Alexander Tsaturyan

Սիրելի՛ ընկեր․․․

Սիրելի՛ ընկեր, դու մի՛ զարմանար,
Որ մատաղ կյանքիս եռուն հասակում
Այնքա՜ն տխուր է հնչում իմ քընար։
Վիշտ ու թախիծ ես կարդում իմ երգում։

Ծնված հեգ երգիչ մի դժբախտ ազգի,
Միշտ մըռայլ տեսա երկինքը գլխիս.
Ես շատ վա՛ղ ուսա տանջանքը կյանքի,
Վա՛ղ մտերմացավ վըշտի հետ հոգիս։

Անմեղ հասակից օրորոցիս մոտ,
Ուր պետք է սիրտս մեղմ օրոր շոյեր,
Ուր պետք է ժպտար կյանքի առավոտ,
Ես տեսա միայն սև ու մութ օրեր...

Տեսա կատաղի չարության մատնված
Անզեն թշվառներ ժանտ դահճի առաջ
Լսեցի անտուն, դռնե-դուռ ընկած
Հարազատ ազգիս աղերսն ու հառաչ...

Այո՜, ընկե՛ր իմ, դու մի՛ զարմանար,
Որ գարուն չունի էլ մատաղ հոգիս.
Արյուն-արցունքով ներկված իմ քընար
Ազգիս վշտին է արձագանք տալիս...

Be the first who will comment on this
Yatuk Music
Recalling
David Balasanyan

Recalling