Alexander Shirvanzadeh

Կես ֆունտ տկողին

Հանուն ասիական անդորրության, անշարժության և թմրության ես բողոքում եմ Թիֆլիսում տիրող այժմյան կենդանության դեմ։ Այս ի՞նչ է, ջանըմ, այդքան ընտրություններ կլինի՞ն։ Ո՛ր կողմ նայում ես՝ քվեատուփեր են շարված, որ կողմ նայում ես, մարդիկ միմյանց սևացնում են կամ ճերմակացնում։ Բանն այնտեղ է հասել, որ ամբողջ քաղաքի բնակիչները այժմ երկու գույն են ներկայացնում սև և սպիտակ։

Անցյալ օրը մտա մի պարսիկի խանութ մի ֆունտ տկողին (ֆնդըղ) առնելու։ Խանութպանը հպարտ-հպարտ պատասխանեց ինձ, թե ֆնդղի թանկություն է տիրում։ Երկու շաբաթ առաջ քաղաքային վարչությունը գնել է բազարում եղած ֆնդղի պաշարը և ներկել տվել քաղաքային իրավասուների ընտրությունների համար։


Ես ներկա էի այդ ընտրություններին։ Հանդիսարանն արքունական թատրոնն էր։ Բեմի վրա շարեշար դրված էին ֆնդըղով լի տոպրակները։ Թատրոնը ծայրե ի ծայր լիքն էր։ Երբեք ես չէի կարող երևակայել, թե ֆնդըղը՝ այս համեղ միրգը՝ կարող է այնքան սարսափ ազդել մարդկանց վրա, որքան այդ օրը, մայիսի 14-ին։ Հարյուր յոթանասունևչորս հոգի իշխաններ, խմբագիրներ, իրավաբաններ, բանկիրներ, բժիշկներ, ինժեներներ, գնդապետներ, փոխ-գնդապետներ և այլն, և այլն, իրանց աչքերը տնկել էին տոպրակների վրա։

Կարծես դրանք թնդանոթներ լինեին։ Երբ ժողովը բացված համարվեց, նույն միջոցին տոպրակների բերաններն էլ բացվեցին և ֆնդըղները դուրս թափվեցին վայրերի խուժանի պես։ Պետք է տեսնեիք այդ տեսարանը, որպեսզի համոզվեիք, թե մարդիկ ինչ ողորմելի, ինչ չնչին, ինչ խղճալի էակներ են, թե որքան նրանք վատ գաղափար ունեն պատիվ, հարգանք և ինքնասիրություն ասված բաների մասին, կարծելով, թե պատիվը, հարգանքը և ինքնասիրությունը կախված են ֆնդըղից։


Ես նստած էի մի խմբագրի մոտ, որ շաբաթը երեք անգամ մեծ-մեծ առաջնորդողներ է տպում իր ընթերցողներին համոզելու համար, թե մարդկանց արժանապատվությունը որոշվում է «ոչ թե ձայների քանակությամբ, այլ որակով»։ Եվ այդ տաղանդավոր «թամադան» ձայների քանակությունից այնքան վախեցած էր այդ օրը, այնպես նա դեղնած էր, սփրթնած, որ կարծես թե խոլերա էր ընկել։

Բարեկամ, ինչու՞ ես դողում։ Աղոթեցեք ինձ համար, աղոթեցեք, պատասխանեց ողորմելին, կես ֆունտ, միայն կես ֆունտ տկողին և իմ պատիվը փրկված կլինի։

Երկու ժամ անցած՝ ես նորից տեսա ազգային կլոունին։ Նա միանգամայն փոխվել էր, զվարթացել։

Բանից երևաց, որ նրա քվետուփի սպիտակ տոպրակի մեջ սև տոպրակից 85 տկողին ավելի է երևացել։


Այսպես են սուտ ճգնավորները, փարիսեցիներն ու մաքսանենգները։ Բերանացի և գրչով նրանք քարոզում են «սեր» ազգերի փոխադարձ համերաշխություն», գոռում են, թե ոչինչ նշանակություն չեն տալիս «ձայների մեծամասնությանն։ Բայց գործո՞վ, о՜о, գործով ինչեր ասեք, որ չեն անում։


