Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս։ Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին։
Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. ահա գաղափարականը, որ զիս կոգևորե և կկանգնե. արդ միայն իրմով կապրիմ, իրմով եմ հաղթական...
Իսկ բաղձանքս, - եթե կուզեք, - բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա։
Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց։ Մենք այնքան մեծ ենք, որքան որ հողեն կխմենք մեր զգացումները։ Ամեն ինչ հոդ է։ Դեպի մեր պապերուն։
Ըստ ինձ և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային...
...Արվեստի գործ մը հեղինակին սրտեն փրթած փերթ մըն է՝ թարմ, արյունով և կյանքով դեռ բաբախուն...
Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ նույն բանն է. երկուքն ալ կը բաժնվին և կ'անմահանան ուրիշ էակներու մեջ - մին կ'ապրի տասնի մեջ, իսկ մյուսը կ'ապրի միլիոններու մեջ։
Ըղեղներ կան, որոնք ադամանդներ են. առանց ուրիշե մը լույս ծծելու՝ լույս կ'արտաբերեն...։
Անոնք բանաստեղծներու ըղեղներն են։
Ըստ իս՝ գեղեցիկը դպրոց չունի. գեղեցկությունը բազմանկյուն հատվածակող մըն է. մեծ արվեստագետին հոգին վերեն ուղղահայաց նայող արևու պես այդ բյուրեղե հատվածակողմին ամեն անկյուններեն շողեր կ'արձակե։
Ժայռին զարնել քնարը, երբ ան մեծ չէ։
Ճշմարիտ բանաստեղծությունը մարտիրոսություն մ' է. ամեն բառի մեջ սրտի կաթիլ-կաթիլ արյունումն է ստեղծելը։
Եթե գրելը, ի վերջո, հիվանդություն չդառնար, շատ գրագետներ գրիչնին փշրած՝ պիտի երթային գինեպան ըլլային։
Իրապաշտությունը գեղեցկության հասնելու ամենեն ուղիղ գիծն է։