Alexander Tsaturyan

Աշնան վերջը

Փըչեց ցրտաշունչ քամին հյուսիսից
Եվ այլանդակեց բընության պատկեր.
Մերկացան այգիքն իրանց զարդերից,
Մերկացան սար, ձոր, անտառ ու դաշտեր.

Երկինքը տխո՜ւր, մռա՜յլ, ամպամած՝
Էլ չի շողշողում լուսափայլ արև.
Երկրի երեսը մշուշով պատած՝
Երկնքից անվերջ թափվում է անձրև։

Լռել է սոխակ։ Պարտիզի խորքում
Ո՛հ, էլ չի լսվում քաղցր դայլայլիկ.
Լռել է սարյակ, չվել է ծիծառ.
Էլ չի գեղգեղում սիրուն դեղձանիկ։

Կեռասն ու ծիրան, կարմրաթուշ խնձոր
Էլ չեն զարդարում պարտեզի ծառեր,
Այժըմ նոցա տեղ մերկ ճղանց վերա
Քամուց խշշում են դեղնած տերևներ։

Տխուր նստել է և այգեպանը
Յուր մութ ու խոնավ, ցուրտ կացարանում,
Է՛հ. էլ ի՞նչ սրտով շրջի նա այգին,
Երբ մերկություն է նորա մեջ տիրում։

Ավերակ դաշտում, ամայի արտում
Արդեն դադրել են հոգս ու աշխատանք.
Չի շարժվում արոր, լուռ է սերմնացան,
Դաշտային կյանքի կորել են բերկրանք։

Փըչում է քամին, փըչում կատաղած,
Ձմռան գալուստը գուժում աշխարհին.
Նայում ես շուրջդ սո՜ւգ, ամայությո՜ւն,
Ողբում է երկինք, ողբում է գետին…
1886, 5 նոյեմբերի

Be the first who will comment on this
Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma

View of Bjni Fortress
View of Bjni Fortress
Play Online