Alexander Shirvanzadeh

Ոսկի գրչիդ մատաղ

Շատ տարիներ առաջ ես խմբագրում էի մի շաբաթաթերթ, բարեբախտաբար, ժամանակավոր, որովհետև բոլոր դրական դիրքերից խմբագրի պաշտոնն ամենաանախորժն է ինձ համար։ Ես տեսել եմ շնորհալի մարդիկ, որոնց ուղեղը դադարել է գործել այն օրից, երբ նրանք խմբագիր են դարձել։

Մի օր ինձ մոտ եկավ մոտ 19 20 տարեկան մի պատանի։ Նիհար, գունատ տղա էր, կուրծքը ներս ընկած, աչքերը տարօրինակորեն փայլուն։

Խնդրեմ ձեր շաբաթաթերթի մեջ տեղ շնորհեք այս գրվածքին, ասաց նա թույլ ու շոր ձայնով ու գրասեղանիս վրա դրեց մի տետրակ։

Այդ ի՞նչ է, հարցրի ես խմբագիրներին հատուկ մի արհամարհական հայացք ձգելով ձեռագրի վրա։

Դա իմ առաջին լուրջ գործն է, պատասխանեց պատանին առանց շփոթվելու, հոգեբանական էտյուդ է։

Շատ բարի, կկարդամ կտեսնեմ, ասացի ես, ձեռագիրը շպրտելով մի կողմ։

Ե՞րբ գամ ձեր պատասխանը գիտնալու։

Մի երկու շաբաթ հետո։

Այդ շատ ուշ է։

Ուրիշ կերպ չեմ կարող։ Պատանին գրուխ տվեց, դուրս գնաց։ Նախասենյակից լսվեց նրա չոր ու կասկածելի հազը։

Ես ձեռագիրը դրեցի գրասեղանիս առջև, իհարկե, նույն օրն իսկ մոռացա նրան։

Երկու շաբաթ անցած, պատանին եկավ։ Այս անգամ նա ինձ ավելի նիհար թվաց։

Ա՛հ, ներողություն, ժամանակ չեմ ունեցել ձեր ձեռագիրը կարդալու։ Եկեք մի քանի օրից։

Պարոն խմբագիր, արտասանեց պատանին իր հնամաշ ու ճխլտված գլխարկը մեկ ձեռքից մյուսը փոխադրելով, խնդրում եմ չմոռանալ կարդալու, որովհետև, գիտեք, ես չեմ կարող երկար...

Նա չկարողացավ իր խոսքն ավարտել, հազաց նույն չոր, անախորժ հազով։ Ես նկատեցի, որ նրա այտերը կապտեցին։

Եվ ակամա խղճացի նրան ու խոստացա նույն օրն իսկ կարդալ ձեռագիրը։

Խոստումս կատարեցի ու ձեռագիրը կարդացի խմբագիրներին ոչ հատուկ ուշադրությամբ ու բարեխղճությամբ։ «Հոգեբանական էտյուդը» մի վերին աստիճանի խակ գրվածք էր, զուրկ ձևից, ոճից և հետևողականությունից։ Հեղինակն աշխատում էր նկարագրել հոգեկան վիճակը մի կենսախինդ երիտասարդի, որ զգում է, թե շուտով պիտի մեռնի։ Անկեղծորեն կկամենայի գրվածքը տպել, բայց չէ որ ընթերցողներ ունեի, նրանք կարող էին ինձ ծաղրել։

Հետևյալ օրը նորեն պատանին եկավ։ Ես, նրան շվշվացնելու համար, կեղծեցի։

Ձեր էտյուդը վատ չի գրված, դուք պատմելու ձիրք ունեք, բայց դժբախտաբար, տպել չեմ կարող։

Ինչո՞ւ,- հարցրեց նա մի տեսակ խեղդված ձայնով, և ինձ թվաց, որ նրա վտիտ մարմինը կծկվեց։

Հերթական նյութերի շատության պատճառով։

Բայց ես կսպասեմ, կարող եմ սպասել, եթե, եթե...

Նա դարձյալ չկարողացավ իր խոսքն ավարտել և դարձյալ հազաց։ Այս անգամ այլևս պարզ էր ինձ համար, որ տղան թոքախտի վերջին շրջանի մեջ է, ու նրա օրերը հաշված են։ Ցավում եմ, որ երկար պիտի սպասեք, ասացի, արդարև, անկեղծ ցավակցությամբ։

Որքա՞ն ժամանակ։

Առնվազը չորս ամիս, գիտե՛ք, շաբաթաթերթ է։

Բայց այդ շատ է, ես չեմ կարող, գիտե՞ք, ես․․․ ես․․․ Բարի եղեք հերթից դուրս տպագրելու։

Տեսարանն ինձ համար միաժամանակ և՛ ցավալի էր և՛ ձանձրալի, մեկն այն տեսարաններից, որոնցից մարդ աշխատում է որքան կարելի է շուտ ազատվել։

