Alexander Tsaturyan
Պանդուխտի երգը
Օտա՛ր երկինք, օտա՛ր արև,
Որ շողում եք գլխիս վերև,
Ինչքա՜ն շողաք... դուք ինձ համար
Միշտ կըմնաք գիշեր խավար...
Սիրտըս տոչոր՝ ձեզ նայելով,
Անտեր, պանդուխտ կյանքս լալով,
Օր չի անցնում հայրենիքիս
Վառ կարոտը չայրի հոգիս։
Մատա՜ղ լինեմ նորա պայծառ
էն երկնքին, ուր սիրավառ
Ոսկի՜ արևն ինձ վերևից
Փայփայել է մանուկ օրից։
Հայրենիքիս խաղաղ ծոցում,
Ինչպես փափուկ օրորոցում.
Ես մեծացել. կյանք եմ առել.
Նրա շնորհով մարդ եմ դառել։
Ո՛նց մոռանամ ես էն օրհնած
Սարն ու ձորը ծաղկով լցված.
էն կենսատու ջուրն ու հողը.
Գարունքի էն հովն ու ցողը։
Ո՞նց մոռանամ ես էն փարթամ
Դաշտն ու արտը, ուր շատ անգամ
Ասես, թիթեռ թըրթըռացել,
Արար-աշխարհն եմ մոռացել...
Ուր լսել եմ սրտիս ազիզ
Գեղջուկ մշակ եղբայրներիս
Դառն լացը. կուշտ ծիծաղը,
Ուրախ-տխուր երգ ու տաղը...
Օտա՛ր երկինք, օտա՛ր արև,
Որ շողում եք գլխիս վերև,
Ինչքա՜ն շողաք... դուք ինձ համար
Միշտ կըմնաք գիշեր խավար...
1893