Alexander Shirvanzadeh
Մարդը անասունի մեջ
Երբեք նա այնչափ հուզված չէր եղել, որչափ այդ օրը, նույնիսկ այն չարաբախտ պահին, երբ մարդիկ եկան հանկարծ, դուրս կորզեցին նրան երջանկության գրկից և ձգեցին զրկանքի, տառապանքների խավար աշխարհը։ Անհայտ, անծանոթ մարդիկ, որոնց նմանը նա երբեք չէր տեսել ու չէր երևակայել։
Նստած էր նա Պարիզի սրճարաններից մեկում, որ այցելում էր ամեն օր իր հայրենակիցների ու բախտակիցների հետ։ Այստեղ միաժամանակ, ավա՜ղ, շատ զվարճալի ժամեր էր անցուցել՝ անձնատուր հյուրիներին։
Մենակ էր, սովորականից կանուխ էր եկել, դիտմամբ: Ուզում էր գեթ մի ժամ լինել առանձին, ինքն իր հետ, հեռու թե՛ ընտանիքից և թե՛ իր բախտակիցներից։ Այդ մռայլ, թթված դեմքերից, որոնք վաղուց էին նրան ձանձրացրել իրենց անվերջ անեծքներով և մանավանդ հազար անգամ կրկնված հարցերով։
Ե՞րբ պիտի այս բոլորը վերջանա, ե՞րբ պիտի վերադառնանք մեր տուն ու տեղը, ո՞վ կարող է մեզ օգնել և այլն, և այլն...
Այժմ նա զգում էր, որ այլևս չկա դարձ դեպի անցյալ կարգ ու կանոնները, որ ամեն ինչ կորած վերջացած է առմիշտ: Մի բան, որը եթե գիտենար երկու տարի առաջ, կարող էր կաթվածահար լինել կամ խելագարվել։
Երեկ նա վաճառեց իր կնոջ վերջին ադամանդը նշանադրության մատանին։ Խեղճ կին, ինչպե՜ս հեկեկաց, տալով այդ նվիրական իրը մարդուն, որ տանե վաճառե առաջին պատահողին՝ հանուն զավակների «ժամանակավոր ապրուստի»։ Վաճառե և ոչ գրավ դնե, վասնզի գիտեին, որ այլևս ոչ մի իր չեն կարող գրավից ազատել, և ինչ որ գրավումն է, արդեն կորած է։
Շատ-շատ մի-երկու ամիս ևս նա մի կերպ կկերակրե իր ընտանիքը։ Հետո մթություն, խավար կամ մուրացկանություն, եթե որևէ հրաշք չպատահե։
Սակայն սոսկալի «հետոն» չէր այդ օրը Սիմոն Սեֆերյանին ալեկոծողը, այլ անցյալը։ Ա՜հ, այն անցյալը, երբ նա հարուստ էր, անհոգ, հպարտ ինչպես գերիշխան։ Երբ գաղափար անգամ չուներ մարդկային թշվառությունների մասին և չէր ուզում ունենալ։
Ինչո՞ւ նա այս սև օրին հասավ։ Մնացյալները ոչինչ, ո՞վ գիտե, գուցե յուրաքանչյուրը նրանցից արժանի էր։ Բայց ինքը, ո՞ր սխալի, ո՞ր մեղքի կամ ո՞ր հիմարության հետևանքով։
Նա չէր հավատում ոչ նախախնամության գոհությանը և ո՛չ դիպվածների զորությանը։ նա իրեն տգետ չէր համարում, որովհետև տգետ էր։ Այն մի քանի տարիները, որ անցուցել էր Գերմանիայում և այն մի քանի գրքերը, որ կարդացել էր երիտասարդ հասակում, ավելի էին թանձրացրել նրա բնական ինքնագոհությունը և ամբարտավանությունը։ «Անուս» մարդկանց նա ծաղրում էր հավակնոտի հանդգնությամբ, լուսամիտների հետ վիճաբանում էր հեղինակավոր լեզվով։ Եվ ոչ ոք չէր համարձակվում ցույց տալ նրան իր տգիտությունը, վասնզի հարուստ էր։ Նրա միջավայրում հարուստներին չէին հակաճառում։
Հերքելով նախախնամության գոյությունը, նա իր խոշոր ադամանդով զարդարված ձեռքը զարկում էր մսալի ճակատին և կրկնում.
Կատարյալ մարդու աստվածն ահա այստեղ է։ Երբեք նա իր ձեռը չէր զարկել սրտին։ Երբեք նա չէր նայել դեպի իր ներքին աշխարհը քննական հայացքով, երբեք իր առանձնության մեջ չէր խոսել իր հոգու հետ։ Չափազանց ամուր էր կառչած նրա միտքը շոշափելիին, նյութականին, որպեսզի կարողանար լուսո գեթ մի աղոտ շող ձգել հոգեկանի վրա։ Մարդկային վշտերն ու տվայտանքները իրենց հազարավոր ձևերով ու գույներով շարեշար անցել էին նրա աչքերի առաջ և առանց դիպչելու նրա հոգու որևէ թելին, սրտի որևէ լարին։ Գրանիտյա ժայռ էր նա այն անհատակ օվկիանոսի ափին, որ կոչվում է կյանք, այնքան կարծր, որ ոչ մի ալեկոծություն չէր կարող նրան մաշել։ Չկար նրա համար որևէ գրավիչ, որևէ հուզիչ բան, բացի այն բոլորից, որ կապ ունեին նրա անձնական երջանկության հետ։ Նույնիսկ իր մերձավորների բախտը գնահատում էր իր անձի հանգստության չափով։ Այսպես օրինակ, երբ նրա կինը կամ զավակները հիվանդանում էին, նա աշխատում էր տնից փախչել որևէ պատրվակով։ Հիվանդը նրան անհանգստացնում էր։
Նա չէր կեղծում, երբ ասում էր, թե իր «խիղճը հանգիստ է», վասնզի չէր կարող հանգիստ չլինել, մի բան, որ խորին թմրության մեջ էր։ նա ժպտում էր հեգնական հանգիստ ժպիտով, երբ իր մոտ խոսում էին կարեկցության կամ մարդասիրության մասին։ Ծաղրելով զգայուն մարդկանց, համարելով նրանց «թուլամորթներ», նա ասում էր.
Մեր կյանքը կարճ է, ամեն մարդ ունի մի լուծ, որ մի կերպ տանում է, հիմարություն է ուսերի վրա վերցնել ուրիշների բեռը։
Ուրիշների մահը նրան ցավ չէր պատճառում, բայց իր կյանքի վախճանը սարսափեցնում էր նրան։ Դա մի սոսկալի ուրվական էր, որ մերթ ընդ մերթ ծառանում էր նրա առջև, մանավանդ այն պահերին, երբ ինքն իրեն զգում էր երջանիկ: Երբ նրա մոտ որևէ մեկը խոսում էր առհասարակ մահվան մասին, նա շտապում էր խոսողի բերանը փակել, ասելով.
Ուրիշ նյութ չունե՞ս խոսելու, մահը զզվելի բան է:
Նրա ամբողջ էությունը, ամբողջ հոգին, նրա աստվածը, հավատը, ամեն ինչը, իր մարմինն էր։ Այստեղ էր ամփոփված նրա համար ամբողջ տիեզերքը։ Եվ այդ առողջ, պարարտ մարմինը նա սիրում էր ու փայփայում կանացի հոգածությամբ։ Մի թեթև գլխացավ կամ ատամնացավ երկյուղ էր ներշնչում նրան և այդ պահերին ուզում էր, որ ամենքը զբաղվեն իրենով, ամենքը, նույնիսկ հեռավոր ծանոթները։ Առանձնապես նրան մտատանջություն էր պատճառում իր առնական ընդունակությունը։ Միգուցե մի օր զրկվե այդ ընդունակությունից, որ նրա սրբություն սրբոցն Էր, և շարունակ խորհրդակցում էր բժիշկների հետ․․․
⁂
