Arshak Chopanyan

Աստղերը

Ոչինչին ծոցեն դեռ չէր նշուլած այգն առաջին,
Անկերպարան և մռայլ, քաոսն անհուն կտարածվեր:
Եվ ահա տենչն արթընցավ հոգիին մեջ Արարչին`
Շարժուն կյանքի փոխարկել տխուր պարապը հրեշավոր:
Իր մտքին մեջ տիեզե՛րքը հղացավ բովանդակ,
Հավերժական իր շրջանովն, էակներովն, օրենքներով:
Ձանձրացած իր երկայն մինավորիկ խոկումեն`
Անհունության մը մեջ սև, զոր կլեցներ իր անձը լոկ,
Ինքզինքին տեսարան մ’ընծայելու համար հաճո,
Կուզեր Ոչի՛նչը զվարթացնել փթթեցնելով անոր մեջ
Գեղեցկության, դաշնակության, երանության քերթված մը մեծ:
Ուրվագծեց Տունն ամրավ, հիմեն մինչև ի կատարն,
Իր սյուներով,զարդերով ու բյուրազան բնակիչներով.
Ամեն ինչ նախատեսեց, ավազի մանր հատեն
Մինչև լեռն հաղթանդամ, ցողի շիթն ու ծովն հսկա,
Արևուն ջա՛հը վեհանձն ու զով անդո՛րրը գիշերին,
Սլացիկ ծառերն հերագեղ, թարմ ծաղիկնե՛րը տարափոտ,
Ու նվագներն հովերուն, ու քաղցրությո՛ւնը գարնան,
Հասունացնող ամփոփո՛ւմը փառահեղ ձմեռին,
Ամրան բարի ջերմությունն ու տոնն աշնան հունձքերուն
Եվ անասուննե՛րը բյուրակերպ, իրենց դերո՛վը հատուկ.
Եվ ամենե՛ն վերջ, իբր հանգու, իբր պսակ իր գործին,
Մարդն հղացավ, բարձրագույն ուրվագծված էակներուն,
Մարդը, որուն լոկ պիտի տար, իբրև շնորհ գերագույն,
Կայծ մ’իր հզոր, ստեղծագործ, ամենահաս հոգիեն,
Կարողությո՛ւնը մտածման, գիտակցությո՛ւնը լուսավոր:
Եվ արբշիռ հաճույքով, գոհ իր ծրագրեն և հպարտ,
Արձակեց Արարիչն իր “Եղիցի”-ն հրաշագործ,
Ու րոպեի մը մեջ ի լույս եկավ աշխա՛րհը բովանդակ:
Բայց անձկություն մը հանկարծ պատեց հոգին Աստծու:
Զգաց սխալն աղետավոր և անողորմ, զոր գործեր էր:
Այդ էա՛կը բացառիկ, որուն սիրով մը խորին
Պարգևեր էր ինչ որ բոլոր մնացյալին էր մերժեր,
Այդ էա՛կը միայն դատապարտված էր կքելու
Անբուժելի դժբախտության մը բեռին տակ: Մյուս բոլոր
Էակներն և իրերն, անգիտակից ու բնազդական,
Պիտի հլու կատարեին դերն որ իրենց էր վիճակված,
Առանց ոչինչ ըմբռնելու, անխուզարկու, անտրտունջ,
Մինչդեռ մա՛րդը, խառնուրդ աստվածության և անասնության,
Ունենալով գաղափարն հավերժության ու անհունին
Եվ զգալով զինքն անցավոր ու զաղփաղփուն ու չնչին,
Կարող հղանալու արդարությո՛ւնը բացարձակ
Ու կարո՛ղ նաև ամբողջ տիեզերքին մեջ տեսնելու
Անգոյություն արդարության, մարդը կյանքին մեջ իր կարճ,
Բզքտված հակընդդեմ ձգտումներե տիրական,
Տառապեր պիտի վայրագ տառապանքով մը ներքին,
Տառապանք անդարման, որ տրտմությունն իր դըժընդակ
Տարածեր պիտի համայն տիեզերքին վրա անիմաստ,
Մըթընցներ պիտի զայն, ըներ զայն գործ մը վիժած:
Եվ Արարիչը պահ մ’արդեն կարծեց լսել ճիչն անեծքի,
Զոր անթիվ սերունդնե՛րը մարդկային դարեդար`
Ապագային խորերեն իր ճակատին կարձակեին…
Սակայն ստեղծված էր աշխարհ, և անհնար էր այլևս
Ուղղել սխալն ահավոր: Մեծ տխրություն մը սեղմեց
Սիրտն Արարչին: Ու լացավ: Մթության մեջ միջոցին,
Ինկան հրեղեն արցունքներն աստվածային աչքերեն:
Ահա ինչպես ծընան աստղերն, և ահա ինչու լույսն անոնց
Խորհրդավոր է ու վեհ, և այնքա՛ն ալ թախծագին:

Be the first who will comment on this
Yatuk Music
Dreams
Arno Babajanyan

Dreams

The Greek Woman, 1921
The Greek Woman, 1921
Play Online