• Եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող Եհովան, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկաս, և կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել։» Ես նրան կպատասխանեի, առանց վարանելու.
«Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի»։
  • Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը։
  • Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև էր
  • -Իսկ ու՞մ է պետք քո այդ նկարչությունը. մեզ նկարիչներից ավելի ներկարարներ են հարկավոր,- ասաց Բիչկոն կտրուկ ու գործնական,- ժամանակները ծանր են, պետք է հարմարվել...
  • -Մարդիկ այն չեն, ինչ երևում են,- ասաց նա,- մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ... Ուրիշ բան են մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության՝ գործում... Մարդու մեջ դրել են ինչ-որ չար զսպանակներ, լարում են նրան ուզած ձևով ու բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի...
  • Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...
  • -...Հիվանդ արդարության կենացը խմենք, ծանր է նրա վիճակը, բայց նա չի մեռնի։ Երբ հիվանդ է արդարությունը, մարդիկ խեղճանում են, մանրանում, դառնում երկերեսանի, չար, եսամոլ, ստորաքարշ։ Նրանք քծնում են, լիզում իրենց ոտնակոխող սապոգները, ասում են խոսքեր, որոնք իրենցը չեն, կատարում են գործեր, որոնց հետ համաձայն չեն, բայց կատարում են, որովհետև արդարությունը հիվանդ է, չի կարող նրանց կարգի բերել։
  • -...Հին է ու միշտ նոր չարի ու բարու կռիվը, և միշտ բարին է հաղթանակել։
  • ....Այրում են նրանց գրքերը, ովքեր նետված են բանտեր։ Խարու՛յկ։ Խարու՛յկ, խարու՛յկ։ Փակեցեք ձեր աչքերն ու ականջները, մարդիկ, միջնադարը վերադարձել է...
  • Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով իր պրոֆեսորի ճակատին և ասել. -Քանի մենք կանք, պատմությունը չի լինի, իսկ երբ պատմությունը կլինի, մենք չենք լինի։
  • ...Ինձ ասել են, թե ես ուզալ ըմ Ղարաբաղը պոկեմ Ադրբեջանից ու Հայաստանին կցեմ։ Այ քե մատաղ, ես հի՞նչ կտրող-կցո՜ղ եմ։ Հի՞նչը կտրեմ, հինչի՞ն կցեմ։ Բա սա ասելու բա՞ն ա... Բա սրա համար մարդու կհանեն տնից, հողից, աշխատանքից ու սիբիրնե՞ր կքշեն, այ քե մատաղ... էն քորփեն հինչ ա, նա էլ գիտի, որ Ղարաբաղը, է՜է՜է՜, աթադան-բաբադան Հայաստան է եղել ու Հայաստան էլ կա...
  • Քամին սուլում էր բարձր ցանկապատի ու խիտ փշալարերի միջով, ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև էր։
  • Բառախաղ չէ ժամանակակից, ապրող մի իմաստունի այն ասույթը, ըստ որի՝ սերը սիրով կարելի է պահպանել, սուրը՝ սրով, իսկ սուտը՝ ստով։ Իհարկե, եթե ես իրավունք ունենայի բարձրանալու պահակային աշտարակը, ես այդ բարձրությունից կթքեի հիշյալ իմաստունի վրա, բայց դա կապված է տեխնիկական անհաղթահարելի դժվարության հետ։ Ես չեմ կարող աշխատանքի բարձրությունից թքել ինքս ինձ վրա։
  • ....Ես գիտեի, որ սերը փոքրատառ մարդուն դարձնում է մեծատառ, բայց այսքա՞ն մեծատառ։ Ճիշտ, ճիշտ ես այդ չէի սպասում։ Ես այդ չէի սպասում։
  • ....Աքաղաղներն անգամ գիտեն, որ լուսաբացը հեռու չէ։ Իսկ ես մարդ տեղովս հուսահատվել եմ։
    • Ո՛չ, ժողովրդականություն չի վայելում թուրքական սեֆերբերլիքը, որը թարգմանի՝ զորահավաք: Ժողովրդականություն չե՛ն վայելում նրանց քայլերգերը: Եղբա՛յր, վանեցին չի ուզում կռվել: Վանեցին ոսկերչություն անի, վանեցին արհեստներ և առևտուր ծաղկեցնի, վանեցին «Արցունքի հովիտ» բեմադրի, ախպորս ասեմ՝ ժրաջան մրջյունի նման աշխատի՛, կյա՛նք ստեղծի, վանեցին չի ուզում կռվել: Եվ որո՞ւ դեմ: Իսկ ռուսական բանակի մեջ հայ զինվորներ կան, նրանք ոչ միայն չեն փախչում բանակից, այլև կամավոր են գնում: Որեմն՝ հայի դե՞մ պիտի կռվի: Չի՛ կռվի: Դատարկ խոսքեր են: Եվ ոչ թե որովհետև վանեցին վախկոտ է, ո՛չ, ի՞նչ վախ, աննպատակ, անմիտ, խենթ կռիվ է: Իսկ վանեցին խենթ չէ…
