վրա կոնտրոլ չկար։ Պարտեզի վերևի տան դահլիճում հրճվում էին տնատերն ու հյուրերը, առանց մտքերից անգամ անցկացնելու, թե գրասենյակի մոտի այցելուների սենյակներում հպատակներն էլ ընկերակցում էին իրենց սեղանին ծառաների միջոցով։ Երբ Միրզա-Մեհթին ճաշից հետո լվացվեց, ասաց.

Այսպես է աշխարհիս բանը, ամեն մարդ ամեն մի հնարավոր առիթից տքնում է օգտվել։ էլ ինչի՞ ենք մեղադրում Քերիմ-խանին, որ կողոպտել է ժողովրդին։ Մենք էլ միջոց տվինք խոհարարին գողանալու տիրոջից և մեզ էժան կշտացնելու այդ գողացածով։

Ուրեմն այս բոլորը կոնսուլի խոհարարի՞ց եկավ։

Այսպիսի կերակուր ծառաները չէին կարող եփել, ասաց Միրզա֊Մեհթին, ատամները քչփորելով։

Եթե ես գիտենայի, ձեռ չէի մեկնիլ…

Շատ հարկավոր է, կտաներ մեր վճարածի կես գնով կծախեր գյուղացիներին։ Այդ կերակուրները պիտի թռչեին, մենք չգնեինք, գնորդներ շա՜տ։ Ահա այս չարագործությունն է, որ զարգացնում է ոճրագործությունները։ Շուտով և շատ քանակով հարստանալու համար մարդիկ ինչեր չեն կատարում։

Մինչև ժամի վեցը մնացինք այցելության սենյակում։ Երբ դուրս եկանք Թավրիզ վերադառնալու, հեռվից երևեցան հյուպատոսարանի խան֊հյուրերը, որոնց ճանապարհ էին դնում կոնսուլն ու իր երկսեռ զավակները։ Մինչ պարսիկ սպասավորները կառքերի ձիերն էին լծում, կոնսուլատի ախոռապաններն էլ մեր ձիերը սանձեցին ու դուրս քաշեցին։ Երբ մեր ձիերը աշտանակած դուրս էինք գալու, Միրզա Մեհթին ասաց.

Լավ նայիր այն բարակ ու բարձրահասակ պաշտոնակալին, դա է Քերիմ-խանը։ Փուչը անձայն ու ծպտյալ քաղաք է մտել, որ կրկին Իմամ-Ղուլիի հարձակմանը չենթարկվի։

Այս խոսքերն ինձ ստիպեցին մի լավ գննելու տխուր հերոսին, որը սափրիչի կրպակից դեսպանության և պրինցության էր հասել։ Նույնիսկ վերջերքը արքայական տան փեսա էր դարձել ձել Թեհրանում։ Երբ հյուպատոսարանի գավթի դռնից դուրս եկանք, ռահընկերիցս հարցրի.

Ինչո՞վ վերջացավ Իմամ֊Ղուլիի վիճակը։

Թավրիզից հեռանալուց երեք ամիս հետո Իմամ-Ղուլին կրկին վերադարձավ ծննդավայրը՝ աջ ոտքով կաղալով. գնդակի վերքը դեռ կատարելապես չէր առողջացել, և նա անութափայտով էր ման գալիս։ Նրան դեպի Թավրիզ չէր ձգել ոչ բարեկամների ու ընկերների սերը, նա չէր կարողացել առանց Քադիջեի ապրել. նա եկել էր անշուշտ իր նշանածին առողջացնելու կամ նրա հետ մեռնելու։

Թավրիզ հասնելուն պես գնաց Վարզիե գյուղում մի տուն վարձեց, կահավորեց և եկավ բռնությամբ Քադիջեին ու աղջըկան վերցրեց, տարավ գյուղ։ Դարձյալ սկսվեցին դեղերը, բժիշկ էդքոքի և բժշկուհի Վանգուդի այցելություևները։ Քաղաքից ուտելիք, դեղ և կարևոր պետքերը անձամբ տանում էր Իմամ-Ղուլին և գիշերներն էլ այնտեղ էր ապրում։ Ոչ միայն վարզիացի աղախին էր վարձել իրենց խնամելու համար, այլ մինչև անգամ մայրը գնաց գյուղ, որպեսզի որդու վերքը անձամբ խնամի և զգուշացնի, որ նա չվարակվի։

