Վազգեն Զավենի Սարգսյան (մարտի 5, 1959, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, գրող, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար (1991-1992թթ․ և 1995-1999թթ․), Հայաստանի Հանրապետության վարչապետ (1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը)։ Իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը։

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ մեծ ազդեցություն ունեցող գործիչ։ 1996 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում սատարել է գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ արդեն 1998 թվականին Արցախյան հարցի վերաբերյալ հակասութուններ ունենալով վերջինի հետ, ստիպեց հրաժարական տալ և օգնել այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ։ Նա «Հանրապետական կուսակցության» հետ միավորվեց և դաշինք կնքեց Խորհրդային Հայաստանի նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ։ 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց։ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող՝ վերահսկելով երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը։

Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից։ Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին։ Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ։ Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր։

Չնայած տարբեր քննադատություններին՝ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս։ Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում։ Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։