Anna Davtian

Վարդեր

Ժաննա ջանը դեռ չգիտեր, որ հորաքույրը մահանալու էր նրբերշիկներ ուտելով, որոնք չկային։

– Ժաննա ջան,- մի օր ասեց հորաքույրը,- նասկիներս սաղ բոլոճներ են։

Գուլպաներին կպած էին բույսի ատամնավոր սերմեր, որ բոռ-բոռ նման էին տիզերի։ Խնձորի կորիզի չափ ձվաձեւ բաներ են՝ բոլոր կողմերից կեռ ատամիկներով՝ կառչելու ու թափառելու համար։ Աշնանը չեն սպասում, սերմ են գցում ամռան կեսին, ողկույզով դիզվում են ցողունի գլխին։ Տարածվում են հատիկ-հատիկ, դարան մտած։ Չեն կպչի մենակ օձին՝ մանավանդ այստեղ, ուր միայն լորտուներ են։ Մարդու մարմնի՝ մանրադիտակի տակ հայտնի դարձող մանրէների են նման՝ անիմանալի բերաններով։ Այնպիսի անատոմիա է, որ բերանն ուր ասես՝ կարող է լինել։ Մանավանդ մարդու համար, որ վախենում է բերաններից։ Ատամների տա՞կ է արդյոք։ Ամե՞ն մեկի տակ։ Շնչում է ու արտաշնչում այս աղաղակող աշխարհը։ Կառչուն թեւերով փաթաթվել է ուզում։ Գուլպաների, փեշերի դարանակալ։ Հիվանդություններ կարող է բերել այնպիսի թաքուցյալ աշխարհից, ինչպիսին բույսերինն է։ Մակաբույծ է, ահա թե ինչ է։ Պատմողն ուզում է հավաստիանալ, որ բույսի նկարագրությունը ամբողջական է հորաքրոջ նման մեկի համար, որ սկզբից չէր, բայց հետո շլմորած էր ապրում աշխարհում։ Ատամիկները պարզապես խրված էին գուլպայի թելերի մեջ, բայց հորաքույրն ամեն մեկն հանելիս ցավից գոռում էր։ Դրանցից ամեն մեկին ճզմում էր ոտքի տակ՝ սարսափած հայացքով։ Շաքար էր ընկել այդ օրը, այդպես էր համարում։ Դրանց բերաններից ախտը հոսել ու տեղ էր գտել իր մարմնում։

Նրա սրունքները բարակ էին, երկար, դիմացից երեւում էր դրանք կազմող ոսկորի ձողը, բայց ծնկներից վեր՝ ազդրերը լցվում էին, մի քիչ վեր՝ փքվում ու ամենավերեւում կազմում էին մսեղիքի հաստ շերտերը, որոնք լցված էին թույլ մսով։ Այդպիսին էին նաեւ թեւերը։ Դեմքը նիհար էր, այտոսկրերը՝ ցցված։ Շրթունքները բարակ էին։ Քիթն ավարտվում էր թեթեւ ալեձեւ ծայրով, որ վայելուչ տեսք էր տալիս նրան։ Մի աչքը շաաաատ քիչ, շաաատ քիչ շեղ էր։

Տարրական դասարանների դասատու էր։ Դեռ պահպանվում է նրա ստուգած տետրերից մեկը՝ ուսուցչական որոշ սխալ ուղղումներով։ Նաեւ կապույտ թավշյա կազմով ալբոմը, որում կպցրել է հայ նկարիչների նկարների վերատպություններ, որոնց կողքին գրիչով տողեր է քաշել ու գրել է նրանց փոքրիկ հայտնի կենսագրությունները։ Ալբոմն ի զորու չէր նրա կյանքում բան փոխել։

Ջահել տարիներին սեւ զամշից կոշիկներով դպրոցից մտնում էր տուն, միանգամից հանում էր դռան հետեւում, չոր շորով դրանց վրայից վերցնում էր փոշին, անմիջապես թեյնիկով ջուր էր տաքացնում ու կոշիկները պահում գոլորշու վրա: Դրանք ճնդրիկ սեւ էին տարիներ: Մաքրությունը դպրոցից հետո նրա հիմնական զբաղմունքն էր։ Պահարանում կախված էին նրա սազական շորերը՝ թեթեւ, ուսուցչական շնչով։ Բարում զարդատուփեր ու բացիկներ։ Մի փոքրիկ, հրաշալի գիրք Հայաստանի բույսերի մասին՝ գունավոր նկարներով, որը երբեք չէր դնում գրապահարանի մյուս գրքերի կողքին, միշտ բարում էր պահում։