Չեմ կարող, ասացի ես և ձեռագիրը դրեցի նրա առջև։

Երբեք ոչ մի դեմքի վրա չէի տեսել այնքան խոր, այնքան կսկծալի վիշտ։ Կարելի էր կարծել, որ ես նրան զրկեցի իր գոյության վերջին հույսից կամ ոտնատակ արի նրա լավագույն սրբությունը։

Լավ չեք անում, պարոն խմբագիր, լավ չեք անում, արտասանեց նա նույն հուզված ու խեղդուկ ձայնով ու ձեռագիրը վերցրեց իր նիհար, ոսկրոտ ձեռքով։

Եվ ձգեց ինձ վրա մի երկարատև կշտամբելի հայացք, առանց բարևելու դուրս գնաց։

Նախասենյակից մի անգամ ևս լսեցի նրա հազի ձայնը․․․

Այս դեպքը պատահեց աշնան վերջին։

Անցան ամիսներ, անցավ ձմեռը։ Երբեմն հիշում էի պատանու նիհար ու գունատ դեմքը, մանավանդ նրա վերջին հայացքը, որի մեջ ես զգացել էի դառը վշտի հետ և՛ ատելություն, և՛ նախանձ։

Գարնան սկիզբն էր։ Չեմ հիշում մեր հասարակական գործիչներից որի թաղումն էր։ Շատերի հետ ես էլ գնացի հուղարկավորությանը մինչև Խոջավանքի գերեզմանատունը։ Թաղումը վերջանալուց հետո ես ամբոխից հեռացա։ Եղանակը սքանչելի էր, արեգակն ախորժելի, կապույտ երկնքի վրա ամպի ոչ մի նշույլ։ Հաճելի էր մեռելների աշխարհում մեն-մենակ թափառել ու ճաշակել կյանքի ունայնությունը։

Ես կանգ առա մի գերեզմանաքարի մոտ՝ նրա երկար արձանագրությունը կարդալու։ Այդ վայրկյանին հեռվից լսեցի մի ողբաձայն. նայեցի նույն ուղղությամբ։ Հեռավոր գերեզմաններից մեկի վրա նկատեցի մի սև պատկեր։ Քայլերս անգիտակցաբար ուղղեցի դեպի այն կողմը։ Որքան ավելի էի մոտենում, այնքան ձայնը ավելի էր քաշում ինձ։ Դա մի կին էր։ Չոքած մի տակավին թարմ գերեզմանի հողակույտի քով, ձեռը կրծքին զարնելով, ողբում էր կրկնելով.

Շիր ու շնորհքիդ մատաղ, ոսկե գրչիդ մատաղ։

Ես, զգացված կանգ առա կնոջ ետևում, չկամենալով, որ նա ինձ տեսնի։ Բայց շուտով հետաքրքրվեցի գիտենալ՝ ով է թաղված այդ թարմ գերեզմանի մեջ։ Ես անցա մյուս կողմ։

Մի վայրկյան կինը, աչքերը սրբելով, նայեց ինձ։ Թվաց ինձ, որ այդ դեմքը ես տեսել եմ որևէ տեղ։

Քույրի՛կ, ո՞վ է թաղված այդ գերեզմանի մեջ, հարցրի ես։

Իմ որդին, միակ զավակը, պարոն, արտասանեց կինը, նորեն հեկեկալով։

Քանի՞ տարեկան էր նա։

Քսան տարեկան, պարոն, ուղիղ քսան։ Ա՛հ, չգիտեք ինչ տղա էր։ Նայեցեք...

Այս ասելով, կինը ծոցից դուրս բերեց մի լուսանկար ու ավելացրեց.

Բարակացավից մեռավ, ա՛հ, անողորմ աստված։

Ես վերցրի լուսանկարը, նայեցի։ Դա նա էր, այն թշվառ պատանին, որի ձեռագիրը մերժել էի տպագրելու։ Խղճի մի սուր խայթ տակնու վրա արեց իմ էությունը, լուսանկարը նայում էր ինձ այն դառը կշտամբելի հայացքով, որ վերջին անգամ ձգեց ինձ վրա թշվառ պատանին։

Քույրի՛կ, ի՞նչ էր ձեր որդու անունը, հարցրի հավաստիանալու համար, թե ճիշտ դա այն տղա՞ն է։

Միսակ, Միսակ Գուլոյան, գրում էր լրագրներում, ա՛հ, նմանը չկար, ա՛հ, ոսկի գրչիդ մատաղ, բալա․․․ Քույրիկ, ես ճանաչում էի ձեր որդուն։

Ո՞վ չի ճանաչում նրան, ո՞վ չէր կարդում նրա մարգարիտ խոսքերը:

Վերադարձնելով նկարը, ես գերեզմանից հեռացա խորապես զգացված։

Խեղճ պատանի. նրա կյանքի վերջին փափագն էր եղել տպագրված տեսնել «առաջին լուրջ երկը» և հետո մեռնել։ Իսկ ես այնքան դաժան եղա, որ զրկեցի նրան այդ սփոփանքից...

Be the first who will comment on this
Yatuk Music
New sky for Moon
Elen Yolchyan

New sky for Moon

Children by the Sea
Children by the Sea
Play Online