Լևոն Վանիկի Խեչոյան (դեկտեմբերի 8, 1955, Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2014, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, ազատամարտիկ։

1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդան քաղաքում։ 1988 թվականից նրա ստեղծագործությունները սկսում են տպագրվել հանրապետական մամուլում։ Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը թարգմանվել է ռուսերեն։

Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։

Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915 թվականի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։