Քադիջեն սկզբում շատ էր հակառակվել Իմամ-Ղուլիին և տքնել էր չգնալ գյուղ, բայց երբ նկատել էր, որ իր սիրած մարդը անդառնալի կերպով վճռել էր կյանքին վերջ տալ, եթե իրեն չհետևեր նշանածը, զիջել էր։ Ամեն օր անձամբ հսկում էր Իմամ-Ղուլին, որ բժշկի պատվիրած ժամերին դեղերը տան հիվանդին, օծեն ու շփեն, ինչպես որ պատվիրում էին։ Բայց զուր, մի քանի օր դեղերը օգնում, նպաստում էին առողջանալու, ապա ավելի ևս բորբոքում։ Իմամ-Ղուլին լիահույս պնդում և ստիպում էր անվերջ շարունակել։ Քադիջեն, որպեսզի ինքը, պատճառ չդառնա սիրականի գլխին մի փորձանք հասնելուն, լռելյայն տանում էր ամեն տանջանք և թողնում, որ իրեն դարմանեն։

Բայց երկու ամիս չանցած ձանձրացան բոլորն էլ։ Ոչ ոք չէր ուզում շարունակել այդ սոսկալի կյանքը, բացի Իմամ-Ղուլիից, որը պահանջում էր անընդհատ շարունակել և հետևել եվրոպական բժիշկների խորհուրդներին։ Երբ ձանձրությունը հասավ գագաթնակետին, մի օր Քադիջեն խնդրեց սկեսուրից, որ մի քիչ մկնդեղ բերե, իրեն տա ուտելու, ազատվելու տանջանքներից և ազատելու Իմամ-Ղուլիին փորձանքից ու մտորումներից։ Հայտնի բան է, քենիս սկզբում սոսկում է այդ դժոխային մտքից, տատանվում է, հանդիմանում է Քադիջեին, չի լսում մի շաբաթ, բայց վերջիվերջո համակերպվում է ախտաժետի հետ։

Անա, ասել է մի օր Քադիջեն սկեսուրին, ես համոզված եմ, որ առողջանալիք չունիմ, վերջիվերջո մեռնելու եմ, բայց չեմ ուզում, որ դու, որդիդ վարակվեք կամ նույնիսկ ինձ համար տանջվիք։ Ինչ որ ձեզ չարչարեցի բավական է, խիղճս էլ սիրտս կրծում է փոխադարձաբար ամեն ժամ։ Այս պատճառով աղաչում եմ, գնա բազար մի կտոր մկնդեղ բեր, ես կուտեմ ու ձեզ կազատեմ։ Միևնույնը չէ՞ այսօր եմ մեռել, թե մի տարի հետո։ Ինչ օգուտ իմ ապրելուց, երբ ես ոչ միայն ոչ մի հաճույք ու վայելք չեմ զգալու այս կյանքից, այլև միմիայն վիշտ ու հառաչ պիտի պատճառեմ քեզ ու որդուդ։ Երդվեցնում եմ քեզ զավակիդ արևով, եթե սիրում ես Իմամ-Ղուլիիդ, եթե թանկ է քեզ համար միակիդ կյանքը, գնա բեր, և ազատվենք։

Այնքան հորդոր էր կարդացել, այնքան թախանձել, որ թշվառ կինը մի կերպ որդուն փրկելու հույսով իջել էր քաղաք,մի մսխալ արսենիկ առել ու դարձել էր գյուղ։ Բայց ճանապարհին խղճահարվել էր, սոսկացել էր իր արարմունքից, սարսափել էր մարդասպանության պատճառ դառնալու մտքից ու թափել էր։ Տուն դառնալուց հետո երբ պատմել էր արածը Քադիջեին, վերջինս այնպես ողբագին թախանձել էր, որ խեղճ պառավը պարտավորված ետ էր դարձել, ժողովել էր ու տուն տարել թափած արսենիկը։ Բայց որպեսզի շատ տանջելուց և շուտ սպանելուց զգուշանա, ուրիշներին կասկածի տեղիք չտա, ժողոված արսենիկը, որի մի մասը թափված տեղը փչացել էր, հինգ մասի է բաժանում և մի մասն է տալիս ախտաժետին։

Քադիջեն ուրախությամբ կուլ է տալիս թույնը և կրկնում է սկեսուրին. -Ուրախությամբ ես կուլ կտամ այս թույնը, որպեսզի ազատվեմ ֆրանգների տված դեղերից, որոնք թույնից ավելի աղու են։

Հայտնի բան է, Իմամ-Ղուլին ոչինչ չի իմանում այս մասին. երբեք էլ չի կարողանում կասկածել, թե նշանածը թույն է ընդունել։ Երկու ժամ հետո Քադիջեն խիստ տաքության է ենթարկվում, որին հետևում է սաստիկ քրտինք։ Մինչ հարս ու սկեսուր սպասում էին մոտալուտ մահվան տագնապներին, անուշ քուն է գալիս Քադիջեի վրա և այնպես խոր նիրհում, որ տասներկու ժամ է տևում։ Ծծկեր երեխան, որ պառկեցրած էր մոր մոտ, ագահաբար սկսում է ծծել մոր կաթը։ Փորը լավ կշտանալուց հետո նա էլ քնում է անդորր կերպով, խաղաղ քրտինքով։

Հետևյալ օրը արևագալին, երբ զարթնում է Քադիջեն, իրեն ավելի լավ է զգում, քան էդքոքի դեղերից հետո։ Քենիս նկատում է, որ արսենիկից հետո երեխան ավելի կայտառ է դարձել, քան առաջ էր։ Քադիջեն մնում է շվարած։ Նա, որ մահ էր որոնում, մահը նրանից փախչում էր։ Ամբողջ մի շաբաթ Քադիջեն քնում է լավ քրտնած և զարթնում է օրեցօր զվարթ։ Վերքերը քիչ-քիչ սկսում են չորանալ և լավանալ, իսկ աղջիկը բոլորովին կայտառանում է։

Գալիս է բժիշկ Էդքոքը և հիվանդին քննելուց հետո սկսում է հուսադրել, պարծենալով իբր թե իր դեղերը օգնել են և գոդավորն սկսել է արդեն ապաքինվել։ Այնպես է ուրախանում Էդքոքը, որ անմիջապես իր կառքը վերադարձնում է քաղաք բժշկուհուն բերելու։ Երկու բժիշկները ամբողջ մի ժամ քննում են հիվանդին, վիճում են իրենց լեզվով, հարցեր են տալիս, բայց չեն կարողանում ըմբռնել, թե իեչից է առաջացել այդ անակնկալ բժշկությունը։ Հայտնի բան է քենիս ու Քադիջեն երկյուղից ոչինչ չեն հայտնում բժիշկներին։

Քադիջեի ապաքինության հակումը մեծ ուրախություն է պատճառում Իմամ֊Ղուլիին, որը ավելի եռանդով շարունակել է տալիս դեղերը։ Քադիջեն դարձյալ հուսահատ ապաքինվելու գաղափարից, թեև խնդրում է քենուցս իրեն քիչ էլ տալ այդ դեղից, բայց նա իսպառ մերժում է։ Միայն թե մի քիչ արսենիկ փշրում, խառնում է այն օծանելիքի մեջ, որով ամեն օր օծում էին հիվանդին, հուսալով, որ դա կարող է օգնել։ Տասնևհինգ օր շարունակելով այդ դեղերը, Քադիջեի քաշված մկաններն այնպես են արձակվում, մսակալած աչքերն այնպես են բացվում, որ նա ոչ միայն ազատ ման է գալիս, այլև տեսնում է ամեն բան և վերակենդանանում է։

Իմամ-Ղուլիի ուրախությանն էլ սահման չկար։ Ամեն օր բժիշկները այցելում էին Վերզիա, հրճվում իրենց առողջացրած հիվանդով, մանավանդ նրա մանկիկով, որը այդ ամսում սկսեց արդեն ման գալ։

Երկու ամիս հետո առանց անութափայտի Ւմամ-Ղուլին իջավ քաղաք, ետ գնեց նուխեցու տունը գրավականից, կահավորեց, սարքեց և այնտեղ փոխադրեց Քադիջեին, երեխային և իր մորը։ Քադիջեի կոկորդի ու կողի ծակվածները առողջացան, նրա արյունը մաքրվեց ապականությունից, միայն փլած քիթը մնաց, որը թեև էդքոքն ուզեց կտրել և նորը փակցընել, բայց Քադիջեն չհամաձայնեց։

Թող այդ նշանը ցմահ դեմքիս մեջտեղը մնա, որ հիշեմ, թե ես որքան ստորացա, որ թողի Իմամ-Ղուլիիս և հրապուրվեցի Քերիմի ոսկիներով ու գոհարներով։

Ւմամ-Ղուլին ամուսնացավ իր սիրած կնոջ հետ և այժմ Թավրիզում առևտրով է զբաղված։ Նա, որ իր եռանդով ազատեց Քադիջեին այն դժոխային կյանքից ու գերեզմանից, ինչի՞ չի կարելի ազատել այս գոգավորներին, եթե քաղաքի ազգաբնակությունը այդ ցանկանա և միջոցներ չխնայե կարգին հիվանդանոց ու անկելանոց կանգնելու։

Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

Firdousi reads the poem "Shah-Name" to Shah Mahmud Ghaznavi
Firdousi reads the poem "Shah-Name" to Shah Mahmud Ghaznavi
Play Online