Այսպես էր եղել Սիմոն Սեֆերյանն իր անցյալում։ Այն մարդը, որ «այնտեղ», ոսկու և արծաթի ապականված ու նեխված աշխարհում, ոմանց առերես հարգանքի, ոմանց թաքուն ատելության և համենայն դեպս ընդհանուրի նախանձի առարկան էր։ Այն մարդը, որ իրեն համարել էր ամենից զգաստը, ամենից խելոքը։ Նա, որ իր ահագին հարստությամբ կարող էր հազարավոր չքավորների ու տնանկների ծանր լուծը թեթևացնել և սակայն ոչ մեկի արցունքը չէր սրբել։
Եվ ահա այսօր այդ անսասան մարդը, այդ պողպատյա եսամոլությունը խեղճացել էր, ընկճվել, կծկվել անողոք ճակատագրի հարվածների տակ։ Գայլը զրկվել էր ատամներից և անզորությունից կրծոտում էր ներսը։
Արմունկները հենած սեղանի եզրին, ճաղատ գլուխը ձեռքերի մեջ բռնած, աչքերը հառած դիմացի պատին, նա խորհում էր։ Օ՜հ, ոչ իր կորցրած հարստության, այն հոյակապ տների, առատաբուխ նավթահանքերի, գործարանների, շոգենավերի, այլ իր բարոյական աշխարհի մասին։ Դա առաջինն էր իր հիսնամյա կյանքում, առաջինը, երբ նայում էր դեպի իր ներսը։ Եվ որքան ավելի էր խորհում այնքան իր անցյալն ավելի ու ավելի էր թանձրանում իր ոչնչությամբ։ Մեկը մյուսի ետևից նրա նոր բացվող աչքերի առջև անցնում էին իր կյանքի էտապները և դրա հետ միասին մարդկային թշվառությունների բոլոր տեսակները, որոնց երբևէ տեսել էր և որոնց վրա երբեք ուշադրություն չէ դարձրել։ Ահա հանքերի և գործարանների, նավերի ու շինությունների, ծովերի ու ցամաքների կիսամերկ, կիսանոթի աշխատավորներ՝ նավթի ու մուրի, տգիտության ու կեղտերի մեջ, նիհար, հողագույն դեմքեր, քայքայված կամ պես-պես հիվանդություններից փտած մարմիններ։ Մի խավար զանգված, որ նույնպես մարդկություն է։ Այդ հազարավոր ամբոխը, հոգիների այդ վիթխարի լեգիոնը գիշեր-ցերեկ, անդուլ-անդադար աշխատել է մի փոր հացի համար և սակայն երբեք կուշտ չի եղել, որովհետև նրա դառն աշխատանքի, նրա արյուն-քրտինքի ամբողջ արդյունքը, այս ամբողջը կլանվել է մի քանի տասնյակ անհատների գրպանը։ Մեկն էլ այդ անհատներից ինքն է եղել, Սիմոն Սեֆերյանը։
Քանի՜-քանի կորստաբեր դեպքեր են տեղի ունեցել նրա հանքերի վրա ու գործարաններում, քանի՜-քանի հանկարծահաս մահեր, գազերի մեջ խեղդվածներ, նավթի մեջ այրվածներ, փլված պատերի տակ ջարդվածներ։ Եվ ո՞ր դժբախտությունն է նրա հոգին փոթորկել, ո՞րն է նրա կույր աչքերը թրջել:
«Շատ-շատ տալիս էի թշվառների թաղման ծախքը և մի քանի ոսկի էլ շպրտում էի նրանց ընտանիքներին»։
Եվ դրանով կատարած էր համարում իր մարդկային պարտականությունը։
«Եվ չէի ամաչում դեռ թշվառների դիակները չթաղված գնալ կլուբ, թուղթ խաղալ, հետո ընթրել, շամպայն լակել, հետո վազել սիրուհիներիս մոտ՝ այնտեղ կոկորդիլոսի արցունքներ թափելու»։
Արտասանելով այս խոսքերն իր մտքում, նա ձեռը զարկեց ճակատին և հառաչեց.
