Ծնվել է 1878 թվականի հունվարի 21-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896 թվականին որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։

Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ. Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս` սկսում է խմբագրել «Ժողովուրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կեդրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքը, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։

Հանդես է եկել մի շարք ծածկանուններով՝ Ա,,,; Ասպատակ; Ասուպ; Բ.Կ.Մ.; Բիկմալիոն; Գիսաստղ; Խորեն Որոտում; Հ.Գ.; Համշիրակ, Բ.; Հայր Վարդան; Հովհաննես-Կարապետ; Հովյան, Իսկուհի; Նշան Հարցական; Պում; Սկայորդի; Վ.; Վ.Թ.; Վ.Տ.; Վեթո (Վե-Թո) Տաթ.; Տիրանյան, Սուրեն; Տիրանյան, Վ.; Տիրանյան, Վահան։

Վախճանվել է Կահիրեի Հելիոպոլիս թաղամասում իր վարձած սենյակում (երբևէ ընտանիք չի կազմել ու տուն չի ունեցել)՝ 1945 թ. ապրիլի 4–ին, առավոտյան ժամը 4.30-ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։

Ստեղծագործական աշխատանք

1901 թ. Փարիզում հրատարակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հոգեր»։ Այնուհետև, նա հրատարակել է «Հրաշալի յարութիւն» (1914), «Կէս գիշերէն մինչև արշալոյս» (1919), «Սէր» (1933), «Հայերգութիւն» (1943) և «Տաղարան» (1944) ժողովածուները։

Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրօրինակ համադրություն է։

Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ՝ գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը։ Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակության մեջ տեղ գտած անարդարութունները։

Թեքեյանի երկերում քիչ չեն նաև հայ ժողովրդի պատմությունից և ավանդություներից քաղված զրույցների մշակումները։

Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաև համաշխարհային գրականության դեմքերի՝ Շեքսպիրի, Վիկտոր Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի և ուրիշների արժեքավոր գործերին։

Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենակարևոր մշակութային միությունը նրա անունով կոչելն էր։ Թեքեյան Մշակութային Միությունը հիմնադրվել է 1947 թ. Բեյրութում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայ մշակույթը։