Բայց, ներողություն, ես շեղվեցի ֆելիետոնական եղանակից։ Ֆելիետոնիստը պետք է ծիծաղի և ոչ թե բարկանա։ Ուրեմն ծիծաղենք, եթե կարող ենք։ Բայց ու՞մ վրա, և ինչի՞ վրա։ Մի՞թե հիշելով այն կոմեդիան, որ տրվեց մայիսի 26-ին արքունական թատրոնում։ Այո՛, դա մի փառավոր կոմեդիա էր, որի նմանը թատրոնի բեմը մինչև այդ օրը չէր տեսել: Գլխավոր դերակատարները աննման էին իրենց դերերում, Իզմայիլի զավակը իր ամպլուային լիովին համապատասխան դեր ուներ։ Բացի լավ դերասան լինելուց, նա և սցենարիուս էր և ռեժիսոր և հուշարար։ Այնինչ ռեզոների դեր կատարող նիկոլաձեն բավական փչացրեց իր դերը։ Առաջինը՝ նա անգիր չէր արել իր դերը, ուստի ստեպ-ստեպ կմկմում էր: Երկրորդ՝ լավ չէր հասկացել իր ներկայացրած տիպը։ Մոռանալով, որ կոմեդիայումն է խաղում, նա միանգամայն տրագիկական դրության մեջ էր... Բայց ես այդ ներկայացումը մտադիր չեմ նկարագրելու, այսօր մայիսի 30-ին կոմեդիան նորից կրկնվում է։ Ուստի մանրամասն ռեցենզիան թողեք հետաձգեմ մինչև եկող կիրակի։


Ներսիսյան դպրոցի համար նոր հոգաբարձուներ ընտրելու հրամանը սառը ջուր մաղեց մեր ազգային խեղկատակների վրա։ Ոչ ոք չէր կարծում, թե «Արծվի դատաստանը» այդպես շուտ պետք է հասնի։ Մայիսի 23-ի ընտրությունները մի-մի հարված էին խավարամիտների գլխին։ Այդ օրը ես շրջում էի Թիֆլիսի եկեղեցիները, որ տեսնեմ ով ում է ջարդում։ Այս անգամ էլ աղբակույտների սողունները ոտնատակ եղան, բայց ոչ բոլորովին։ Մի քանիսը, որ ավելի ճարպիկ էին, դուրս սահեցին ջարդող ոտների տակից և ազատվեցին մազապուրծ։ Բայց անդ եղավ «լալ և կրճտել ատամանց», երբ հայտնվեց մի քանի եկեղեցիների ընտրությանց հետևանքը։

Տիրացու Կոստոն, հանուն յուր դրոշակի փրկության, քշել, բերել էր եկեղեցու պատերազմի դաշտը, ամբողջ իր պահեստի զորքը։ Երևան էին եկել արխիվ դրված գեներալներ, գնդապետներ, պաշտոնաթող ինտենդանտներ, սպիրտում պահած հին «պամեշչիկներ»։ Առավոտից սկսած նրանք մաքրել էին իրանց թրերի ժանգը, սրբել էին իրանց էպոլետները և եկել կռվելու։ Բայց տիրացու Կոստոյի զորքը ջարդվեց։ Երեք զորապետներից երկուսը ընկան պատերազմի դաշտում։ Նրանց դիակները արյունալից դաշտից հեռացնելու համար կառք էր ուղարկել մի բանկիր։ Եվ ես տեսա այդ խեղճերի դեմքը գունատ, արյունաքամ և խղճալի...


Կկամենայի ֆելիետոնս սրանով վերջացած համարեք, բայց երկու խոսք ևս։ Խոստովանում եմ, որ այս անգամ ինձ չհաջողվեց ծիծաղել, ինչպես վայել է ֆելիետոնիստին։ Բայց այդ ինձանից չէր կախված, կան հարցեր, որոնք այնքան լուրջ են, որ որքան կամենաս նրանց մասին կատակով խոսել՝ չես կարող։ Վերջապես, ես ինչպե՞ս ծիծաղեմ, քանի որ մայիսի 23-ի պատերազմին ընկած դիակները դեռ չեն հեռացված դաշտից։ Ասում են նրանց թաղման հանդեսը պետք է կատարվի երկուշաբթի, մայիսի 31-ին։ Ես ներկա կլինեմ այդ թաղմանը ֆրակով և սև փողկապով...

Be the first who will comment on this
Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Village Yard
Village Yard
Play Online