«Մեղք եմ փնտրում, շարունակեց մտածել նա, դառը ժպտալով, մեղքն ի՞նչ է, թշվառ, դու ոճրագործ ես...»։
Ամեն ինչ, ամեն ինչ գոռում ու աղաղակում էր նրա խղճի դեմ։ Խղճի, որ նոր էր զարթնել, որ նոր էր ծնվել նրա մեջ, այն Ժամանակ, երբ նա անզոր էր իր անցյալը շտկելու։ Պարզ և վառվռուն նա հիշեց և բանվորների ապարդյուն աղերսանքները՝ գեթ մի քանի կոպեկով ավելացնելու իրենց օրավարձը, և նրանց մութ ու խոնավ կացարանները, և նրանց զավակների կիսամերկ մարմինները կեղտերի մեջ, և տարափոխիկ հիվանդությունները, էլ ամառվա սառնամանիքը, և ամառվա դժոխային շոգերը, և գազերի հեղձուցիչ մթնոլորտը, և նավթի ու մուրի երկրային գեհենը։ Հիշեց, ինչ արհամարհանքով ու ծաղրով մի օր ընդունեց «խեղճերի պատգամավորությունը», որ եկել էր աղերսելու «տե՛ր, օգնեցե՛ք մեզ, քեզ համար ենք աշխատում»։ Նա պատասխանեց. «Եթե չեք հավանում, գնացեք ուրիշի մոտ աշխատեցեք»։ Ո՞ւր գնային, ամենուրեք միևնույնն էր։ Բայց չէ՞ որ նա իրեն ամենից խելոքն էր համարում։ Ինչո՞ւ չկարողացավ հասկանալ, որ այդ սև ամբոխը նույնպես մարդկություն է։
Իր ագահության, քարասրտության, եսամոլության պատկերների մեջ առանձին ուժգնությամբ նրա հիշողության մեջ ծառացավ մեկը։ Ինչո՞ւ այդ մեկը, նա ինքն էլ չգիտեր։
Նա ուներ մի գործակատար Մնացական անունով, որ երկար տարիներ ծառայել էր նրան, անշեղ հավատարմությամբ և իհարկե չէր վարձատրվել արդար չափով:
Հիշեց նրա կերպարանքը: Միջին տարիքի մարդ էր, բարձրահասակ, բայց թուլակազմ, նիհար։ Նա կորացած ուռենու տպավորություն էր գործում իր ոսկրոտ մարմնով, երկայն, հնամաշ, աշնանային տերևի գույն ունեցող չուխայի մեջ։ Կորամեջք էր, կոկորդի ոսկորը դուրս ցցված, երեսը չեչոտ էր և մի աչքը կույր, երևի ծաղկից:
Մի որ Մնացականը մտավ նրա գրասենյակը, սովորականից ավելի կոր մեջքով և գդակը ձեռքերի մեջ տրորելով, երկչոտ քայլերով մոտեցավ գրասեղանին:
Տե՜ր, ասաց նա, ես մի որդի ունեմ, գիմնազիոնի աշակերտ է։ Նա իմ միակ ապավենն է: Հիվանդ է, կրծքի ցավ ունի: Բժիշկներն ասում են, եթե ես նրան այս ձմեռ մի տաք երկիր չուղարկեմ» կարող Է...
Մարդը չկարողացավ իր խոսքն ավարտել, նրա ձայնը խեգդվեց կոկորդում։
Նա եկել էր իր աներոջից մի գումար խնդրելու, ոչ իբրև ողորմություն, այլ պարտք իր ամսականից մաս-մաս վճարելու պայմանով։
«Ես մերժեցի նրան, ասաց իր մտքում Աեֆերյանը, ես չամաչեցի մերժել, որովհետև տրամադրությունը տեղը չէր»:
Մարդը ոչինչ չասաց, լուռ նայեց տիրոջ երեսին, և այդ պահին (օօ՜, այդ է, որ այսօր տանջում է Սեֆերյանին) նրա միակ աչքից դուրս ընկան արցունքի երկու խոշոր կաթիլներ և, իջնելով վար, կանգ առան նրա ծաղկատար այտի վրա։
Անցան շաբաթներ, թե, ամիսներ (լավ չի հիշում Սեֆերյանը): Մի օր նա շատ ուրախ տրամադրության մեջ էր: Նրա նոր հանքերի շրջանում շատրվան էր բացվել, որ խոստանում էր նոր հարստություն։ Այդ պահերին նա սովորաբար կատակներ էր անում ամենքի, նույնիսկ իր ստորադրյալների հետ։ Ուզում էր, որ ամենքն ուրախանան, չէ՞ որ հարուստները չեն սիրում տխուր միջավայր: Նա չզրկեց և Մնացականին իր բարեհաճ ուշադրությունից: Հիշում է նա այսօր բուռ առ բուռ այն խոսքերը, որ ասաց մարդուն.
Է՜յ, ցի՛կլոպ, բավական է, որքան տեսար աշխարհի մի երեսը, այժմ նայիր մյուս կողմը։
Շու՛րջը լսող գործակատաքրներն ու ծառաները հըռհըռ ծիծաղեցին իրենց տիրոջը հաճոյանալու համար, և տերը, կարծեց, որ իր կատակը մի մեծ սրախոսություն է։
Մնացականը ոչինչ չասաց, Սեֆերյանը զգաց, որ նա վիրավորվեց։ Նա վախեցավ, որովհետև մարդն, իր մի աչքով նայեց նրան, այնպիսի ատելությամբ, որ, կարծես, պատրաստ էր կատակին պատասխանել մի սուր հայհոյանքով: Նա շտապեց իր սխալն ուղղել և ասաց.
Ա՜հ, միտս ընկավ, կարծեմ դու մի որդի ունեիր հիվանդ, ինչպե՞ս է այժմ։
Մարդը նորեն նայեց նրա երեսին, ավելի սուր ատելությամբ և պատասխանեց.
Նա մեռավ:
Ապա, բռունցքները սեղմելով իր կատաղությունը զսպելու համար՝ ավելացրեց.
Դու չկամեցար նրան ազատել. դու մարդասպան ես…
Ասաց և հեռացավ առանց ետ նայելու, հետևյալ օրը նա արձակվեց իր պաշտոնից։ «Մարդասպան, մարդասպան», կրկնեց նա իր մտքում մի քանի անգամ,- ո՞վ գիտե քանի՜ քանիսին եմ մահ պատճառել անգիտակցաբար:
«Բայց ինչո՞ւ անգիտակցաբար», ավելացրեց նա իսկույն, չէ՞ որ ես ինձ խելոք մարդ էի համարում:
Եվ նա առաջին անգամ իր կյանքում սկսեց կասկածել իր խելքի մասին: Նա խոստովանեց ինքն իրեն, որ դրամ շահելու համար մեծ խելքի պետք չկա, և հիշեց մի քանի տասնյակ բթամիտներ, որ իր չափ հարուստ էին. «Այո՛, այո՛, եթե ես խելոք լինեի, կգուշակեի «այսօրվա օրը»:
Եվ շարունակեց խորհել միշտ գլուխը բռնած ձեռքերի մեջ: Մի անգամ սկսելով իր բարոյական աշխարհի վերլուծումը՝ այլևս պահանջ էր զգում ավելի ու ավելի առաջ երթալ, մղված ինչ-որ անդիմադրելի զորությունից: Ծանր էր իր համար բերել իր ախտերը, բայց և մղիչ: Ճահճի մեջ ընկած ճամփորդի պես նա քանի առաջանում էր, այնքան ավելի էր խորասուզվում տիղմի մեջ: Այո՛, տիղմ էր նրա բարոյական անցյալը, որքան պարսավելի ներկայացնում ինքն իրեն, այնքան ավելի էր հաշտվում իր այժմյան կացության հետ: Այն ժամանակ, երբ կատարվածը համարում էր «անիրավություն» և իր բախտակիցների հետ միաձայն անիծում էր ու շարունակ անիծում «նրանց», այդ ժամանակ նա տանջվում էր անհունապես: Այժմ զգում էր, որ այդ անիրավության մեջ կա ինչ-որ արդարություն, ինչ-որ արժանի հատուցում։ Եվ նա, որ մինչև փորձանքը այնքան համարձակ, այնքան անվերապահ հերքել էր նախախնամության գոյությունը, այժմ հարցնում էր իրեն, արդյոք մոլորված չի՞ եղել, արդյոք այդ չի եղել այժմյան իր կացության պատճառների պատճառը։ նա կարող էր իր հոգու խորքում չհավատալ գերբնականի գոյությանը, քի՞չ կան մարդիկ, որ նույնպես չեն հավատում, բայց ինչո՞ւ էր այնքան հանդգնաբար ծաղրում հավատացողներին, ինչո՞ւ էր անարգում անբացատրելին: Ա՜հ, ուզում էր ցույց տալ մարդկանց, թե ավելի գիտե, քան իր շրջապատողները։
Եվ նա սկսեց ամաչել իր անցյալ ինքնահավանությունից, իր ամբարտավանությունից։
Նա այնքան էր խորասուզված իր մտքերի մեջ, որ չնկատեց իր հայրենակիցներից երկուսի գալը։ Ներս մտան այդ մարդիկ ծանր քայլերով, ինչպես թաղման հուղարկավորներ և, առանց բարևելու, լուռ նստեցին նրա մոտ աջ ու ձախ։
Այդ մարդիկ վաղուց էին միմյանց ձանձրացրել և վաղուց կկամենային փախչել իրարուց, բայց և այնպես, ամեն առավոտ, քնից զարթնելով, պահանջ էին զգում միևնույն ժամադեպին գնալու։ Էհ, ո՜վ գիտե, գուցե որևէ մեկը «այնտեղից» լուր ունե, միևնույնն է ուրախ, թե տխուր լուր։ Նրանց զրույցների նյութերն արդեն սպառվել էին, և իրարու հանդիպելիս չգիտեին ինչով սկսել և ինչով վերջացնել տեսակցությունը։ Երբեմն աշխատում էին զվարճանալ անեկդոտներով, բայց դրանք էլ սպառվել էին և հաճախ միևնույն անեկդոտը կրկնվում էր տասներորդ անգամ։ Նույնիսկ ամենօրյա անեծքները չորացել էին նրանց շրթունքների վրա և այլևս չէին թեթևացնում նրանց մաղձը։
