• Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի։
  • Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա։
  • Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա։
  • Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից։
  • Տես արծւենի ազգերում
    Հայն էլ ազգ է արծւօրէն
    Ուստրս, դու որ չճախրես
    Էլ ո՞վ ճախրի հայերէն։
  • Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
    Էլ ինչո՞վ ես յոյսը բերդիս,-
    Էլ Հայրենիք ինչո՞ւ եկար,
    Թէ պիտ խօսես օտար լեզուով,
    Խմես հայոց գինին նեկտար,
    ...Կենաց կանչես օտար լեզուով,
    Քաղես հայոց վարդերն ու հեզ
    Աղջիկ կանչես օտար լեզուով։
  • Մարդը մարդու ցավը միշտ էլ կհասկանա, եթե չխանգարեն, եթե թողնեն։
  • Ամենահասարակ թվացող բառն էլ հրաշք է, եթե տեղին գործածես։ …Բառը՝ ամեն ուզածդ բառը, իր տեղը գործածող բանաստեղծին ժողովուրդը այժմ էլ վարպետ է կոչում։
  • Մեր լեզուն մեր ազգի բոլոր գրողների բառապաշարի միասնությունն է։ Ամեն մի մեծ գրող մի հորդառատ գետի է նման, և բոլորը միասին, տարբեր լեռնաբարձունքներից գալով, ստեղծում են ծով-մայրենին։
  • Ինչպես որ ընտանիքից է ակունք առնում հայրենիքը, այդպես էլ ազգից, ազգայինից է սկսվում համամարդկայինը։
  • Ավելի քան իմ գրական 45 տարվա մեջ հյուսածս ծիածանի մեկ կամ երկու գույնն են միայն «տեսել» և ասել։ Մասնավորապես, քննադատները չեն խորանում մյուս գույներիս մեջ։
  • Միակ արդարության ոսկե կշեռքը ժողովուրդն է։ Քննադատը մի անցք է, ժողովուրդը վիթխարի մաղ, երկնամաղ։ ...Ժողովրդի մտքի «անմշակ» հանճարն է, որ երբեք չի սխալվում։
  • Ինչպես կաղնի ծառն սկսվում է հողից, այնպես էլ պոեզիան սկսվում է հայրենի խրճիթից։
  • Բանաստեղծությանս մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն է, ազգի մշտատևության մեծ խորհուրդը։ Սրանց ավելացրած համամարդկային չմեռնող զգացմունքները։
  • Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա, -
    Փշրեցիր ու չես կարող էլ կպցնել,
    Եվ այն օրից, ավա՜ղ, էլ չի կարող նա
    Համբույրներիդ գինին սրտանց վերցնել։
  • Ամեն մի ապրող բանաստեղծություն այս կամ այն զգացմունքի ալեկոծումից ծնված բախմունք է, հետևապես վիշտ է կամ տվայտանք, կարոտ է կամ կարոտի հառաչանք, երազների փլուզում է կամ թե անհաս երազանք, բախտի կամ սիրո որոնմունք։ Ամեն մի զուտ, ճշմարիտ պոեզիա ավելի վշտածին է, քան ծափածին, հույսից է ծնվում, քան առավելյալ լույսից, ըղձանքից, քան գովքից, մարգարեությունից, քան կատարվածից։
  • Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր ըղձանքների անսահման դաշտերում էլ...
  • Ինչպես որ անթարգմանելի է սոխակի երգը... այնպես էլ անբացատրելի է բանաստեղծությունը։
  • Իսկական բանաստեղծի գլուխը սրտի մեջ է։ Սրտի գործն է սրտերը մտնում։
  • Բանաստեղծությունը ծաղիկն է, որը իր մեջ է թաքցնում արմատը՝ միտքը։
  • Բանաստեղծությունը..., իմ կարծիքով, պետք է լինի ինչքան պարզ, այնքան խոր, ինչքան խոր, այնքան պարզ։ ...Բանաստեղծության երաժշտականությունը ինքնին արդեն բանաստեղծության թագուհին է։