Anna Davtian

Երեքիս համար

Արևս`
տարածությունների վրա սփռված սպիտակ կենդանի,
հեռացրու ինձնից լույսը քո,
ես տեսնեմ.
մի լցվիր վրաս քո արագությամբ,
ես գալդ զգամ,
ինձ մի թաղիր լույսում,
մշուշի մեջ դիր ինձ
ու թավալիր երկրի բոլոր ուղիների վրա,
ինձ դարձրու քարքարոտ ու դանդաղ,
փոշոտ ու հին,
որ տեղ հասնելու պատրանք չունենամ,
ես չլինեմ
քո լինելիք տեղում,
որ իմանամ:
Իմ մեջ մի նայիր,
իմ բարձր տեղ,

ու մի թող` ես նայեմ,
թաքցրու ինձնից մոտիկությունը քո,
որ քայլեմ:
Բոլոր բաների մեջ վերցրու ինձնից գեղեցիկներն ու
տուր տգեղները,
որ անելիք ունենամ,
ինձ տուր գեղեցկացնելու ուժ,
մութ,
որ պատկերացնեմ,
ինձ հույս մի տուր:
Հանիր ինձ այստեղից:
Արևս,
շնորհակալություն:

***
Շնորհակալություն,
որ նա գիտի թեթևն ու ծանրը`
որպես անդադար գիտելիք,
տուր,
որ նա չհոգնի:
Նրան մահացրու իր մեջ,
ու թող,
որ նա դառնա:
Ժայռը պատած մամուռ,
Արևս:

***
Նա պետք է առողջ լինի,
պահպանիր նրան,
Արևս,
նա ոսկե հեքիաթների
հազվագյուտ ձկնորս է:
Շնորհակալություն:

Be the first who will comment on this
Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua