Կրթություն
1901-1905 թվականներին սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում։ Դպրոցական տարիներից զբաղվել է գրական գործունեությամբ։ Գիտության նկատմամբ սեր և հակումներ ունենալու շնորհիվ Պերպերյան վարժարանի տնօրեն, վաստակավոր ուսուցչապետ Ռեթեոս Պերպերյանի խորհրդով ու բարոյական օժանդակությամբ մեկնել է Շվեյցարիա՝ բժշկական կրթություն ստանալու։
1905-1911/1912 թթ. սովորել է Եվրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից մեկում՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Լավ տիրապետել է ֆրանսերենին։
Մի օր Լոզանի օրիորդաց վարժարանի մոտով անցնելիս պատահաբար տեսել է այդ վարժարանի սան, պրուսական զինվորական ազդեցիկ ընտանիքից սերած գերմանուհի Հելեն ֆոն Պրաամին (Յաննի Ապել) ու նրա գեղեցկությամբ հրապուրվել։ Յաննիի հետ Ռուբենին ծանոթացրել է վերջինիս ընկերը՝ եգիպտահայ Լևոն Ազնավուրյանը։ 1910 թ. Փարիզում / Լոզանում ամուսնացել է Յաննիի հետ։ 1911-1914 թթ. Լոզանի մի հիվանդանոցում և մի դարմանատանը օգնական բժիշկ է աշխատել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել։ 1912 թ. Լոզանում ծնվել է որդին՝ Լևոնը, իսկ 1914 թ. Կ. Պոլսում՝ դուստրը՝ Շամիրամը։ Ուսանողության շրջանից սկսած հետաքրքրվել է Հայրենիքի ազատության պայքարի գաղափարով։ Եղել է ՀՅԴ անդամ։
1908-1914 թթ. եղել են նրա ստեղծագործական բեղուն տարիները։ Նրա բանաստեղծությունները և մյուս գրությունները լույս են տեսել Կ. Պոլսի «Սուրհանդակ», «Ազդակ», «Շանթ», «Հայ գրականութիւն», «Ազատամարտ», Վենետիկի Մխիթարյանների «Գեղունի», «Բազմավեպ», ինչպես նաև այլ պարբերականներում։
1914 թ. կնոջ և որդու՝ Լևոնի հետ (1912-2005) վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում։ Այնտեղ ծնվել է դուստրը՝ Շամիրամը (ծն. 1914)։
1915 թ. դասախոսություններով հանդես է եկել Կ. Պոլսում՝ հայ բժիշկների կազմակերպած հիվանդապահության դասընթացում։ Երազել է Կ. Պոլսում բժշկական գիտահանրամատչելի պարբերական հիմնել։
Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, հանրամատչելի զրույցների, քնարական խորհրդածությունների, բանաստեղծությունների և այլ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ է։
Ռուբեն Սևակը և Հայոց Ցեղասպանությունը
Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում` ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։
1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ Չոպանյանի, Անդրանիկ Օզանյանի, Փարամազի և մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։
Եվ այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։
Մեջբերում 1908 թ. օգոստոսի 8-ին Ռուբեն Սևակի հրապարակային ելույթից.
Այնուհետև Ռուբեն Սևակը զգուշացնում էր. «Ներսի գաւառներու մէջ կոտորածի վախ կայ, կը լսէ՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ» ու պահանջում էր «մարդկօրէն կատղիլ», այսինքն` զինված ազատագրական պայքար մղել։
1915 թ., երբ արդեն սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել Մաքրիգյուղի (Մագրիքեոյ) զորամասում։
Մահը
Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։
1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։
Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Չանղըրըում բուժել է թուրք ավազակապետ (չեթեջի) Արաբաջի Իսմայի աղջկան։ Իսմայիլը նրան հորդորել էր իր աղջկա հետ ամուսնանալ ու իսլամություն ընդունելով փրկվել սպառնացող վտանգից, սակայն բժիշկը հրաժարվել է այդ խորհրդին հետևելուց։ Չանղըրըի չերքեզ փոխկառավարիչը, որ նրա բարեկամն էր, անզոր պատասխանել է, «Ես չեմ կրնար Պոլսէն եկած հրաման մը չգործադրել»։ Ռուբենին ազատելու համար Գերմանիայի արտգործնախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապել-Չիլինկիրյանը։ Բոլորն էլ՝ ապարդյուն։
1915 թ. օգոստոսի 12 (25)-ին հեռագրել է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ գտնվում է Այաշի բանտում։
1915 թվականի ապրիլի 24-ին ամուսնու աքսորից հետո կինը՝ Յաննի Ապել Սևակը մեկնում է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն՝ ամուսնուն ձերբակալելու հարցով։ Գերմանիայի դեսպանն այսպես է պատասխանում ամուսնուն փրկելու նրա խնդրանքին․
Սարսափած նման պատասխանից` Յաննին գերմանական անձնագիրը շպրտում է դեսպանի դեմքին.
Ամուսնու մահվան լուրը ստանալուց հետո Յաննի Ապել Սևակը երկու երեխաների հետ մեկնում է Ֆրանսիա։ Նա հրաժարվում է գերմանական քաղաքացիությունից և անգամ դադարում է գերմաներեն խոսել, իր երեխաներին հայկական կրթությանն է տալիս։
Յաննին մահանում է Նիցցայում 1967 թվականի դեկտեմբերի 28-ին։ Կտակի համաձայն` նրան թաղում են հայկական եկեղեցում՝ հայկական կարգով։
1915 թ. օգոստոսի 13 (25/26)-ին, դեպի Այաշ աքսորի ճանապարհին՝ Չանղըրը և Կալեջիկ (Գալայճըք) գյուղերի միջև, Չանղըրըից կառքով 6 ժամ հեռու գտնվող Թյունե (Թյունայ, Թյունեյ) կոչված վայրում, իր 4 բախտակից ընկերների հետ (այդ թվում՝ Դանիել Վարուժանը), թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով՝ 30 տարեկանում։ Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկը եղել է վերջին սպանվողը։
1915 թ. հոկտեմբերին կինը երեխաների հետ տեղափոխվել է Լոզան՝ հոր մոտ։ 1920 թ. ընտանիքով տեղափոխվել են Փարիզ։