    • Ունայնություն ունայնությանց և խաբեություն խաբեությանց: Պարզվեց, որ գոյություն չունի ո՛չ քաղաքակիրթ Եվրոպա, ո՛չ փոքր ազգերի իրավունք և արդարություն մանավանդ: Խաբեցին մեզ,- մտածում է Արամը, հետո անդրադառնում – ո՞վ խաբեց մեզ, մենք մեզ խաբեցինք:
    • Չկա ազատություն առանց արյան, գրեցին նրանք իրենց դրոշակին, իսկ երբ նրանց հարցրին, իսկ կա՞ արյուն առանց ազատության, նրանք չպատասխանեցին, բայց պատասխանը որոշ էր, ինչքա՜ն ուզես…
    Եվ եղավ արյուն ու չեղավ ազատություն: Չթերագնահատենք մեր գործը, ազատություն եղավ, ազատություն՝ երևակայության, կամայականության, փառասիրության: Երևակայիր որքան ուժ ունես:
    • Ի՞նչ է կյանքը, գործչի կյանքը: Նա հիշեց տասնյակ դեմքեր և անուններ, որոնց հետ նստել էր ու կանգնել, սուրճ խմել…Նրանք հիմա չկան: Ինչպես ընդունված է ասել, նրանք ընկան ազատության ճանապարհին և իրենց արյունով և այլն, և այլն, և այլն: Ազատության ճանապարհը չի փակվել, բա՜ց է ազատության ճանապարհը, նա նոր զոհեր է պահանջում: Եվ ահա հերթը հասել է իրենց: Ի՜նչ զարմանալի, ի՜նչ սարսափելի բան: Մեռնել և չիմանալ, թե ինչպես վերջացավ այն գործը, որին դու տվիր քո… կյանքը: Մեռնել և դառնալ հոդվածի վերնագիր, դառնալ նկար՝ կախվել սենյակների պատերից:Լավ հեռանկար է, խոսք չկա:
    • Առաջ կար մի սուլթան Համիդ և հայությունը, մեծ-փոքր, նրան էր հայհոյում: Համիդին թաղթից գլորեցին, հիմա ո՞ւմ հայհոյես, այնքան շատ են համիդները:
    • Կա՞ աշխարհի վրա մի երկիր, մի ազգություն, որ մեկ, միայն մե՛կ կուսակցություն ունենա և մե՛կ սրտով, մե՛կ հոգով և մե՛կ վճռով լուծի ազգային բոլոր խնդիրները, և չի՞ լինի, որ Վանում նույնպես մեկ կուսակցություն լինի երեքի փոխարեն և այդ մեկ կուսակցությունը ժողովրդին առաջնորդի դեպի երջանիկ ապագա: Տրամաբանական հա՛րց:
    • Կռվեցե՛ք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ: Նրանք, որոնք ընկան, ազատվեցին ամեն պատասխանատվությունից: Իսկ նրանք, որոնք կենդանի մնացին, հրամեցեք, պատասխան պիտի տան և՛ մեռածների համար, և՛ իրենց: Ավելի լավ չէ՞ր մեռնել և սրբանալ, քան ապրել և…
    • Այս Մհերը հայ ժողովրդի առասպելական դյուցազներից է. նա իրեն արգելափակել է այս ժայռերում և երդվել է աշխարհ դուրս չգալ, մինչև աշխարհի երեսից չվերանան բռնությունն ու անարդարությունը: Որքան ես հասկանոմ եմ այս երկրի գործերից, այս Մհեր կոչված ազնիվ ջենտլմենը երկար, շատ երկար պիտի սպասի իր քարակուռ բանտում…
    • Այս ի՞նչ համերգ է: Բեմ է մտնում երկարահասակ, գունատ դեմքով, սքեմավոր մի անձնավորություն, դատարկ ձեռքով: Ասես հոգնած ու ձանձրացած, նա նստում է մի բարձրության վրա և ծոցի գրպանից հանում մի անծանոթ, երկարավուն գործիք: Այս ի՞նչ գործիք է, դա էլ հայտնի չէ փարիզեցուն: Ի՞նչ է անելու այս տարօրինակ վարդապետը: Նա գործիքի սուր ծայրը դնում է շրթունքներին և մեղրամոմե բարակ մատները շարժում: Դահլիճը խլրտում է, ծփում ու օրորվում հայ երգի անխոսք հնչյուններից: Այդ հնչյունները… նրանք մերթ գահավիժում են անդնդախոր, մերթ մագլցում երկնամերձ լեռներն ի վեր, հետո իջնում ու թավալվոմ հովտե հովիտ ու դաշտից դաշտ ու արտից արտ: «Հո՜լ արա, եզո ջան»:- Դահլիճում սավառնում է դարավոր, բայց միշտ նոր մի ժողովրդի հոգու և ոգու պատմերգությունը, երազներն ու սերերը, մարտնչող թախիծը, խոնարհ հպարտությունը…