Նրա դասատուական սեղանի սփռոցը պայծառ սպիտակ էր՝ մանր գիպյուռե ծաղիկներով։ Մատյանի կազմը նրա ձեռքի տակ չէր մաշվում։ Բացականերն ու գնահատականները շարված էին գեղագիր, համաչափ նիշերով։ Լուսամուտների գոգին կանաչ ծաղիկներ էր աճեցնում։ Տերեւները սրբում էր։ Երբ սկսեց ծաղիկների ջուրը լցնել ծաղկամաններից դուրս, ու գնահատականների նիշերը դուրս եկան տողերից՝ դառնալով մեկ այլ աշակերտի վաստակը, դպրոցից հեռացրին։ Շաքարից կուրանում էր, մանավանդ դեպի դուրս շեղ աչքը, որը չէր տեսնում ամենասկզբից էլ։

Միանգամից խոնարհվեց։

Դնչի վրա մազեր աճեցին:

Որը նրան հալածյալի տեսք տվեց։

-Մամա, գոգիս վրա վարդեր են աճել։

-Ըհ, էլի ցնդավ։

-Հիսունութ տարեկան աղջիկ եմ, ինձ ասում ես՝ ցնդավ։

-Գրետ, առավոտները շաքարաջուր մի խմե։

-Շաքարի կարիք ունեմ։

-Մակարոնը դիր, թող բովվի։

-Մի բուռ է մնացել։

-Շաքարի վրա շաքար չեն խմե։

-Սոված էի։

-Մակարոնի վրա ջուր լից։

-Որ մտա ուսուցչանոց, Զարիֆը ձեւ բռնեց, թե Եվգենյային արհեստական շնչառություն է տալիս։

-Էդ թասը մի դիր պլիտին։

-Եվգենյան էլ՝ իբր ուշքը գնացել է։

-Հերիք պատմես էդ պատմությունը։

-Անբարոյականների աշխարհ էր, յաման։ Ինչ հաճելի հոտ է։

-Խալխի լրբերն էկան իմ տանս մեջ մարդու տեր դառան, դու մնացիր, օղուլ։

-Ընկեր Սարգսյանը հոգեկից ընկեր էր։

-Խորն էրտա բիձեն։

-Բաժակ կա՞ սեղանին։

-Հա, ձեռիցդ ձախ է։

-Մամա, չհիշես անցյալը։

-Էհ, օղուլ։

-Գարունը գա, ձորի ճամփեն բացվի…

-Եսիր։

Գարունը եկավ ահավոր շատ, էդ տարին մի այլ տեսակի գարուն արեց, նենց որ տունը փռված էր ձորի գլխին մի ամբողջ գարունության մեջ։ Հուշում չկար անգամ, որ այդքան արեւի մեջ կանգնած երկուհարկանի տան առանձնացված մի փոքրիկ պուճախում ապրում էր մոր ու աղջկա բորբոսնած կյանքը։ Զի-զի քարին վեր եկ։ Ձմռանը մեջքից երկու կես կորացած տատը դուրս էր եկել տան հետեւի անմխիթար բակը, ընկել էր ձյան վրա, կանչել էր, կանչել էր, ոչ տղան, ոչ հարսը, ոչ թոռները չէին լսել, մնացել էր ձյան վրա մինչեւ լույս։Առավոտյան կիսակույր հորաքույրը շոշափել էր մոր դատարկ տեղը։ Նրանց դուռը մինչեւ երեկո չէին բացում տնից ոչ մեկը։ Թեեւ աշխարհից մի ուրիշ զարկված էլ նրանք էին։ Տան թոռները համարյա չգիտեին, որ տատ ու հորքուր ունեն պատի մեջ շարված։ Տատը վերջնականապես անկողին ընկավ այդ գիշերվանից հետո։

Երբ Ժաննա ջանը գյուղ հասնելու փող ճարեց ու մի ամբողջական հավ գնեց, երկուսի կյանքն էլ արդեն խոնարհված էր այնքան, որ հավը մնաց ցելոֆանե տոպրակի մեջ դռան հետեւն ընկած. ոչ մեկին պետք չէր։ Նրանք համարյա ապրում էին ինչ-որ ուրիշ, օրենքներից զուրկ աշխարհում։ Նրանց գեղեցկացնող նախկին իրերը ընդհանրապես գոյություն չունեին։ Իզով-թոզով կորել էին։ Տունը անմխիթար իրերի կայան էր դառել։ Երբ Ժաննա ջանը բացեց պահարանի ճռռացող դուռը, դարակի վրա շարված տեսավ հորաքրոջ մանիկյուրների խազված սրվակները, որ ստվերների էին վերածվել։ Պարզ ու անփոխելի էր ամեն բան։ Ժաննա ջանը տատի դոշակի տակ դրեց բժիշկ Կանավալովի էներգիայով լիցքավորող բուկլետը։

Целительный энергетический буклет доктора Коновалова

Дорогой мой человек!

