Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ 1896-1898 թվականներին Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը, որն ավարտում է 1904 թվականին։

1906 թվականին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում` որպես սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում` որպես թարգմանիչ։ 1912-1919 թվականներին աշխատում է «Մշակի» խմբագրությունում թարգմանիչ և ոճաբան։ 1919 թվականին գրողը գալիս է Երևան։ 1919-1920 թվականներին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում։ 1922-1925 թվականներին եղել է ՀԽՍՀ լուսժողկոմատի պետական հրատարակչության գլխավոր խմբագիր և կոլեգիայի քարտուղար, 1927-1928 թվականներին՝ Հայ աշխատավորական գրողների միության նախագահի տեղակալ, 1930-1934 թվականներին՝ «Հայկինո»-ի գրական կոլսուլտանտ, 1950-1954 թվականներին՝ Հայաստանի խորհրդային գրողների միության քարտուղար։ Եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից տերմինաբանական հանձնաժողովի, «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական խորհրդի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհուրդների, Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և հանրագիտարանի գրականության գիտաճյուղային խմբագրության խորհրդի նախագահ։ Մասնակցել է Խաչատուր Աբովյանի, Ռափայել Պատկանյանի, Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակություններին։ 1929-1935 թվականներին ընտրվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։ 1962 թվականից եղել է ԽՍՀՄ լենինյան մրցանակաբաշխության պետական կոմիտեի անդամ, ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1965 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր գրականության, արվեստի և ճարտարապետության պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, մոլդավերեն, լիտվերեն, էստոներեն, քրդերեն, չեխերեն, լեհերեն, բուլղարերեն, ռումիներեն, սլովակերեն, հունգարերեն, շվեդերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, արաբերեն, չինարեն։

«Հայֆիլմ»-ը Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը 1968 թվականին, «Հեղկոմի նախագահը» պատմվածքի մոտիվներով՝ համանուն կինոնկարը 1977 թվականին։

Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին` «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը։

Վախճանվել է 1967 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Հայաստանի կոմկուսի կենտկոմի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1980 թվականի որոշմամբ սահմանվել էր Ստեփան Զորյանի անվան ամենամյա մրցանակ թարգմանության համար։ Այս մրցանակը տրվում էր ինչպես հայ թարգմանչին` ռուս, համամիութենական և համաշխարհային գրականություններից կատարած թարգմանությունների համար, այնպես էլ ռուս և համամիութենական մյուս հանրապետությունների թարգմանիչներին՝ հայ գրականությունից կատարած թարգմանությունների համար։