Ամենքը հավասար կացության մեջ էին։ Մի կերպ քաշքշում էին իրենց ողորմելի գոյությունը, վաճառելով վերջին ունեցածը։ Կեղծում էին ու ստում՝ իրենց միջոցները թաքցնելու համար և ողբում էին, շարունակ ողբում իրենց ճակատագիրը։ Բայց ոչ մեկը չէր կարող մյուսին խաբել։ Իրարու հոգեբանությունը ուսումնասիրել էին ինչպես միևնույն դասարանի աշակերտներ կամ միևնույն խմբի դերասաններ։
Ահա ինչու նորեկները, մի հայացք ձգելով Սեֆերյանի վրա, իսկույն դեմքերի շարժումով իրարու հասկացրին, որ մարդը իր սովորական տրամադրության մեջ չէ։ Լռությունը տևեց բավական երկար Ժամանակ՝ մինչև որ նորեկները դատարկեցին իրենց սովորական բաժակը սուրճի։
Դե՜հ, ասաց վերջապես մեկը երկուսից, այժմ ասա՛, տեսնենք ի՞նչ նոր կարիճ է խայթել քեզ, Սիմոն, ինչո՞ւ այդպես այլայլված ես։
Սեֆերյանը ոչինչ չպատասխանեց։ Արթնանալով մտքերից, նայեց աջ ու ձախ իր բախտակիցներին և գգաց մի անսովոր ատելություն դեպի այդ մարդիկ։ Այժմ նրանք նույնն էին իր աչքում, ինչ որ ինքը, ավելի կամ պակաս ոճրագործներ, այո՛, կատարյալ ոճրագործներ, վասնզի իր համար ուրիշ անուն չէր գտնում։
Մի պահ նա պահանջ զգաց բարկանալու նրանց իր հոգին, արտահայտելու իր խոհերը, բայց զսպեց իրեն։ Զսպեց ամոթից: Չէ՞ որ այդ մարդիկ, լավ են ճանաչում նրան, գիտեն, թե որքան է հպարտացել իր խելքով, իր իմասաությամբ: Ի՜նչ կասեն, եթե նա այժմ վեր կենա և հանկարծ խոստովանե, թե իր բոլոր սկզբունքները խախուտ են եղել, թե չարաչար մոլովել է հերքելով նախախնամության գոյությունը, մարդասիրության զգացումը, տկարի իրավունքը և զորավորի պատասխանատվությունը։ Ինչ էլ ասելու լինեն՝ համենայն դեպս չպետք է հավատան նրա անկեղծությանը և պիտի ծաղրեն։ Բայց ի՞նչ անել։ Շարունակե՞լ ամենօրյա կեղծիքը, կատակերգությունը, սնոտի հույսերը գալիք «փոփողությունների» մասին և անիծել, շարունակ, անիծել։ Օ՜հ, ոչ, բավական է, որքան կրճտեց ատամներն անզորությունից: Կա այժմ մի բան, որի վրա պիտի հենվել ճշմարտությունը:
Այլևս չմնաց ուժ ո՛չ խաբելու և ո՛չ խաբվելու։
Ձգելով սեղանի վրա իր վճարելիքը, արագությամբ ոտքի ելավ։
Դու շտապո՞ւմ ես, բայց ո՞ւր, հարցրին նրա բախտակիցները միաժամանակ։
Չգիտեմ ուր, մնացեք բարով:
Ասաց և շտապով դուրս եկավ սրճարանից:
Սեղանակիցները նայեցին իրարու:
Այդ մարդը կարծես խելագարվում է, տեսա՞ր աչքերը ինչպես ծռեց մեզ վրա, ասաց մեկը երկուսից։
Այս՛, նկատեցի, զարմանալի չէ այդ դրության մեջ խելագարվելը, արտասանեց մյուսը անտարբեր:
Այդ օրից Սիմոն Սեֆերյանը այլևս չէր երևում ո՛չ մի տեղ։ Մեկը նրա մոտիկ բարեկամներից այցելեց նրան իր բնակարանում մի երեկո և հետևյալ օրը սրճարանում ասաց.
Սիմոնը մի գործարան է մտել իբրև հասարակ բանվոր: