Anush Tasalyan

Ստեղծագործողի ափսոսանքը

Երբևէ եղե՞լ է, որ լաց լինելու աստիճան հուզվեք մի բանի համար, որ ․․․ Հիմա կզարմանաք՝ իհարկե՛, բազմիցս․․․ Բայց, հարցս մինչև վերջ ձևակերպեմ, հետո մտածեք՝այո կամ ոչ։ Ինձ հետ գոնե երբեք չէր պատահել։ Ու եթե ինձ հարցնեին, առանց վարանելու, հարցի կեսն անգամ չլսած, միանգամից կասեի՝ իհարկե ո՛չ։ Ես շատ վաղուց եմ գրում։ Մի անգամ նույնիսկ անդրադարձել եմ իմ գրելու գրեթե ողջ պատմությանը։ Սկզբում ‹‹գրում էի›› բանավոր։ Ինչո՞ւ։ Դե ես այն ժամանակ տառաճանաչ չէի, դպրոց չէի հաճախում։ Շա՜տ փոքր էի, այդ պատճառով էլ տառերը չէի ճանաչում ու գրում էի հենց այդպես՝ բանավոր, բերանացի։ Այդ ժամանակ գոնե համոզված էի, որ ‹‹լուրջ գործ եմ անում››։ Այդ տարիները՝ թիթեռների պես գունավոր ու անհոգ, շատ արագ անցան։ Դե ես հետո էլ էի գրում, բայց արդեն հենց այնպես, գրելու համար։ Ու պատահեց այն, ինչ որ պատահեց։ Մի պատմվածք ունեմ, որն էլ հիմք դարձավ այս մտորումների համար։ ‹Լավն է››,- ասում էին բոլոր նրանք, ովքեր ուզում էին իմ գրածներին ծանոթանալ։ Հերթով կարդացին մարդիկ՝ աշխատանքային ընկերներ, ընկերներ․․․ Ես գիտեի, որ լավն է, այդ պատմությունը ծայրեծայր հորինված է, թեպետ ոմանք մտածում էին, թե՝ իրական։ Ամեն դեպքում, դա շատ վաղուց էր։ Գրեթե տասը-տասներկու տարի առաջ։ Կարդացին, հավանեցին, ուրախացա ու․․․ ու մնաց համակարգչիս մեջ։ Տարիներ անցան։ Հանկարծ հիշեցի, որ սխալ եմ եղել։ Արժե տպագրել։ Ու ի՞նչ։ Ի՞նչ եք կարծում, գրականությունը, Չարենցի ասած, ժամանակի շունչը պիտի լինի։ Իսկ իմ այս պատմվածքը լավ կլիներ հենց այդ տարիներին կարդալ, երբ որ ստեղծվել էր։

Հիմա հարցս ավարտին հասցնեմ, ամփոփեմ։

Երբևէ եղե՞լ է, որ ժամանակին չտպագրված ու հիմա արդեն մերժված պատմվածքի համար արտասվելու չափ տխրեք։ Ես էլ պատասխանեմ առաջինը՝ ինձ հետ եղել է, որովհետև երբևէ ուշադիր չեմ եղել իմ ստեղծածների հետագա ճակատագրի հանդեպ։ Ստեղծագործությունը երեխայի նման է, պիտ հետևել, մտահոգվել նրա ճակատագրով։ Ու հիմա ափսոսում եմ, որովհետև ամեն ինչ ժամանակի մեջ է բովանդակային։ Իհարկե, արդարացումն էլ ունեմ ՝ ա՜խր, այնքան հեշտ է տրվում։ Երբևէ դժվարություն չեմ ունեցել բառ գտնելու համար։ Սա էլ արդարացումս։ Իսկ ավելի ճիշտ ՝ ստեղծագործողի ափսոսանք։

Be the first who will comment on this
Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

The girl with a book
The girl with a book
Play Online