Ծնվել է 1967թ. հունիսի 24-ին, Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղում: Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985թ. «Ավանգարդ» թերթում։ Նույն թվականին նրա բանաստեղծությունները դպրոցականների հանրապետական օլիմպիադայում արժանացել են հաղթողի գովասանագրի։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 2001թ-ից Հայաստաանի Գրողների միության անդամ է:

Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մարդու որդիները», որ անկախության շարժումն ու արցախյան ազատամարտն է ամփոփում, տպագրել է 1996թ., երկրորդ գիրքը` «Լուսանցքի մարդիկ», որ ընկճված քաղաքն է պատերազմից հետո, տպագրել է 2003թ., բանաստեղծություների երրրոդ գիրքը` «Սևագրություններ» վերնագրով, տպագրել է 2004թ., որի համար 2005թ. արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2010թ. տպագրել է էսսեների և ակնարկների գիրքը` «Անիծվածները», որի համար Հայաստանի Գրողների միությունը շնորհել է «Միքայել Նալբանդյանի» անվան մրցանակ: Իսկ 2011թ. «Միայնակ շան լուսնահաչը» վիպակին շնորհվել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակը, որ տրվում է անտիպ գեղարվեստական արձակին: 2012թ. հանդես է եկել երկու գրքով` «Աստծու հետ խոսելու ժամանակը» (բանաստեղծական ժողովածու), «Միայնակ շան լուսնահաչը» (արձակ):