Alexander Tsaturyan

Սերմնացան

Փա՜ռք և երանի՜
Քեզ, քա՛ջ սերմնացան,
Որ դաշտն հայրենի
Չես թողնում խոպան,
Որ ջերմ հույսերով
Դու նորա գրկում
Ապրում ես սիրով,
Եվ սիրով տանջվում…

Փա՜ռք քեզ, որ հզոր,
Անվհատ հոգով
Թափում ես, մշա՛կ,
Դու առատ քրտինք.
Քո սուրբ քրտինքով
Բազո՜ւմ բյուրավո՜ր
Ապրում են մարդիկ
Խաղա՜ղ, երջանի՜կ։
Անխոնջ, ժըրաջան
Դու մեղվի նըման.
Հանգիստ չըգիտես
Հայրենի երկրում.
Վիշտ, ցավ ես կըրում
Դու նորա կրծքին,
Մի՛շտ ուրախ–երես,
Մի՛շտ զվարթագին։

Դու երգ ես երգում
Վաստակի ժամին,
Ոգելի՜ց երգեր,
Սրտառո՜ւչ երգեր,
Եվ նոցա քամին
Առնում է, տանում
Սարեր ու ձորեր,
Անտառի խորքեր…
Ծիծաղ ու հրճվանք,
Կյանքի վայելքներ,
Լաց ու տառապանք,
Դառըն զրկանքներ,
Օրհնանք ու աղոթք -
Զայրույթ ու բողոք,
Բոլո՜րն էլ երգով,
Վառ զգացմունքով
Պատմում ես միայն
Դու մայր-բնության…
Եվ նա ձայնակից,
Ո՛վ ժիր սերմնացան,
Սրտաբուխ երգիդ,
Քո ջերմ զգացման,
Յուր սրտի խորքից
Տալիս է քեզ միշտ
Քաղցր արձագանք.
Սիրող մոր նըման։

Վաղ առավոտյան
Վառ արշալույսին,
Օրը բացվելիս,
Արևը գարնան
Քե՛զ է առաջին
Ողջույնը տալիս.
Իրիկնադեմին,
Երկրի երեսին,
Երբ մութ է իջնում,
Քե՛զ է նա նորից
Լեռան հետևից
«Մնա՜ս բարև» ասում.
Քե՛զ է համբուրում,
Քո դեմքը շոյում
Յուր հեզիկ շնչով
Զեփյուռն հովասուն,
Քե՛զ է կախարդում
Քո ուշքը խըլում
Անուշ կարկաչով
Անհանգիստ առուն.
Գետակը ձորում.
Թռչունը օդում
Բոլո՜րն էլ սիրով
Քե՛զ են ողջունում,
Քո վաստակն օրհնում
Ներդաշնակ ձայնով…
Քո սերն է երգում,
Անխո՛նջ սերմնացան,
Եվ իմ հեզ մուսան
Յուր անկեղծ երգով.
Քե՛զ եմ կյանք հայցում,
Քեզ կյանք բարելից
Գըթոտ երկնքից
Սրտիս աղոթքով.
Ես աղոթում եմ,
Որ միշտ լի՜ սիրով
Քեզ ժպտա երկինք
Քո վսեմ գործում.
Որ միշտ երկնառատ
Արև-անձրևով
Ծաղկի քո վաստակ
Հայրենի երկրում…
Փա՜ռք և երանի՜
Քեզ քա՛ջ սերմնացան,
Որ դաշտն հայրենի
Չես թողնում խոպան,
Որ վառ հույսերով
Դու նորա գրկում
Ապրում ես սիրով,
Եվ սիրով տանջվում...

Be the first who will comment on this
Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

Childhood. Boys
Childhood. Boys
Play Online