Anush Tasalyan

Ժամանակը մոտեցավ հրաժեշտի կանգառին…

Երեկ ամեն ինչ այլ էր՝ աշխարհը խաղաղ էր, համենայն դեպս հոգին էր խաղաղ: Նոր օրը տակնուվրա արեց ամեն ինչ: Ընդամենը մի հեռախոսազանգ՝ հիվանդ է… Հիվանդ չէր, համենայն դեպս ոչ երեկ, ոչ դրան նախորդող օրերին. առողջ էր, լի էր կյանքով ու նորանոր, անընդհատ փոփոխվող, խմբագրվող ծրագրերով: Սիրում էր կյանքը, կյանքից առավել՝ գիրքը: Հիմա հիվանդ է… Ոչ ինքն էր հավատում իրականությանը, ոչ երեխաներն ու հարազատները, որոնցից շատերն էլ չգիտեին այսօրվա մասին. հպարտ է շա՜տ, հավատում է, որ մղձավանջ է, կանցնի. և՛ հավատում է, և՛ ոչ: Մի տեսակ հուսահատ բացվեց օրը: Բժիշկը եկավ-գնաց, ինչ –որ անիմաստ բժշկական տերմիններ, դեղատոմսեր, խորհրդավոր հայացք ու բազմաթիվ օրինակներ այս ու այն մարդկանց մասին, ովքեր հաղթահարել են այ հենց ա՛յս հիվանդությունը: Բայց հայացքը խորհրդավոր… Ո՞վ պիտի ստուգեր բժշկի ասածը, այն էլ՝ այսօր… Բժիշկը լավ հոգեբան էր, հասկացավ ու խորհուրդ տվեց՝ հիվանդանոց:

Այսօր քայլերը տանում են հիվանդանոց, քայլերը դանդաղ են, փութկոտ, դժվար ու թեթև… Ինքն էլ չգիտի՝ տեղ-տեղ վազում է. պիտի հասնի արագ: Աշխարհը միանգամից բաժանվեց երկու մասի՝ դուրսը և հիվանդասենյակը, ուր շտապում են ոտքերը: Դուրսը ետ մղվեց, դարձավ երկրորդական: Կարևորն այս հարազատ հիվանդասենյակն է՝ աշխարհ կապող, իրար շաղկապող , իր մեջ իմաստավորող մի մարդու կյանք տվող հիվանդասենյակը, դրա համար էլ ոտքերն իրենից անկախ վազում են: Աստիճաններն անցան ու բացվեց հիվանդասենյակի դուռը: Պատուհանի գոգին փոքրիկ հուշանվեր. ճիշտ ժամանակին. ինչ-որ ծանոթ մեկը Երուսաղեմից բերել է սրբապատկեր. ոչ ավել, ոչ պակաս՝ Հիսուսն է՝ Փրկիչը, կողքին՝ Տերունական աղոթքը: Գիրքն ու հավատքը միասին: Հիվանդ օրերին էլ ի՞նչ է պետք: Մի տեսակ լուսավոր թախիծ ավելացրեց նվերը. թունելի ծայրին լույս երևալու հույս:

Որքան էլ որ երկրորդական էր դարձել դրսի աշխարհը, բայց պիտի գնար, վաղն էլի գալու էր, վաղը կարևոր օր է: Հիվանդանոցից դուրս եկավ ու տուն գնաց: Երեկոն դժվար էր անցնում: Գիշերն ավելի դժվարացավ: Քուն չի մոտենում հոգնած աչքերին: Մթության մեջ աչքերը մի կերպ փակվեցին: Որքան էր քնել, չհասկացավ: Վեր թռավ քրտինքի մեջ կորած: Երազը … հրաժեշտ… Երազում նորից ծանոթ հիվանդասենյակում է, կարևոր մարդու կողքին, բայց Նա չի ուզում կիսել իր սենյակը, ճանապարհում է, ավելին՝ հրաժեշտ է տալիս, զոռով դուրս է հանում հիվանդասենյակից: Միջանցքում նորից պտտվեց, Նա նայում էր՝ արդեն կարոտած, տխուր ու վերջին հրաժեշտի հայացքով: Հենց այդ հայացքից էլ արթնացավ: Փորձեց անցնել առօրյա գործերին, որ նորից հասնի հարազատ հիվանդասենյակ: Առավոտվա ժամը ինն էր: Ինքն էլ չհասկացավ, թե ինչից վախեցավ, երբ նայեց ժամացույցի սլաքներին: Այդ պահին չէր գիտակցում, որ տարիներ անց, ամեն օր ակամա նայելու է ժամացույցին ու սարսռա: Հեռախոսը զնգաց ու խախտեց լռությունը: Չարագուշակ զանգը հաստատեց երազը: Ժամանակը մոտեցավ հրաժեշտի կանգառին: Հետո, օրեր ու տարիներ շարունակ սեփական հոգին կրծելով պիտի ապրի այնքան, մինչև մի օր, երբ արդեն ճերմակած մազերին կհավաքվեն տարիների փնջերը, և հուշերը կմիախառնվեն, կմիաձուլվեն իր հորինած կյանքին, կհանդիպեն նրանք՝ նա և ամենակարևոր Մարդը:

Be the first who will comment on this
Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

De Profundis
De Profundis
Play Online