Сегодня мы начинаем движение по пути твоего исцеления. Сегодня ты только вступаешь на этот путь. И он для тебя будет не таким коротким, как хотелось бы. Вступая на этот путь, поверь мне!

Поверь в ту силу, которая приходит со мной и которая поможет тебе вырваться из цепей болезни. Я помогу тебе поверить в себя, в неограниченные возможности твоего организма. Ведь твой организм – это бездна непознанного. Он – как Вселенная в своей бесконечности. И он связан с ней тысячами и тысячами нитей, о которых ты даже не догадываешься.

Я даю тебе не только надежду.

Я даю тебе веру в Бога Земли, веру в то,

что я, ты – все создания Божьи.

Я не спрашиваю тебя, веришь ли ты в Бога.

Я говорю: “Попробуй сам”.

Счастья, удачи тебе на пути исцеления.

Да хранит тебя Господь Бог!

Да хранит тебя вера твоя!

Հուռթի արեւի, հուռթի գարնան մեջ տատը մահացավ։ Երբ Ժաննա ջանը նստեց նրա մահճի մոտ՝ ձեռքը բռնած, տատը վերջին խուլ ձայնով ասաց՝ դու չգիտես իմ ցավս, ձագ ջան։ Նայեց լուսամուտի լույսի մեջ նստած աղջկան։ Նրա հետ կարծես ոչինչ չէր կատարվում, կարծես ապրում էր իր ամեն օրվա կյանքը։ Ժաննա ջանը տատի թեւից քաշեց-հանեց կաթոցիկի ասեղը։ Թող սիրտը հանգստանա։ – Երանի ինձնից երկար չապրի,- մտածեց տատը՝ բերանի մեջ երկու ժամ առաջ կերած մի գդալ սպասի ձավարները։ Մինչ տատը մեռնում էր, Ժաննա ջանը խոսեց հորաքրոջ հետ։

-Հոկուլ, հիշո՞ւմ ես քո կապույտ ալբոմը։

-Վայ, Ժաննա ջան, կապույտը էլ չկա։

-Տուր, ես կպահեմ։

-Վայրենիների ձեռն է անցել, տեղը չգիտեմ։

-Սիրո՞ւմ էիր հայ նկարիչներին։

-Չեմ հիշում։

-ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Գաբրիել Գյուրջյանը սովետական նկարիչներից մեկն է։ Հաջողությամբ տիրապետելով սոցիալիստական ռեալիզմի մեթոդին՝ նկարիչն իր բնանկարներին հաղորդում է քնարական լիրո-էպիկական շունչ։ Գրել էիր կարմիր գրիչով ու կպցրել էիր «Երեկոն Աղբյուրակում» ու «Շիրկանալի շինարարությունը» նկարները։

-Հա, Մնեյան Անահիտը շարադրություն էր գրել։ Ինքն անցավ, ես չանցա։ Հերս մի մեշոկ կառտոլ ուղարկեց Կիրովականի մանկավարժականի ռեկտորին, ինձ էլ ընդունեցին։

-Ինչո՞ւ այդպես էլ չամուսնացար։

-Ախպերներս չթողեցին։

-Մարիամն ալբոմիդ մեջ գրել է՝ Մերին էշ է, ապուշ, սայլուկ, անդաստիարակ, էշից էլ գեշ է։

-Մարիամին դաստիարակողն ով է եղել, որ…

-Հոկուլ, ի՞նչ վարդերի մասին ես խոսում միշտ։

-Ունքերս կհանե՞ս։

-Հա։

-Դե արի, մոտս նստի։ Ինչ հաճելի եղանակ է։

-Չեմ ուզում տատի ձեռքը բաց թողնել։

Ներքեւի շրթունքը ծռվեց ու ցած կախվեց, երբ տատը տվեց վերջին շունչը։ Ձեռքը թուլացավ, անկողնու կողքին դրված էր ամիսներով չգործածվող ձեռնափայտը՝ կոտրված գլխով։ Այդ տանը ոչինչ չէր մնացել չկոտրված։ Ամենավերջինը եկած հարսը պարզապես գլուխ չէր հանում կյանքից։

Ժաննա ջանը բացեց պատուհանը, որ տատի հոգին դուրս թռչի, ու նստեց լույսին մոտ՝ հանելու հորքուրի հոնքերը։ Դեռ լացը չէր գալիս, դեռ ժամանակ էր պետք, գոնե մի քիչ։ Հորքուրի ամբողջ կոպերն ավերված էին ալեխառն մազերի մեջ, նաեւ դունչը։ Վաղուց էր, որ մազերը չէր ներկում։ Կրծքին ու գոգին մեծ-մեծ լաքաներ էին, որ երեւի վարդերի տեղ էր դնում։

Բոլոր թաղումների նման թաղումն ասես ինքնիրեն կազմակերպվեց, մարդիկ գնացին-եկան երբեմնի շեն տան դռնով ներս, Ժաննա ջանը ահավոր շատ լացեց՝ կանգնած տատի գլխավերեւում նստած հորքուրի հետեւը։ Նա շլմորած էր, մի աչքը լրիվ փախել էր, որից ջո՞ւր, թե՞ արցունք էր կաթում։ Ժաննա ջանը լավ չէր հասկանում նրա հոգեվիճակը։ Ամեն դեպքում իրեն պատշաճ էր պահում մինչեւ այն պահը, երբ երաժիշտները սկսեցին նվագել ու հոգի կեղեքել։ Նա լսեց-լսեց, հետո բարձր դիմեց երաժիշտներին.

-Տղաներ ջան, մի հատ Մորս սպիտակ մազերը կնվագե՞ք,- ասաց՝ այնքան գեղեցիկ ձայնով։

-Տո՛,- զարկվածի պես տեղից վեր թռավ փոքր հորեղբայրը։ Աչքերը թռան ճակատին։

-Հոկուլ, արի իրար հետ տեղ գնանք,- նրա ականջին կռանալով՝ շշնջաց Ժաննա ջանը՝ փրկելու դրությունը։

-Ո՞ւր։

-Ձոր։

Տեղից վեր կացավ՝ կուրորեն շոշափելով դագաղի կողերը։ Ղռռալով հետ հրեց աթոռը։ Ժաննա ջանը թեւն ընկավ։ Երբ մարդկանց հայացքների տակ հյուրասենյակից դուրս եկան, հորքուրը հոտոտելով հարցրեց՝ ի՞նչ հոտ է։ Բլած խոհանոցում գազի վրա եփվում էր հոգեհացի խաշլամայի միսը։ – Գնա՞նք խոհանոց,- ասաց հորքուրին։ – Ինչ հաճելի է, ասաց նա։ Խոհանոցում դես-դեն լցված ամանների արանքում համարյա տեղ չկար կանգնելու։ Մնացին գազի մոտ։ Ժաննա ջանը ալյումինե կաթսայի միջից հանեց մի կտոր կիսաեփ միս, փչեց ու տվեց նրա ձեռքը։ Գիտեր, որ նրան միս ընդհանրապես չի կարելի։ Հետո հանեց երկրորդը, դրեց սեղանի եզրին, որ սառի։ Նրա ագահաբար ուտելն էր ամբողջ ցավը։ Ժաննա ջանը որոշեց տալ այնքան, ինչքան կուզենա ուտել։ Մենակ սպանելը չէր մտքին, այլ օգնած լինելը հեռանալ, հավաքվել-կորելը այս աշխարհից, որում նրա տեղը փակված էր։ – Ես տիզերից շաքար ընկա,- ասաց հանկարծ։ Մոռացել էր մորը։

Տատից չորս ամիս անց, երբ նույն տերեւներն էին դեռ ծառերի վրա, շաքարից կոմայի մեջ ընկավ ու չլուսացրեց։ Մնացել էր իր մենակ սենյակում՝ ավելի ու ավելի անծանոթ դարձող իր կենցաղով։ Երբ Ժաննա ջանը հորեղբոր կնոջն հարցրեց՝ ի՞նչ էր ուտում վերջում, նա հիմնավոր պատասխանեց՝ ասում էր, որ մայրը նրբերշիկներ է բերում։

Ամեն դեպքում՝ ապրում էր մինչեւ մեռնելը՝ ամենաշատը գործածելով հաճելի բառը, երբ խոսում էր աշխարհի մասին։

Օհ, ինչ հաճելի զրույց ունեցանք։

Be the first who will comment on this
Yatuk Music
Violin concerto in D Minor
Aram Khachatryan

Violin concerto in D Minor

Flowers to the Perished heroes
Flowers to the Perished heroes
Play Online