1879 թ. ավարտել է Կ. Պոլիսի Սկյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ. Պոլիսի վարժարաններում։ Գրական-հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին. 1898 թ. Գրիգոր Զոհրապի և Հրանտ Ասատուրի (ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ Եղիա Տեմիրճիպաշյանին, Ռեթեոս Պերպերյանին։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ. Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստվերներ»-ում (1921 թ.)։ Մեծ եղեռնից հետո էլ Սիպիլը չի կտրվել հասարակական կյանքից։ Նա ուշադիր հետևել և արձագանքել է Խորհրդային Հայաստանում գրական-մշակութային կյանքին։

Գրական շրջանակներին Սիպիլը հայտնի է դարձել 1880-ական թթ. վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրատարակված չափածո և արձակ գործերով։ 1891 թ. տպագրվել է նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, 1902 թ.՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ցոլքեր»-ը։ Սիպիլը երգել է սեր, հայրենիք, ընդհանրապես՝ մարդկային նուրբ զգացմունքներ։ Նա շարունակել է արևմտահայ ռոմանտիկական մտածողության հետ։ Այս հիման վրա էլ նրա ստեղծագործությունը գրականության պատմության մեջ բնութագրվել է որպես անցման շրջանի երևույթ։ Սիպիլի ստեղծագործությունների համար հատկանշական են քնարական ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունը, կանացիական նրբությունը, մշակված լեզուն։ Սիպիլը գրել է նաև մանկավարժական-մեթոդական հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի» (1879 թ.) դասագիրքը, որը Հ. Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և բազմիցս վերահրատարակել է «Թանգարան» ընթերցարանների հետ։