Alexander Tsaturyan
Մայիսի մեկը
Սքանչելի գարնան այս քա՜ղցր ժամին,
Երբ բընությունը չքնաղ հարսի պես,
Պճնված, զարդարված, ժպիտը դեմքին,
Կարծես, հարսանյաց առնում է հանդես.
Եվ լուսո աղբյուր արևը պայծառ
Անամպ երկնքից անուշ ժպտելով,
Առատ ցողում է շիթեր ոսկեվառ,
Այդ ճոխ հանդիսին վսեմ փայլ տալով
Եվ իմ չորս բոլոր բուռըն հըրճվանոք
Եռում է կյանքը բընության ծոցում.
Տեսնում եմ մարդիկ երջանիկ, անհոգ,
Երգ ու գինիով գարունն են օրհնում…
Այդ քաղցըր ժամին, հայրենիք անգի՛ն,
Ինձ պաշարում է մի այլ զգացում.
Անհագ տենչանքով իմ մատաղ հոգին
Դեպի կենսատու քո ծոցն է թռչում:
Եվ րոպեական շքեղ երազներ
Իսկույն գալիս են ինձ այցելություն
Ահա՛ տեսնում եմ քո կանաչ դաշտեր,
Այգիք ծաղկավետ, աղբյուրք կարկաչուն…
Ես քո գրկումն եմ… երկի՛ր անուշիկ,
Եվ ոգեշնչված քո սերն եմ երգում…
Բայց ո՜հ, ցնդում են երազներ գողտրիկ,
Եվ նորից ինձ քո կարոտն է տանջում…
1889, 1 մայիսի
Մոսկվա